Ռուսական զորքերն Ուկրաինա են ներխուժել Ռուսաստանի և Բելառուսի տարածքից

Ուկրաինայի սահմանապահ ծառայությունը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով Ռուսաստանի և Բելառուսի տարածքից ռուսական զորքերի ներխուժման մասին:

«Սահմանապահ ստորաբաժանումների, սահմանապահ ջոկատների և անցակետերի վրա հարձակումները տեղի են ունենում հրետանու, ծանր տեխնիկայի և հրաձգային զենքի օգտագործմամբ»,- ասված է հաղորդագրությունում, փոխանցում է ԲԲՍ-ի ռուսական ծառայությունը։

Սահմանապահ ծառայությունը հայտնում է, որ հարձակումները տեղի են ունենում Լուգանսկի, Սումիի, Խարկովի, Չերնիգովի և Ժիտոմիրի սահմաններում, ինչպես նաև Ղրիմի տարածքից։

***

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 24-ին ռուսաստանցիներին ուղղված ուղերձում հայտարարել է, որ որոշում է կայացրել Դոնբասում հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին:

Փետրվարի 21-ի հատուկ տեսաուղերձում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունները ճանաչելու որոշման մասին։ Համապատասխան փաստաթղթերը ստորագրվել էին ուղերձից հետո։