Պատերազմ Ուկրաինայում․ Ռուսաստանը հարվածներ է հասցնում Կիևին, Խարկովին և այլ քաղաքներին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին՝ Ուկրաինայի ապառազմականացման նպատակով, ինչպես նաև պատժելու նրանց, ովքեր բազմաթիվ «արյունալի հանցագործություններ են կատարել խաղաղ բնակիչների դեմ», հաղորդում է «Բի-բի-սի»-ն:

Դոնբասի երկու ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը ճանաչելու պաշտոնական Մոսկվայի որոշումից մեկ օր անց Ռուսաստանի նախագահը այդ կազմավորումների առաջնորդների դիմումի հիման վրա հայտարարեց Դոնբաս զորքեր մտցնելու մասին:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ որոշում է կայացրել Դոնբասում իրավիճակի հետ կապված հատուկ ռազմական գործողություն իրականացնելու մասին․ «Որոշել եմ հատուկ ռազմական գործողություն իրականացնելու մասին։ Նպատակն է պաշտպանել այն մարդկանց, ովքեր ութ տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից։ Եվ դրա համար մենք ձգտելու ենք Ուկրաինայի ապառազմականացմանը, ինչպես նաև դատել նրանց, ովքեր բազմաթիվ արյունալի հանցագործություններ են կատարել խաղաղ բնակիչների, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների դեմ»,- հայտարարել Է Պուտինը:

Նա նաև կոչով դիմել է ուկրաինացի զինծառայողներին` վայր դնել զենքը և վերադառնալ տուն․ «Կոչ եմ անում ձեզ անհապաղ վայր դնել զենքը և գնալ տուն։ Ուկրաինական բանակի բոլոր զինծառայողները, որոնք կկատարեն այդ պահանջը, կկարողանան անարգել լքել մարտական գործողությունների գոտին և վերադառնալ իրենց ընտանիքներին»,- ասել Է Պուտինը հեռուստաուղերձում, որը հինգշաբթի վաղ առավոտյան հեռարձակել են ռուսական հեռուստաալիքները: «Հնարավոր արյունահեղության ողջ պատասխանատվությունն ամբողջությամբ լինելու է Ուկրաինայի տարածքում կառավարող ռեժիմի խղճին»,- նշել է նա:

Նա նաև սպառնացել է «ջախջախիչ պատասխանով» այն երկրներին, որոնք կորոշեն միջամտել իրավիճակին։

«Այժմ մի քանի շատ կարևոր խոսքեր են առ այն մարդիկ, ում մոտ կարող է գայթակղություն առաջանալ միջամտելու տեղի ունեցող իրադարձություններին: Ով էլ փորձի խանգարել մեզ, առավել ևս սպառնալիքներ ստեղծել մեր երկրի և ժողովրդի համար, պետք է իմանա, որ Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ և կբերի այնպիսի հետևանքների, որոնց դուք ձեր պատմության մեջ դեռ երբեք չեք բախվել: Մենք պատրաստ ենք իրադարձությունների ցանկացած զարգացման։ Բոլոր անհրաժեշտ որոշումները կայացվել են։ Հուսով եմ՝ ինձ կլսեն»,- ընդգծել Է Պուտինը։

Ինչ է կատարվում Ուկրաինայում

CNN-ի և BBC-ի թղթակիցները Կիևից հայտնում են, որ լսում են մի շարք պայթյուններ։ Պայթյունների մասին հաղորդում են Կիևի այլ բնակիչներ ևս:

Սոցցանցերում տեղեկատվություն է հայտնվում այն մասին, որ պայթյուններ են հնչում նաև ուկրաինական այլ քաղաքներում։ Հաղորդվում Է պայթյունների հնչյունների մասին Նաև Խարկովում, Մարիուպոլում (Ազովի ծովի ափ), Նիկոլաևում և Խերսոնում՝ Ղրիմի մերձակայքում, Կրամատորսկում՝ Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունների ճակատային գծի մոտ, ինչպես նաև Օդեսայում:

Ուկրաինայի «Միլիթրի» բլոգը հայտնում է Ղրիմի հետ բաժանարար գծի մոտ ուկրաինական Կալանչակ սահմանային կետի վրա հարձակման մասին:

Սոցցանցերում և նույնիսկ որոշ գործակալությունների լրատվականներ բազմաթիվ հաղորդագրություններ են տարածում Օդեսայում հայտնված ռուսական դեսանտի մասին: Սակայն առայժմ հավաստի տեղեկություններ (կամ հերքումներ) չկան։

Միևնույն ժամանակ «Ինտերֆաքս-Ուկրաինան» հաստատում է Սև ծովի ափին ռուսական դեսանտ իջեցնելու մասին տեղեկատվությունը:

ՈՒՆԻԱՆ-ը հայտնում է, որ ռուսական զորքերը Խարկովի շրջանում անցել են սահմանը։

CNN-ը, հղում անելով Ուկրաինայի ՆԳՆ-ին, հայտնում է, որ հրթիռային հարվածների պատճառով «հարյուրավոր տուժածներ» կան, որոնք այսօր արձանագրվում են Ուկրաինայի տարածքի տարբեր հատվածներում:

Հեռուստաալիքի թղթակիցն ասում է, որ դեռ պարզ չէ, թե այդ մարդկանցից քանիսն են վիրավորվել, իսկ որքանը՝ զոհվել:

Ուկրաինայի ՆԳՆ-ի տելեգրամ ալիքը հայտնում է, որ Ռուսաստանը հրթիռային հարվածներ է հասցրել տարբեր վայրերում տեղակայված ռազմական օբյեկտներին և գնդակոծում է սահմանամերձ դիրքերը:

«Հենց նոր հրթիռները հարվածել են զորքերի կառավարման կենտրոնին, օդանավակայաններին, Կիևի, Խարկովի, Դնեպրի ռազմական պահեստներին»- ասվում է Ուկրաինայի ՆԳՆ հաղորդագրության մեջ։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատում է հրթիռային հարվածների մասին տեղեկատվությունը:

«Գերճշգրիտ միջոցներով շարքից դուրս են բերվում ռազմական ենթակառուցվածքի օբյեկտները` ՀՕՊ համակարգերը, ռազմական օդանավակայանները և ուկրաինական բանակի ավիացիան»,- մեջբերում է գործակալությունը ՌԴ ՊՆ ներկայացուցչի խոսքը:

Ընդ որում գերատեսչությունն ընդգծում է, որ ռուսական զինված ուժերը ոչ մի հրթիռային, ավիացիոն կամ հրետանային հարվածներ չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին:

«Ուկրաինայի քաղաքացիական բնակչությանը ոչինչ չի սպառնում»,– պնդում Է գերատեսչությունը:

Իրավիճակը Կիևում

CNN-ի ուղիղ եթերում Կիևի կենտրոնից պարբերաբար հնչում է օդային տագնապի ազդանշանը։

Հեռուստաալիքի թղթակիցը նշում է, որ այս պահին դժվար է ասել՝ խոսքը հարվածների իրական սպառնալիքի մասին է, թե քաղաքի իշխանությունները որոշել են փորձարկել ազդարարման համակարգը:

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն դիմել է Ուկրաինայի մայրաքաղաքի բնակիչներին. «Սիրելի կիևցիներ, կրակոցների ձայնը լսելի է նաև Կիևում։ Ամենասարսափելի թշնամին հիմա խուճապն է: Մնում ենք տոկուն: Բոլոր նրանք, ովքեր ներգրավված չեն քաղաքի կարևոր ենթակառուցվածքների և կենսաապահովման օբեյկտների աշխատանքներում, մնացեք տանը։ Ձեր շտապ օգնության ճամպրուկը պատրաստ պահեք: Փաստաթղթեր, նվազագույն անհրաժեշտ իրեր։ Անհրաժեշտության դեպքում արագ հասնելու համար ապաստարան կամ պահեստ: Քաղաքային իշխանությունները գտնվում են մայրաքաղաքում։ Մենք շարունակում ենք պահշտպանել քաղաքը: Դիմանում ենք: Մենք պետք է դիմադրենք»:

Ուկրաինայի օդային տարածքը փակ է

Դատելով Flightradar24 առցանց ծառայությունից՝ քաղաքացիական ավիացիայի թռիչքներն արդեն դադարեցվել են Ուկրաինայի, Բելառուսի հարավային և կենտրոնական մասի, Ռուսաստանի արևելյան և կենտրոնական մարզերի օդային տարածքներով՝ ընդհուպ մինչև Մոսկվայի հարևան շրջաններ:

Մոսկվայի մարզի մի մասի օդային տարածքը նույնպես փակ է։ Flightradar24-ի քարտեզի վրա երևում է, որ ինքնաթիռները չեն թռչում Սմոլենսկի, Կալուգայի, Տուլայի, Բրյանսկի, Օռլովսկի, Լիպեցկի, Կուրսկի, Օռլովսկի, Տամբովի, Վորոնեժի, Բելգորոդի, Վոլգոգրադի, Ռոստովի մարզերի, Ստավրոպոլի և մասամբ Կրասնոդարի երկրամասի օդային տարածքով:

Նախագահ Զելենսկին դիմել է ուկրաինացիներին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդես է եկել հեռուստաուղերձով, որի մեծ մասը ռուսերենով է։

«Այսօր առավոտյան նախագահ Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողություն իրականացնելու մասին։

Ռուսաստանը հարվածներ է հասցրել մեր ռազմական ենթակառուցվածքներին և մեր սահմանապահներին, սահմանապահ ջոկատներին։ Ուկրաինայի շատ քաղաքներում պայթյուններ են լսվել։

Մենք ռազմական դրություն ենք մտցնում մեր պետության ողջ տարածքում։

Խոսել եմ նախագահ Բայդենի հետ։ ԱՄՆ-ն արդեն սկսել է կոնսոլիդացնել միջազգային աջակցությունը։

Այսօր ձեզանից յուրաքանչյուրը պետք է պահպանի հանգիստություն: Հնարավորության դեպքում, խնդրում ենք մնալ տանը: Մենք աշխատում ենք: Բանակն աշխատում է։ Աշխատում է Ուկրաինայի անվտանգության և պաշտպանության ողջ ոլորտը։ Ես ձեզ հետ մշտապես կապ եմ պահելու։ Շուտով նորից կապի դուրս կգամ։ Առանց խուճապի:

Մենք ուժեղ ենք։ Մենք պատրաստ ենք ամեն ինչի։ Մենք բոլորին կհաղթենք, որովհետև մենք Ուկրաինա ենք։ Փառք Ուկրաինային»:

Համաշխարհային հանրության արձագանքը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը տեղի ունեցածը համարել է կազմակերպության ղեկավարի պաշտոնում իր կարիերայի ամենատխուր պահը և Մոսկվային կոչ է արել վերադարձնել զորքերը, որպեսզի թույլ չտա «դարի սկզբից ի վեր Եվրոպայի ամենավատ պատերազմը»:

Բառացիորեն մի քանի ժամ առաջ Անտոնիու Գուտերեշը, նախքան «Դոնբասում հատուկ գործողության» մասին հայտնի դառնալը, անձնական կոչով դիմել էր Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով չհարձակվել Ուկրաինայի վրա:

ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները մտադիր են մեծամասշտաբ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ։ Այս մասին Twitter-ում հայտնել է CNN հեռուստաընկերության լրագրողը՝ վկայակոչելով ամերիկյան վարչակազմի ներկայացուցչին։

«ԱՄՆ-ն և դաշնակիցները պլանավորում են հինգշաբթի լիամասշտաբ պատժամիջոցներ սահմանել, որոնք քննարկվել են վերջին մի քանի շաբաթվա ընթացքում»,- հայտարարել է լրագրողը:

Ռուսական ընկերությունները սրընթաց էժանանում են

Պատերազմն արդեն իսկ ազդեցություն է ունենում ՌԴ-ի տնտեսության և ֆինանսական համակարգի վրա: Դոլարը հինգշաբթի առավոտից թանկացել է գրեթե 3 ռուբլով՝ հասնելով ավելի քան 84 ռուբլու։

Եվրոն վաճառվում է ավելի քան 95,24 ռուբլով` եվրոպական արժույթը թանկացել է ավելի քան 3 ռուբլի:

Փետրվարի 24-ի առավոտից կտրուկ էժանանում են գրեթե բոլոր ռուսական ընկերությունները։ Շատ դեպքերում, անկումը արդեն երկնիշ է: Մոսկվայի բորսայի ինդեքսը նվազել է 11 տոկոսով:

Համաձայն BBC-ի վերլուծության, դա խուճապային վաճառքի մասին է վկայում: Դեռ երեկ շուկաները մի փոքր աճել էին: Արևմուտքի երկրների պատժամիջոցներն այնքան էլ լուրջ չեն եղել։

Խիստ պատժամիջների փաթեթները պատրաստվել են հենց Ուկրաինայի տարածք Ռուսաստանի ռազմական ներխուժման դեպքում։ Ներդրողները վախենում են այս սցենարից, որը ռուսական ակտիվները կդարձնի «ներդրումների համար թունավոր»:

Ռուբլու նման էական անկումը չի կարող չհանգեցնել նոր գնաճի, որի դանդաղեցման ուղղությամբ ՌԴ իշխանությունները մեկ տարի է անհաջող փորձեր են իրականացնում: Փաստորեն մատակարարները պետք է վերանայեն բոլոր ներկրվող ապրանքների գները։

Դա իր հերթին կհարվածի նաև բնակչության եկամուտներին։

ԿԲ-ն այս իրավիճակում պետք է բարձրացնի վերաֆինանսավորման տոկոսադրույքը, դա նշանակում է, որ վարկերը կդառնան ավելի թանկ:

Միևնույն ժամանակ ՌԻԱ Նովոստին հայտնում է Մոսկովյան բորսայում սակարկությունների փաստացի դադարեցման մասին։

«Ռուբլին և բաժնետոմսերի ռուսական շուկան նվազել են մինչև Մոսկվայի բորսայի սահմանված կետը, սակարկություններն այժմ փաստացի չեն անցկացվում»,- ասվում է հաղորդագրության մեջ: