Ուկրաինայում պատերազմի ֆոնին ռուսական բորսաների գործակիցները փլուզվել են

Դոնբասում մարտերի ֆոնին ռուսական ֆոնդային գործակիցները փլուզվել են 30-35%-ով։ Այդ մակարդակին վերջին անգամ գործակիցները եղել են 2020-ի մարտի 19-ին, հայտնում է ՌԲԿ-ն:

Ռազմական գործողության մեկնարկին հաջորդեց գործարքների դադարեցումը Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի բորսաներում՝ շուկաներում ուժեղ անկայունության պատճառով։ Մոսկվայի ժամանակով ժամը 10:00-ին Մոսկվայի բորսայում վերսկսվել է առևտուրը, որից հետո ռուբլին կտրուկ արժեզրկվել է. դոլարի փոխարժեքն այժմ 90 ռուբլի է, իսկ եվրոյի փոխարժեքը մոտեցել է 100 ռուբլու: Ռուսական գործակիցների անկման հետևանքով Մոսկվայի բորսան բոլոր բաժնետոմսերի առանձին աճուրդ է սկսել։ Արտարժույթի առևտուրը շարունակվում է:

«Առաջիկա օրերին ռուսական շուկան չափազանց անկայուն կլինի։ Հաշվի առնելով հակառուսական պատժամիջոցների խստացման բարձր ռիսկերը՝ մենք վերանայում ենք ռուսական բաժնետոմսերի մեր թիրախային չափորոշիչները», – ասել է Պրոմսվյազբանկի տնտեսական և արդյունաբերական վերլուծության բաժնի ղեկավար Եվգենի Լոկտյուխովը:

«Ռուսական ֆոնդային շուկայի նորագույն պատմության մեջ երբեք այսքան էական անկում չի եղել։ Տեղի ունեցածի հիմնական պատճառը ռիսկերից փախուստն է աշխարհաքաղաքական իրավիճակի սրման պայմաններում», – ավելացրեց Alfa Capital-ի ավագ թրեյդեր Վլադիսլավ Սիլաևը: Նրա կարծիքով, քանի դեռ դիվանագետներն ու քաղաքական գործիչները չեն նստել բանակցությունների սեղանի շուրջ, շուկան կմնա «կարմիր գոտում»։

Փետրվարի 24-ից Ռուսաստանի կենտրոնական բանկը սկսել է արտարժութային ինտերվենցիաներ՝ ֆինանսական շուկայում իրավիճակը կայունացնելու նպատակով, հայտնել են Կենտրոնական բանկից։ ԿԲ-ն շուկայում կմատակարարի արտարժույթ, որը պետք է բավարարի դրա պահանջարկը և թուլացնի ճնշումը ռուբլու վրա։

Ռուսաստանի բանկը սեփական արժութային ինտերվենցիաներ չի իրականացրել 2014 թվականի դեկտեմբերից ի վեր, երբ դրամավարկային քաղաքականությունն անցավ գնաճի թիրախավորմանը։ ԿԲ-ն արդեն իսկ հրաժարվել է ռուբլու հունվարյան փլուզման ժամանակ բյուջետային կանոնի շրջանակներում արտարժույթի ամենօրյա գնումներից՝ ազգային արժույթին աջակցելու նպատակով։

Փետրվարի 24-ի գիշերը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Դոնբասում ռազմական գործողության մեկնարկի մասին։ Պուտինի խոսքով, նպատակն է պաշտպանել մարդկանց, ոնց «Կիևի ռեժիմը ենթարկել է բռնության, ցեղասպանության»։ Ի պատասխան՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է, որ ԱՄՆ-ը, նրա դաշնակիցներն ու գործընկերները «կոշտ պատժամիջոցներ» են կիրառելու Ռուսաստանի դեմ։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երկրում ռազմական դրություն է հայտարարել։ Ռադան հաստատել է այդ որոշումը, և Ուկրաինայի օդային տարածքը փակվել է։ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերի հակաօդային պաշտպանության համակարգերը ճնշվել են։ Գերատեսչությունը նաև հայտնել է ուկրաինական ռազմական ենթակառուցվածքին դիպուկ հրթիռային հարվածների մասին: