Ուկրաինան խզել է դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փետրվարի 24-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինան խզել է դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ, հայտնում է ուկրաինական Unian գործակալությունը։

«Որոշմամբ երկու կողմերն էլ զրկվում են դիվանագիտական հարթությունում երկկողմ հաղորդակցության հնարավորությունից։ Ուկրաինացի և ռուս դիվանագետները դադարեցնում են իրենց գործունեությունը։ Երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները տեղի են ունենում երրորդ երկրների միջնորդությամբ»,- տեղեկացնում է կայքը։

***

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 24-ին ռուսաստանցիներին
ուղղված ուղերձում հայտարարել է, որ որոշում է կայացրել Դոնբասում հատուկ
ռազմական գործողություն սկսելու մասին:

Ուկրաինայի սահմանապահ ծառայությունը հաղորդում է, որ ռուսական զորքերն
Ուկրաինա են ներխուժել Ռուսաստանի և Բելառուսի տարածքից։ Հարձակումները
տեղի են ունենում Լուգանսկի, Սումիի, Խարկովի, Չերնիգովի և Ժիտոմիրի
սահմաններում, ինչպես նաև Ղրիմի տարածքից։

Փետրվարի 21-ի հատուկ տեսաուղերձում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը
հայտարարել էր Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունները
ճանաչելու որոշման մասին։ Համապատասխան փաստաթղթերը ստորագրվել էին
ուղերձից հետո։