Թուրքիան դատապարտել է Ռուսաստանի գործողությունները Ուկրաինայի դեմ

«Ուկրաինայի դեմ Ռուսաստանի հարձակումը միջազգային իրավունքի խախտում է»․ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահականում հրավիրված Անվտանգության խորհրդի նիստին:

Թուրքիայի նախագահը անընդունելի է համարել ռուսական կողմի ռազմական գործողությունները՝ կոչ անելով հարգել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Նիստից հետո էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ:

Նույնաբովանակ հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի ԱԳՆ-ն՝ կոչ անելով հավատարիմ մնալ Մինսկի համաձայնագրին:

Անկարայում Ուկրաինայի դեսպան Վասիլ Բոդնարը այցելել է Թուրքիայի արտաքին գերատեսչություն՝ կոչ անելով թուրքական կողմին «Մոնտրոյի կոնվենցիայի շրջանակում ռուսական ռազմանավերի մուտքը կանխարգելելու համար փակել Բոսֆորի և Դարդանելի նեղուցները»: Թուրքիայի կառավարությունից պատասխան չի ստացվել։ ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ այդ հարցը չի քննարկել։

Մեկնաբանել