Միխեիլ Սաակաշվիլին նոր հացադուլ է սկսել

mikheil-saakashvili-

Թաթա Շոշիաշվիլի, OC Media

Միխեիլ Սաակաշվիլին դատարանում․ Լուսանկարը՝ Mtavari

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին 2021-ի աշնանը Վրաստան վերադառնալուց հետո արդեն երկրորդ անգամ է հացադուլ անում։

Երկուշաբթի Թբիլիսիի քաղաքային դատարանում տեղի ունեցած լսումների ժամանակ (նա մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, այդ թվում՝ 2007-ի նոյեմբերին Թբիլիսիում հակակառավարական ցույցերը բռնի ուժով ցրելու մեջ) Սաակաշվիլին հայտարարեց, որ կրկին հացադուլ կանի այնքան ժամանակ, քանի դեռ «բավարար բժշկական խնամք» չի ստացել:

Կարդացեք ավելին՝ 2007-ի ցույցերի բռնաճնշումները՝ Սաակաշվիլիի ամենամեծ սխա՞լը

Ավելի ուշ նա ֆեյսբուքյան գրառմամբ պարզաբանեց, որ իր խնդրանքը ներառում է մի պայման՝ բուժումը պետք է իրականացվի «քրեակատարողական հիմնարկներից դուրս»։

«Ովքեր անհանգստացած են իմ ճակատագրով, այն կարելի է փրկել միայն այս համակարգից դուրս գալով»,- գրել է նախկին նախագահը։

Սաակաշվիլիի վերսկսած հացադուլի վերաբերյալ արձագանքները բևեռացվել են հիմնականում կուսակցական արձագանքներում:

Վրաստանի խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ Գիա Վոլսկին Սաակաշվիլիի հայտարարությունը «ինչպես միշտ սադրիչ» է անվանել։ Սաակաշվիլիի կողմից հիմնադրված «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության նախագահ Նիկա Մելիան ասել է, որ Սաակաշվիլիի կողմից ներկայացված պահանջները «շատ մարդկային և արդարացի են»։

Մելիան նաև ընդգծել է, որ նոր հացադուլը «լուրջ վտանգ է ներկայացնում» Սաակաշվիլիի կյանքի համար, քանի որ վերջինս «գրեթե մահանցել էր» 2021-ի աշնան հացադուլի ժամանակ։

Սաակաշվիլին հացադուլը սկսել էր հոկտեմբերի 1-ին՝ վրացական իշխանությունների կողմից ձերբակալման օրը։ Նա գաղտնի կերպով երկիր էր մտել սեպտեմբերի 28-ին։

Հացադուլի 50-րդ օրը Սաակաշվիլին տեղափոխվել է Գորի քաղաքի զինվորական հոսպիտալ և դադարեցրել հացադուլը։ Ավելի ուշ նրան հետ են ուղարկել բանտ։

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի