Ուկրաինական բանակի գլխավոր շտաբում «Ուկրաինսկայա պրավդա» պարբերականի աղբյուրները հայտնում են, որ ռուսական տանկերը Չեռնոբիլի գոտուց շարժվում են դեպի Կիև։ Ավելի ուշ Ուկրաինայի գլխավոր շտաբը պաշտոնապես հաստատել է այդ տվյալները։ Հղում անելով «Ուկրաինսկայա պրավդա»-ին՝ այս մասին գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Ուկրաինական ուժերին դեռևս հաջողվել է կանգնեցնել ռուսական շարասյունը՝ Իվանկով քաղաքանման ավանի մոտ. այնտեղ ուկրաինացի զինվորականները պայթեցրել են Տետերև գետի վրայով անցնող կամուրջը:
«Իվանկովը գտնվում է սահմանից մինչեւ Կիև ճանապարհի կեսին։ Դրանից հետո հնարավորություն է բացվում Կիևի վրա հարձակվելու Վիշգորոդով»,- նշում է «Ուկրաինսկայա պրավդան»։
Unian գործակալությունն էլ հայտնում է, որ ռուսական ռազմական տեխնիկան Կիևի ուղղությամբ է շարժվում Սումի քաղաքից:
Գիշերվա ընթացքում Կիևի որոշ շրջաններում պայթյուններ են լսվել, հրթիռակոծության հետևանքով հրդեհ է բռնկվել մայրաքաղաքի բնակելի շենքում։ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է երեք վիրավորների մասին:
***
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 24-ին ռուսաստանցիներին
ուղղված ուղերձում հայտարարել է, որ որոշում է կայացրել Դոնբասում հատուկ
ռազմական գործողություն սկսելու մասին:
Ուկրաինայի սահմանապահ ծառայությունը փետրվարի 24-ին հաղորդել էր, որ ռուսական զորքերն Ուկրաինա են ներխուժել Ռուսաստանի և Բելառուսի տարածքից։ Հարձակումները
տեղի են ունեցել Լուգանսկի, Սումիի, Խարկովի, Չերնիգովի և Ժիտոմիրի
սահմաններում, ինչպես նաև Ղրիմի տարածքից։
Փետրվարի 21-ի հատուկ տեսաուղերձում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը
հայտարարել էր Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունները
ճանաչելու որոշման մասին։ Համապատասխան փաստաթղթերը ստորագրվել էին
ուղերձից հետո։