Թեհրանի դեմ պատժամիջոցները՝ կործանիչ Peugeot-ի համար. փոխնախարար

Ֆրանսիական Peugeot Citroen ավտոարտադրողը առերեսվել է մի շարք «քայքայիչ» խնդիրների, քանի որ հրաժարվել է պահեստամասեր վաճառել Իրանին՝ պայմանավորված Թեհրանի դեմ Արևմուտքի սահմանած պատժամիջոցներով: Այսպիսի հայտարարություն է արել Իրանի արդյունաբերության, լեռնահանքային արդյունաբերության և առևտրի փոխնախարար Մոհսեն Սալեհին, հաղորդում է իրանական Mehr գործակալությունը:

Նրա խոսքով՝ Արևմուտքի պատկերացումները, թե Իրանի ավտոմոբիլային արդյունաբերությունը պատժամիջոցների, այդ թվում՝ Peugeot-ի պահեստամասերի վաճառքների արգելքի պայմաններում չի կարող գոյատևել, սխալ են:

Ըստ Սալեհիի՝ Իրանը ավտոմոբիլային արտադրության ոլորտում հաջողություններ է արձանագրել, անգամ թողարկել է ավտոմեքենաների նոր մոդելներ, այդ թվում՝ Rana-ն, որը շուկա դուրս կգա առաջիկա երկու ամիսների ընթացքում:

«Peugeot-ի՝ աշխատակիցների ազտամանն առնչվող բոլոր հարցերը կապված չեն Իրանի դեմ պատժամիջոցների հետ, քանի որ ընկերությունը բազմաթիվ այլ խնդիրներ ունի: Մյուս կողմից՝ վերջին ամիսներին Թեհրանի դեմ պատժամիջոցները ընկերության վրա կործանիչ ազդեցություն են ունեցել», -ասել է Սալեհին:

Նշենք, որ Peugeot-ն հուլիսի 12-ին հայտարարել էր Ֆրանսիայի իր գործարաններում 8000 աշխատակցի աշխատանքից ազատելու մտադրության մասին:

Մեկնաբանել