Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ քննարկել չեզոք կարգավիճակը

Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններ վարել չեզոք կարգավիճակի շուրջ, սակայն դրա համար Կիևը պետք է Մոսկվայից անվտանգության երաշխիքներ ստանա։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահն արդեն ասել էր, որ չի վախենում Մոսկվայի հետ քննարկել ցանկացած հարց, ներառյալ արտադաշինքային կարգավիճակը: Տարիներ շարունակ Ուկրաինան ձգտել է անդամակցել ՆԱՏՕ-ին, որն այդ պետության արտաքին քաղաքականության գլխավոր նպատակներից է:

«Ուկրաինան միշտ բանակցությունների տեղ թողել և թողնում է, այդ թվում ՝ հիմա, երբ Ռուսաստանը լայնածավալ ներխուժման գնաց։ Պատերազմը պետք է դադարեցնել, ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն»,- հայտարարել է Պոդոլյակը։

Պաշտոնյայի խոսքով ՝ Կիևում լսել են, որ Մոսկվայում «ուզում են խոսել». «Եթե նրանք ուզում են խոսել չեզոք կարգավիճակի մասին, մենք նման քննարկման գնալու առումով վախ չունենք։ Հարցը միայն այն է, թե ով և ինչպես կարող է ապահովել Ուկրաինայի անվտանգությունը»։

***

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 24-ին ռուսաստանցիներին
ուղղված ուղերձում հայտարարել է, որ որոշում է կայացրել Դոնբասում հատուկ
ռազմական գործողություն սկսելու մասին:

Ուկրաինայի սահմանապահ ծառայությունը փետրվարի 24-ին հաղորդել էր, որ ռուսական զորքերն Ուկրաինա են ներխուժել Ռուսաստանի և Բելառուսի տարածքից։ Հարձակումները
տեղի են ունեցել Լուգանսկի, Սումիի, Խարկովի, Չերնիգովի և Ժիտոմիրի
սահմաններում, ինչպես նաև Ղրիմի տարածքից։ Փետրվարի 25-ի առավոտյան հայտնի դարձավ, որ ռուսական տանկերը շարժվում են դեպի Կիև։

Ռուսական զորքերի Ուկրաինա ներխուժմանը զուգահեռ Արևմուտքը պատժամիջոցներ է կիրառում Ռուսաստանի նկատմամբ։ ԱՄՆ արդեն հայտարարել է ռուսական չորս բանկերի նկատմամբ պատժամիջոցների, ինչպես նաև տեխնոլոգիաների արտահանման արգելք սահմանելու մասին։ Եվրամիությունը ևս պատժամիջոցների փաթեթ է պատրաստում։

Փետրվարի 21-ի հատուկ տեսաուղերձում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը
հայտարարել էր Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունները
ճանաչելու որոշման մասին։ Համապատասխան փաստաթղթերը ստորագրվել էին
ուղերձից հետո։