Ռուս զինվորականներն արդեն Կիևի շրջաններից մեկում են. Ուկրաինայի ՊՆ

Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ Կիևի Օբոլոն շրջանում գտնվում է ռուսական դիվերսիոն-հետախուզական խումբ: Ավելի վաղ Կիևում գտնվող ռուս զինվորների մասին տեղեկություններ էին տարածվել սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում։

«Խնդրում ենք քաղաքացիներին հայտնել տեխնիկայի տեղաշարժի մասին։ Խաղաղ բնակիչներին կոչ ենք անում զգույշ լինել, չլքել տները»,- ասված է Ուկրաինայի պաշտպանական գերատեսչության հաղորդագրության մեջ, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ստորև ներկայացնում ենք Կիևի բնակելի շենքերից մեկից նկարահանած տեսանյութ, որտեղ երևում է ռազմական տեխնիկայի տեղաշարժ։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 24-ին ռուսաստանցիներին
ուղղված ուղերձում հայտարարել է, որ որոշում է կայացրել Դոնբասում հատուկ
ռազմական գործողություն սկսելու մասին:

Ուկրաինայի սահմանապահ ծառայությունը փետրվարի 24-ին հաղորդել էր, որ ռուսական զորքերն Ուկրաինա են ներխուժել Ռուսաստանի և Բելառուսի տարածքից։ Հարձակումները
տեղի են ունեցել Լուգանսկի, Սումիի, Խարկովի, Չերնիգովի և Ժիտոմիրի
սահմաններում, ինչպես նաև Ղրիմի տարածքից։

Ռուսական զորքերի Ուկրաինա ներխուժմանը զուգահեռ Արևմուտքը պատժամիջոցներ է կիրառում Ռուսաստանի նկատմամբ։ ԱՄՆ արդեն հայտարարել է ռուսական չորս բանկերի նկատմամբ պատժամիջոցների, ինչպես նաև տեխնոլոգիաների արտահանման արգելք սահմանելու մասին։ Եվրամիությունը ևս պատժամիջոցների փաթեթ է պատրաստում։

Փետրվարի 21-ի հատուկ տեսաուղերձում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը
հայտարարել էր Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունները
ճանաչելու որոշման մասին։ Համապատասխան փաստաթղթերը ստորագրվել էին
ուղերձից հետո։