Ոչ ոք չի պատրաստվում օկուպացնել Ուկրաինան. Լավրով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե «ոչ ոք չի պատրաստվում օկուպացնել Ուկրաինան»։ Այդ մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։

Նա նաև անդրադարձել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի այն հայտարարությանը, թե պաշտոնական Կիևը չի վախենում քննարկել Մոսկվայի հետ «Ուկրաինայի չեզոք կարգավիճակի մասին հարցը»։

«Նախագահ Զելենսկին սուտ է ասել, իսկ ավելի ճիշտ՝ խաբել է մեզ»,- նշել է Լավրովը՝ հավելելով, որ նա ստում է՝ նշելով, թե պատրաստ է բանակցությունների։

Ըստ ՌԴ արտգործնախարարի՝ «Զելենսկուն լավ հայտնի են բաց թողնված հնարավորությունները»։

Լավրովը նաև ընդգծել է՝ Ռուսաստանը շահագրգռված է, որպեսզի Ուկրաինայի ժողովուրդը լինի ազատ, իսկ երկրի իշխանությունը՝ ներկայացուցչական, ինչպես նաև զերծ՝ արտաքին ազդեցությունից և չօգտագործվի որպես Ռուսաստանի զսպման գործիք։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 24-ին ռուսաստանցիներին
ուղղված ուղերձում հայտարարել է, որ որոշում է կայացրել Դոնբասում հատուկ
ռազմական գործողություն սկսելու մասին:

Ուկրաինայի սահմանապահ ծառայությունը փետրվարի 24-ին հաղորդել էր, որ ռուսական զորքերն Ուկրաինա են ներխուժել Ռուսաստանի և Բելառուսի տարածքից։ Հարձակումները
տեղի են ունեցել Լուգանսկի, Սումիի, Խարկովի, Չերնիգովի և Ժիտոմիրի
սահմաններում, ինչպես նաև Ղրիմի տարածքից։

Ռուսական զորքերի Ուկրաինա ներխուժմանը զուգահեռ Արևմուտքը պատժամիջոցներ է կիրառում Ռուսաստանի նկատմամբ։ ԱՄՆ արդեն հայտարարել է ռուսական չորս բանկերի նկատմամբ պատժամիջոցների, ինչպես նաև տեխնոլոգիաների արտահանման արգելք սահմանելու մասին։ Եվրամիությունը ևս պատժամիջոցների փաթեթ է պատրաստում։

Փետրվարի 21-ի հատուկ տեսաուղերձում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը
հայտարարել էր Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունները
ճանաչելու որոշման մասին։ Համապատասխան փաստաթղթերը ստորագրվել էին
ուղերձից հետո։

Մեկնաբանել