«Ճոճվող կամուրջը նվեր է հորս ու մորս»

Խնձորեսկ բնակավայրի Ճոճվող կամուրջը զբոսաշրջիկների ամենասիրելի և տեսարժան վայրերից մեկն է։ ՍիվիլՆեթի Գորիսի լրագրող Էմիլիա Խաչատրյանը զրուցել է խնձորեսկցի գործարար Ժորա Ալեքսանյանի հետ, որի մտահղացմամբ ու միջոցներով կառուցվել է կամուրջը։ Գործարարն ասում է՝ վաղ տարիքից է մտածել իր գյուղին ամեն ձևով օգտակար լինելու մասին։

Ժորա Ալեքսանյանը

«Հին գյուղից նոր գյուղ սկսել են տեղափոխվել 1957 թվականին։ Այդ ժամանակ ես երեխա էի, իմ մեջ տպավորվել էր այն փաստը, թե ինչու են Հին գյուղը քանդում, տները քանդում։ Ինձ ցավ է պատճառել դա, մտածում էի՝ ի՞նչ պետք է լինի, ես ի՞նչ պետք է անեմ, որ չքանդեն, և արդյոք ժամանակ կգա՞, որ ես կարողանամ ինչ-որ բան անել»,- պատմում է Ալեքսանյանը՝ հավելելով, որ որոշել է այնպիսի բան կառուցել, որ նվեր լինի հանգուցյալ հորն ու մորը։

Ժորա Ալեքսանյանը նշում է, որ անհանգիստ էր՝ ինչպես կընդունի ժողովուրդը կամուրջի միտքը, ինչ գնահատական կտա։ Դրական պատասխաններ ստանալուց հետո սկսել է շինարարական աշխատանքները։ Գործարարը հոգացել է կամուրջի կառուցման բոլոր ֆինանսական ծախսերը՝ 80 միլիոն դրամ։ Շինությունը ստուգվել է տարբեր մասնագետների կողմից, այն ունի պաշտոնապես հաստատված փաստաթուղթ։ Կամուրջի անվտանգությունը գնահատվել է ոչ միայն հայ, այլև օտարերկրյա մասնագետների կողմից։

Հարցին, թե երբևէ մտածե՞լ է կամուրջից օգտվելու համար վճար սահմանել, Ալեքսանյանը պատասխանում է՝ կամուրջը կառուցել է առանց որևէ շահ հետապնդելու․ «Քանի ողջ եմ, կամուրջը չի կարող վճարովի դառնալ»։

«Էկոնոմիկայի նախարարությունը մինչև այսօր ինձ կամուրջի հինգ հեկտար տարածքը չի տրամադրում՝ ասելով, որ եթե խելացի լինեմ, ապա կամուրջը վճարովի կդարձնեմ, ինչը և պետությանը օգուտ կբերի, և ինձ»,- նշում է զրուցակիցը։

Պատերազմի և քովիդի ազդեցությունը զբոսաշրջության վրա

Խոսելով պատերազմի և քովիդի մասին՝ Ալեքսանյանը նշում է, որ 2021 թվականը Գորիսի զբոսաշրջության համար հաջող չէր։ Դրան ավելի շատ նպաստել է հետպատերազմյան իրավիճակը։

«Մինչև Շինուհայրի խաչմերուկ մեծ թվով զբոսաշրջիկներ են եկել, բայց նրանց մեկ տոկոսն է մտել Գորիս, և դա մեր մեդիա դաշտի մինուսն էր։ Գրել են՝ Շուռնուխում հրդեհ է եղել, և Գորիս եկող խմբի այցը չեղարկվել է»։

Ապագա ծրագրերի մասին Ժորա Ալեքսանյանն ասում է, որ դրանք կապված են կառավարության որոշման հետ, քանի որ միայն տարածքը տրամադրելու դեպքում ինքը կարող է զբոսաշրջային ծրագրեր իրագործել։

«Այդ ձորում արդեն երեք տարի է՝ արգելվում է ինչ-որ բան կառուցել։ Անգամ մարդկանց կարիքների համար պետքարան եմ կառուցել՝ դատել են։ Երեք անգամ պետքարան կառուցելու համար քրեական գործ են հարուցել։ Եթե տարածքը տրամադրեն, 6-7 նախագիծ ունեմ նախատեսած, պատրաստ եմ իրագործել, եթե տարածքը տրամադրեն։ Այդ ծրագրերը հնարավոր է 50 միլիոնով ավարտել։ Բոլորը ժամանցային վայրեր են լինելու։

Ժորա Ալեքսանյանի խոսքով՝ իր բիզնես նախաձեռնությունների շնորհիվ «զբոսաշրջիկին հնարավոր է պահել 3-4 ժամ ավել։

Զրուցեց Էմիլիա Խաչատրյանը

Մեկնաբանել