Ուկրաինան սպիտակ ֆոսֆոր վաճառե՞լ է Ադրբեջանին

Հովհաննես Նազարեթյան

#CivilNetCheck

Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա տարբեր քննարկումների առիթ է դարձել հայ հանրության շրջանում։ Այդ քննարկումներում հաճախ hիշատակվում է Ուկրաինայի աջակցությունն Ադրբեջանին 44-օրյա պատերազմի շրջանում, և լայնորեն տարածվում է պնդում, թե Ուկրաինան Ադրբեջանին սպիտակ ֆոսֆոր է մատակարարել, որն էլ օգտագործվել է 44-օրյա պատերազմի ժամանակ՝ Արցախի դեմ։

Հերքում Ուկրաինայից

Պնդումը, որ Ուկրաինան Ադրբեջանին ֆոսֆորային զինատեսակներ է մատակարարել, առաջին անգամ շրջանառության մեջ էր մտցրել հայազգի կինոռեժիսոր Սարիկ Անդրեասյանը 2020-ի նոյեմբերին։ Նա ինստագրամյան գրառումով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին մեղադրել էր Ադրբեջանին ֆոսֆորային զենք վաճառելու մեջ։

«Երեկ ես տեսա ֆոսֆորային ռումբից հայ երեխաների այրված մարմինները և, ինչպես պարզվեց, դուք էիք, որ դա վաճառել եք մեր հարևաններին, որպեսզի ամրացնեք ձեր բարեկամությունը նրանց հետ»,- գրել էր Անդրեասյանը։

Ուկրաինայի նախագահ Զելենսկին 2020-ի նոյեմբերի 3-ին տելեգրամյան և ֆեյսբուքյան իր էջերում հրապարակված երկարածավալ գրառումով պատասխանել էր Անդրեասյանին՝ հերքելով մեղադրանքները։ «Ուկրաինան երբեք ոչ մեկին ֆոսֆորային ռումբ չի մատակարարել»,- հայտարարել էր Զելենսկին։ Նա Անդրեասյանին հորդորում է իր վրա չվերցնել ուրիշների կեղծ լուրերը տարածողի դերը։ Զելենսկին Ուկրաինայի կողմից Ադրբեջանին ֆոսֆորային զենքի վաճառքի թեզը վերագրել էր ռուսական քարոզչությանը։

Ապացույց չկա

Բաց աղբյուրներում որևէ տեղեկություն չկա, որ Ուկրաինան Ադրբեջանին մատակարարել է սպիտակ ֆոսֆոր պարունակող զինատեսակներ։ Սա իհարկե չի նշանակում, թե դա միանաշանակ կարելի է բացառել, սակայն այն հիմնավորող որևէ փաստ մինչ օրս դեռ չի հրապարակվել։ Սարիկ Անդրեասյանը, նման հայտարարություն անելով, որևէ փաստ կամ աղբյուր չէր նշել։ Այս թեմային անդրադարձել էին նաև եվրոպացի փաստեր ստուգողները՝ նշելով, որ տարածվող պնդումները անհիմն են։

Հատկանշական է, որ դեռ 2014-ին Ռուսաստանը Ուկրաինային մեղադրել էր Դոնբասում սպիտակ ֆոսֆոր պարունակող զինատեսակներ կիրառելու մեջ։ Անկախ ուսումնասիրությունները, սակայն, չէին հաստատել այս պնդումը։

Սպիտակ ֆոսֆորի կիրառումն Արցախում

44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից ֆոսֆոր պարունակող զինատեսակների կիրառման մասին առաջին անգամ հայտարարվեց 2020-ի հոկտեմբերի 30-ին՝ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի կողմից։ Այնուհետև Արցախի պաշտպանության բանակը տեսանյութ հրապարակեց, որում, ըստ նրա, երևում է դրա կիրառումը։

Մեկ շաբաթ անց ՄԻՊ-ը զեկույց հրապարակվեց, որում ներկայացվում են ֆոսֆորային զինատեսակների կիրառման հետևանքները։ Այն կիրառվել էր Արցախի Ննգի, Սղնախ, Ակնաղբյուր, Թաղավարդ, Տող, Քարինտակ և այլ համայնքներում։

Ինչ զինատեսակներ է վաճառել Ուկրաինան Ադրբեջանին

Բաց աղբյուրներում չկա որևէ ապացույց որ Ադրբեջանին սպիտակ ֆոսֆոր Ուկրաինան է մատակարարել։ Սակայն Ուկրաինան երկար տարիներ մեծ քանակի սպառազինություն է վաճառել Ադրբեջանին։ Ըստ Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի (SIPRI) տվյալների՝ Ուկրաինան Ադրբեջանին զենք է վաճառել սկսած 1993-ից՝ Արցախյան առաջին պատերազմի ժամանակվանից։

Ադրբեջանը Ուկրաինայից 1993-1994 թթ. ստացել է 150 միավոր Տ-55 տանկ։ Ուկրաինայից Ադրբեջան սպառազինության վաճառքի մեծ մասը տեղի է ունեցել 2004-2010թթ. ընթացքում՝ Վիկտոր Յուշչենկոյի նախագահության ժամանակ։ Ըստ աղբյուրի՝ վերջին մակատարարումը տեղի է ունեցել 2013-ին։

Ստորև ներկայացված է Ադրբեջանին մատակարարած Ուկրաինայի սպառազինությունը՝ ըստ SIPRI-ի տվյալների բազայի։

Հայաստանին Ուկրաինան վաճառել է միայն օգտագործված չեխոսլովակյան արտադրության L-39C Albatros տեսակի ուսումնամարտական վեց ինքնաթիռ՝ երկուսը՝ 2004-ին, չորսը՝ 2010-11 թվականներին։

Մեկնաբանել