Արցախի Խրամորթ գյուղում ադրբեջանական կողմի հետ բանակցություններ են տարվում

Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքում հակառակորդի հետ բանակցություններ են տարվում։ Այդ մասին հայտնել է Արցախի Ներքին գործերի նախարարության հասարակայնության հետ կապի և լրատվության ծառայության պետ Հունան Թադևոսյանը։

Շուրջ երեք օր է՝ ադրբեջանական կողմը գյուղի բնակիչներից պահանջում է դադարեցնել գյուղատնտեսական աշխատանքներն ու հեռանալ տարածքից։

«Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքից ստացված լուրերն իհարկե անհանգստացնող են։ Բարձրախոսներով գյուղը լքելու ադրբեջանական կոչերն ըստ էության խուճապային տրամադրություններ ստեղծելու տրամաբանություն ունեն։

Այս պահին Խրամորթում են ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի ծառայողները, ռուսական խաղաղապահ առաքելության պատասխանատուները։

Թշնամական կողմի հետ բանակցություններ են տարվում, որի մասին կհրապարակենք։

Տեղեկացնեմ նաև, որ Խրամորթում խուճապային տրամադրություն չկա, ոչ ոք գյուղը լքել չի պատրաստվում, հակառակը` տեղաբնակների կողքին ապրում են նաև այլ բնակավայրերից տեղահանված ևս 12 ընտանիք»,- գրել է Թադևոսյանը։

Մեկնաբանել