Վրաստանի ԿԲ-ն խոստացել է աջակցել պատժամիջոցներից տուժած ՎՏԲ բանկին

Ռոբին Ֆաբրո, OC Media

Վրաստանի Ազգային բանկը (կենտրոնական բանկ) ուրբաթ առավոտյան հայտարարել է, որ ֆինանսական աջակցություն կտրամադրի ռուսական ՎՏԲ բանկի վրացական մասնաճյուղին։ Ավելի ուշ հայտարարության տեքստը հեռացվել է և փոխարինվել բանկային ավանդատուների շահերը պաշտպանելու ավելի անորոշ խոստմամբ:

ԱՄՆ-ը, ԵՄ-ն և Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ են սահմանել ռուսական մի քանի բանկերի, այդ թվում՝ պետական ​​ՎՏԲ բանկի նկատմամբ այն բանից հետո, երբ հինգշաբթի Ռուսաստանը լայնածավալ ներխուժում սկսեց Ուկրաինա:

Պատժամիջոցները ներառում են այս բանկերին դոլարով, եվրոյով և այլ արտարժույթով գործարքներ իրականացնելու արգելքը։

Ուրբաթ օրվա իր նախնական հայտարարության մեջ Վրաստանի Ազգային բանկը նշել էր, որ ավելի վաղ մշակել էին «գործողությունների ծրագիր» այն պարագայի համար, երբ պատժամիջոցներ կիրառվեն ՎՏԲ-ի նկատմամբ, և որ արդյունքում երկու բանկերն էլ «լիովին պատրաստ են ներկա իրավիճակին»։

Ըստ Ազգային բանկի՝ իրենք մշակել են պլանը «հնարավոր ռիսկերը չեզոքացնելու» համար, թեև չի նշվում, թե որոնք են այդ ռիսկերը և ում համար:

«Լրացուցիչ իրացվելիության անհրաժեշտության դեպքում [Ազգային բանկը] պատրաստ է [«ՎՏԲ Վրաստանին»] տրամադրել ֆինանսական համապատասխան միջոցներ»,- ասվում էր Ազգային բանկի ջնջված հայտարարության մեջ։

Հայտարարության հրապարակումից ժամեր անց Ազգային բանկը հեռացրել է այն կայքից՝ փոխարինելով նոր հայտարարությամբ, որտեղ միայն անորոշ հղումներ են արվել բանկի վրացի հաճախորդներին օգնելու համար «օրենքով նախատեսված գործիքների» օգտագործման մասին:

«Մեր խնդիրն է պաշտպանել բանկային ավանդատուների, Վրաստանի քաղաքացիների շահերը և հոգ տանել երկրի ֆինանսական համակարգի կայունության մասին՝ հաշվի առնելով պատժամիջոցների պայմանների կատարումը»,- ասել են նրանք։

«Այդ իսկ պատճառով Ազգային բանկը ուշադիր հետևում է իրադարձություններին և անհրաժեշտության դեպքում պատրաստ է պաշտպանել բանկի ավանդատուների շահերը՝ օգտագործելով միջազգային չափանիշներն ու օրենքով նախատեսված գործիքները»։

OC Media-ին տրամադրված հայտարարությունում, մինչ Ազգային բանկը կհեռացներ իր նախնական հայտարարությունը, «ՎՏԲ Վրաստանը» հաստատել է, որ Ազգային բանկը առաջարկել է տրամադրել «համապատասխան միջոցներ», եթե իրենք լրացուցիչ իրացվելիության կարիք ունենան:

ՎՏԲ-ում ասել են, որ պատրաստ են ամբողջությամբ մարել հաճախորդների հանդեպ բոլոր պարտավորությունները, ներառյալ այլ բանկերին միջոցներ փոխանցելը կամ կանխիկացման կամ վճարումների կատարումը:

Ազգային բանկը չի պատասխանել էլեկտրոնային փոստով մեկնաբանության խնդրանքին, իսկ մամուլի խոսնակը ուրբաթ կեսօրից հետո անջատել է հեռախոսը ։

Ուրբաթ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ասել է, որ չի միանա Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցներին՝ վկայակոչելով Վրաստանի «ազգային շահերը»:

Մեկնաբանել