Հայկական ուժերը Ուկրաինայում պատերազմին չեն մասնակցում. տարածվող լուսանկարի հետքերով 

Անի Գրիգորյան

CivilNetCheck

Սոցցանցերում, մասնավորապես ադրբեջանական տելեգրամյան ալիքներում և թվիթերյան էջերում, փետրվարի 26-ի առավոտից տարածվում էր այս լուսանկարը՝ իբրև ապացույց, որ հայկական զինված ուժերը ռուսական զորքերի կազմում կռվում են ընդդեմ Ուկրաինայի։

Նախ անհասականալի էր, թե ինչու է «ռազմագերին» մարզահագուստով ու նույնիսկ՝ պայուսակով։ Եթե զինվոր լիներ և մասնակցեր ռազմական գործողություններին, ապա կլիներ քողարկող համազգեստով (կամուֆլյաժով)։

Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը, կցելով ադրբեջանական կայքում լույս տեսած լուրի լուսանկարը, ֆեյսբուքյան իր էջում հերքում տարածեց՝ երեք լեզվով գրելով․ «Այս տարածվող լուրը ամբողջությամբ ապատեղեկատվություն է»։

ՀՀ արտաքին գործերի նախարարի խոսնակ Վահան Հունյանյանը CivilNetCheck-ի հետ զրույցում նշեց, որ տարածվող տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում։

Նշենք, որ պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողներին ծառայության սկզբում տրվող զինվորական գրքույկները մնում են նրանց մոտ: Զինվորական գրքույկի առկայությունը չի նշանակում, որ տվյալ անձը այդ պահին ծառայություն է իրականացնում Զինված ուժերում։

Ավելի ուշ տելեգրամյան ալիքներում հայտնվեց տեսանյութ, որտեղից էլ հավանաբար վերցվել էր տարածվող լուսանկարը։ Դրանում տղամարդը նշում է, որ 2020-ից ապրում է Ուկրաինայում, ցուցադրվող Զինվորական գրքույկը իրենն է, սակայն ինքը ոչ թե մասնակցել է մարտերին, այլ զբաղվել է կողոպուտով (мародерство)։

Մեկնաբանել