Ուկրաինան կարող էր կամուրջ լինել կռվախնձոր դառնալու փոխարեն․ հայացք Երևանից

ukraine

ՍիվիլՆեթի մեկնաբան Էրիկ Հակոբյանն իր շաբաթվա հաղորդմանն անդրադառնում է Ուկրաինայի իրադարձություններին ու դրանց հնարավոր ազդեցությանը Հայաստանի ու տարածաշրջանի վրա։ (Հաղորդումը հրապարակվել է ուրբաթ)։

Ինչ գիտենք մինչև հիմա՝ երեկ պատերազմի առաջին օրն էր, Ուկրաինան հարձակման է ենթարկվել երեք կողմից։ Երեկ արդեն պարզ էր, որ Ռուսաստանը փորձում էր թիրախավորել հակաօդային համակարգերը, խոչընդոտել ուկրաինական օդային ուժերին գործողություններ իրականացնել՝ նպատակ ունենալով օդում գերակայության հասնել։

Ռուսաստանը առաջխաղացում է ունեցել Ուկրաինայում՝ կոնկրետ վայրեր գրավելու մտադրությամբ, և ուկրաինացիները համառորեն դիմադրում են այս ճակատներում։ Մյուս ակնհայտ հանգամանքն այն է, որ Ռուսաստանը հստակ ցանկանում է բոլոր օդանավակայանները ոչնչացնել, գրավել դրանք՝ որպես մեկնակետեր ծառայեցնելու համար՝ նպատակ ունենալով օգտագործել դրանք որպես Ուկրաինայի կառավարությանը գլխատելու ուղի, ինչը ռազմական առումով հնարավոր է, սակայն քաղաքական առումով կարող է շատ դժվար լինել։

Անցնենք նրան, թե որտեղ է Հայաստանն այս ամենում և ինչպիսին է մեր արձագանքը։ Ինչպես գիտենք, պատերազմից անմիջապես առաջ Ռուսաստանը ճանաչեց Ուկրաինայից անջատված երկու շրջանները՝ Դոնեցկն ու Լուգանսկը, որից քիչ անց Հայաստանի ԱԳՆ-ն տարածեց հայտարարություն, որում ասվում էր՝ ՀՀ-ն չի միանա Ռուսաստանին՝ այդ երկու անջատողական պետությունների ճանաչման հարցում։

Դրանից ի վեր կարելի է ասել ստատիկ լռություն է տիրում հայկական և, որքան էլ հետաքրքիր է, նաև ադրբեջանական վարչակարգի կողմից։ Ոչինչ չի ասվում։

Մի քանի օր առաջ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ողջունեց այդ երկու պետությունների ճանաչումը, ինչը վստահեցնում եմ, սխալ քայլ էր, քանի որ Ղարաբաղյան հիմնահարցն ունի ԵԱՀԿ միջոցով կարգավորման ձևաչափ, ինչը Ալիևի վարչակարգն ամեն օր ցանկանում է քայքայել։ Արցախի նախագահը նրանց դա անելու առիթ չպետք է տա, հատկապես մի ժամանակ, երբ ակնհայտ է, որ աշխարհի իննսուն տոկոսն այս պատերազմում Ռուսաստանին չի աջակցում։

Այժմ անդրադառնանք նրան, թե ինչի կհանգեցնի այս ամենը. պարզ է մի բան, որ մեզ երկու կողմերից ավելի են սեղմելու՝ թե՛ ԵՄ-ն, թե՛ Ռուսաստանը, որպեսզի կողմերից մեկին ընտրենք։ Դա ավելի է սահմանափակելու մեր առանց այն էլ սահմանափակ քաղաքականության տարբերակները։

Երկրորդ՝ այս քայլը միջազգային իրավակարգի փլուզում է․ ինչո՞ւ է դա կարևոր՝ եթե դու թույլ ու փոքր երկիր ես քաղաքական ու ռազմական բոլոր հակամարտությունների դեպքում օրենքի վրա հիմնված միջազգային կարգը շատ ավելի նախընտրելի է, քան «ուժն է ծնում իրավունք» կանոնը։

Հայ ժողովուրդը կարծես պատմության աղետալի մունետիկն է՝ նախորդ դարը սկսվեց մեր ժողովրդի ցեղասպանությամբ, և ինչ-որ առումով 21-րդ դարը սկսվեց եվրոպական հողի վրա առաջին խոշոր պատերազմով՝ Արցախում։

Եվ շատերը, որոնք Ադրբեջանին էին խրախուսում կամ ուղղակի չէին դատապարտում երկու ֆաշիստ երկրների՝ երկու ժողովրդավարության վրա հարձակումը, այժմ ամեն կերպ ցանկանում են, որ աշխարհը դատապարտի ռուսական ագրեսիան Ուկրաինայի դեմ, ինչը իհարկե, անընդունելի է, սակայն պետք է այստեղ նկատել ձևը։

Եթե ագրեսիան չի դատապարտվում և դառնում է հակամարտությունների լուծման գործիք, պետք չէ զարմանալ, որ ուրիշները ևս կօգտագործեն այդ հնարավորությունը՝ իրենց նպատակների համար։

Անցնենք առաջ՝ ինչպե՞ս Ուկրաինայում բանը հասավ այս իրավիճակին։ Ինչպես գիտենք՝ պատճառներից մեկն Ուկրաինայի կողմնորոշումն էր և նրա՝ ՆԱՏՕ-ին միանալու ձգտումը։ Տեսականորեն, բոլոր պետությունները պետք է իրավունք ունենան ընտրելու ռազմական որ միությանը միանալ, սակայն իրական աշխարհում դա չի աշխատում։

Օրինակ, եթե մի օր Մեքսիկան որոշի միանալ ՀԱՊԿ-ին և ռուսական զորքերին հրավիրի ԱՄՆ սահմանի մոտ, այդ երկրի կառավարությունը 48 ժամ անց կփոխվի։ Ուստի, այստեղ ավելի լայն համատեքստ կա, որքան էլ որ այն դաժան է։

Ամենամեծ ողբերգությունն այն է, որ այս ամենից հնարավոր էր խուսափել։ Սրան կար լուծում, այժմ չգիտեմ որքանով է այն դեռ էական։ Դա Ուկրաինայի չեզոքությունն է․ փոխանակ Արևմուտքի ու Արևելքի միջև կռվախնձոր դառնալու, այն կարող էր դառնալ կամուրջ, ինչը կենթադրեր, որ Ուկրաինան չի միանա ՆԱՏՕ-ին, սակայն կպահպանի կարողությունը՝ սեփական երկիրը կառավարելու և պահպանելու իր տարածքային ամբողջականությունը։ Բայց դա անհնար եղավ՝ բոլոր կողմերի առավելապաշտական դիրքորոշման պատճառով։

Իրականում, Ուկրաինան, ինչպես և Հայաստանը, հայտնվեցին այս աքցանի մեջ։ Ռուսաստանի կողմից սա շատ ակնհայտ փորձ է՝ վերահաստատելու իր ազդեցության ոլորտը՝ հավանաբար ամբողջ նախկին ԽՍՀՄ տարածքում, բացառությամբ բալթյան երկրների, որտեղ նա ձգտում է ունենալ ՎԵՏՕ-ի իրավունք այս բոլոր երկրների միջազգային ու արտաքին քաղաքականության որոշումներում։ Այնպես, ինչպես այն ունի Հայաստանում հիմա։ Ակնհայտորեն, սա ցանկալի չէ։

Միաժամանակ, հակառակ ուժը Արևմուտքն է, որի համար, և հատկապես Վաշինգտոնում բազում մարդկանց, Սառը պատերազմը երբեք էլ չի ավարտվել։ Եվ նրանց առաջ է մղում այս մոլուցքային մղումը՝ մշտապես լուսանցքայնացնել, անկյուն մղել ու ստորացնել Ռուսաստանին։ Սրանք նույն մարդիկ են, որոնք այսօր պատրաստ են կռվել Ռուսաստանի դեմ՝ զոհաբերելով մինչև վերջին ուկրաինացուն։

Փաստ է, որ Ռուսաստանը տարածաշրջանային գերտերություն է, և եթե որևէ մեկը փորձի դա վտանգել նրա այդ կարգավիճակը, կստացվի իրավիճակ, որի ականատես ենք հիմա։

Սառը պատերազմին հաջորդող աշխարհը ավարտվեց երեկ, ամեն ինչ սկսվեց նորից։ Չգիտենք՝ ինչպիսին այն կլինի, ավելի բարդ աշխա՞րհ, թե՞ մի բան, որը կստեղծի ավելի խոշոր ճգնաժամ, որի լուծումն էլ ի վերջո կհանգեցնի ավելի խաղաղ աշխարհի։

Աշխարհում պակասել են առաջնորդները, որոնք ունեին տեսլական, կամք և սառնարյուն իրատեսություն՝ այս խնդիրների լուծման համար, պնդաճակատ առավելապաշտական մոտեցումների փոխարեն, որը մեզ բերել է այսօրվա իրավիճակին։

Այն հումանիտար ճգնաժամը, որի ականատես ենք հիմա և երկու տարի առաջ Արցախում, շատ ցավալի են։ Դրանք սարսափելի հիշողություներ են արթնացնում։ Բոլոր երկրներում էլ որդեկորույս մայրերը նույն կերպ են ողբում։ Հուսով եմ՝ այս ամենը շուտափույթ ավարտ կուենա։

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի