Վրացիները զայրացած են Ուկրաինայի հարցում կառավարության անգործությունից 

Tbilisi-protest-25-2-22-1-1024x682 Թբիլիսիում փետրվարի 25-ին հազարավոր մարդիկ փողոց են դուրս եկել։ Լուսանկարը՝ Մարիամ Նիկուրաձեի/OC Media:

Շոթա Կինչա, OC Media

Ուկրաինային համերաշխություն ցուցաբերելու նպատակով Վրաստանում անցկացվող ցույցերը ակնհայտորեն հակակառավարական երանգ են ստացել այն բանից հետո, երբ Վրաստանի իշխանությունները չարձագանքեցին Ուկրաինա Ռուսաստանի ներխուժմանը։

Ի աջակցություն Ուկրաինայի հինգշաբթի անցկացված ցույցից հետո հազարավոր վրացիներ ուրբաթ երեկոյան կրկին դուրս են եկել Թբիլիսիի կենտրոնական փողոցներ՝ բողոքելու «Ռուսական երազանք»-ի դեմ (բառախաղով զուգահեռ է անցկացվում իշխող «Վրացական երազանք» կուսակցության հետ), ինչպես այն անվանում է այս ցույցերի հետևում կանգնած ընդդիմադիր ուժերից մեկը՝ «Դրոա»-ն։

Թբիլիսիի բնակիչ 21-ամյա Նուցան (աջից). «Ես այստեղ եմ՝ ցույց տալու իմ աջակցությունը Ուկրաինային և ցույց տալու, որ համաձայն չեմ մեր կառավարության հետ։ Ես ուզում եմ մինչև վերջ կանգնել Ուկրաինայի կողքին։ Լուսանկարը՝ Շոթա Կինչայի/OC Media։


Կառավարության քննադատները, ներառյալ ընդդիմադիր կուսակցությունները՝ «Միացյալ ազգային շարժում», «Լելո», «Գիրչի – ավելի շատ ազատություն», Լեյբորիստական կուսակցություն և «Եվրոպական Վրաստան», կառավարությանը դատապարտել են ի պաշտպանություն Ուկրաինայի ավելի խիստ դիրքորոշում չունենալու համար։

Ուրբաթ, երբ նախագահը խորհրդարանում արտահերթ նիստ էր հրավիրել Ուկրաինայում ստեղծված իրավիճակը քննարկելու նպատակով, իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատգամավորները բոյկոտել էին այն, ինչի հետևանքով քվորում չէր ապահովվել։

«Վրացական երազանք»-ի պատգամավորներն ասել էին, որ ընդդիմության պահանջած նիստը «պարզապես ցուցադրական» բնույթ է կրելու։

Զայրույթն ավելի մեծացավ, երբ խորհրդային բանակի կողմից 1921-ին սպանված վրացի զինվորների հիշատակը հավերժացնող հուշահամալիր այցելության ժամանակ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին խոստացավ, որ Վրաստանը չի միանա Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցներին:

Լուսանկարը՝ Մարիամ Նիկուրաձեի/OC Media։

Փետրվարի 24-ին Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո մի շարք երկրներ լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել այդ երկրի նկատմամբ, այդ թվում՝ ռուսական բանկերի, պետական և զինվորական բարձրաստիճան պաշտոնյաների, պետական խոշոր ընկերությունների և հայտնի օլիգարխների:

Ուրբաթ «Միացյալ ազգային շարժում» խմբակցության պատգամավոր Խաթիա Դեկանոիձեն նաև առցանց ստորագրահավաք է նախաձեռնել, որպեսզի վրացիներն իրենց անհամաձայնությունն արտահայտեն Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ չկիրառելու վերաբերյալ Ղարիբաշվիլիի խոստմանը:

Բողոքի ցույցերը վերսկսվել են Բաթումի քաղաքում, որտեղ մի խումբ ակտիվիստներ այրել են Ռուսաստանի դրոշը։ Լուսանկարը՝ «Բաթումելեբի» կայքի։

Ցույցեր են տեղի ունեցել նաև Բաթումի, Քութայիսի և Օզուրգեթի քաղաքներում, ինչպես նաև Ծալենջիխայի շրջանի Պախուլանի գյուղում։

Ուրբաթ նախքան մարդիկ կհավաքվեին խորհրդարանի մոտ, ոստիկանությունը «Գիրչի – ավելի շատ ազատություն» կուսակցության անդամ Բադրի Գրիգալաշվիլիին բերման է ենթարկել «Մենք բռնաբարում ենք Ղարիբաշվիլիի մորը» գրությամբ պաստառ պահելու համար։

«Ամոթ» շարժումը, որը վրացական լիբերալ խումբ է և բողոքի ցույցերի համակազմակերպիչը, վրացիներին կոչ է արել ձեռնպահ մնալ ռուսական արտադրության ապրանքներ ու ծառայություններ սպառելուց:

Թբիլիսիին մոտ գտնվող Ռուսթավի քաղաքում ռուսական պետական «ՎՏԲ բանկ»-ի մասնաճյուղի պատին մի քանի գրաֆիտի են նկարել՝ կոչ անելով վրացիներին հանել իրենց գումարներն այս բանկից:

«ՎՏԲ բանկ»-ի մասնաճյուղ՝ Ռուսթավիում։ Լուսանկարը՝ «Ինֆո Ռուսթավի»-ի։


Շատ վրացիներ, որոնք իրենց վրդովմունքն էին արտահայտում կառավարության նկատմամբ, հիշում էին, որ 2008-ին Ուկրաինայի այդ ժամանակվա նախագահ Վիկտոր Յուշչենկոն, եվրոպական այլ առաջնորդների հետ միասին, Թբիլիսիում էր, երբ ռուսական բանակը օգոստոսյան պատերազմի ժամանակ առաջ էր շարժվում դեպի մայրաքաղաքի մատույցներ։

«Հանուն Վրաստանի» կուսակցության նախագահ Գիորգի Գախարիան, որը որպես ներքին գործերի նախարար 2018-ին անձամբ էր վերահսկում Թբիլիսիում հակակառավարական և հակառուսական ցույցերը բիրտ ուժի կիրառմամբ ցրելու գործողությունները, նույնպես քննադատել է իշխանություններին և կոչով դիմել ուկրաինացիներին:

«Վրաստանի վարչապետի հայտարարությունը չի համընկնում վրաց ժողովրդի տրամադրությունների հետ։ Վրաց ժողովուրդը կանգնած է ուկրաինացիների կողքին։ Ինչ վերաբերում է այս միասնությունը խաթարողներին, ապա նրանք գործում են հօգուտ ագրեսորների և անպայման պատասխանատվություն են կրելու դրա համար»,– ասել է Գախարիան։

Մեկնաբանել