Գերմանիան դարձել է ԵՄ վերջին պետությունը, որը համաձայնել է միջազգային միջբանկային փոխանցումների SWIFT համակարգից Ռուսաստանի անջատմանը։
Ռուսաստանը կանջատվի SWIFT միջազգային միջբանկային համակարգից. որոշումը դեռ պաշտոնականացված չէ, սակայն արդեն սկսվել են տեխնիկական նախապատրաստման աշխատանքները դրա ընդունման և այս պատժամիջոցի իրականացման համար։ Այս մասին այսօր ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան։
«Ուկրաինական դիվանագիտության ողջ ուղղահայացը աշխատեց՝ Ուկրաինայի նախագահից մինչև Ուկրաինայի դեսպանատան կցորդ: Շնորհակալ եմ նաև հազարավոր մարդկանց, մասնավորապես ուկրաինական սփյուռքին, որ ճնշում գործադրեցին իրենց կառավարությունների վրա»,- գրել է նախարարը։
Այսօր հայտնի է դարձել, որ Գերմանիան՝ ԵՄ վերջին պետությունը, որը մինչ այժմ ձեռնպահ էր մնում SWIFT-ից Ռուսաստանի անջատմանը, համաձայնել է այդ պատժամիջոցի կիրառմանը։ Այս մասին հայտնել է Ազատություն ռադիոկայանի թղթակից Ռիկարդ Յոզվիակը։
Ավելի վաղ Ռուսաստանին SWIFT համակարգից անջատելու որոշմանն աջակցել էին Հունգարիան, Իտալիան, Ֆրանսիան և Կիպրոսը։
SWIFT-ը միջբանկային փոխանցումների միջազգային համակարգ է՝ Համաշխարհային միջբանկային ֆինանսական հեռահաղորդակցության միություն ((Society for Worldwide Interbank Financial Telecommunication – SWIFT)։ Այն բելգիական ընկերություն է, որն աշխարհով մեկ բանկերի միջև ծառայում է որպես միջնորդ և ֆինանսական գործարքների կատարող:
Տե՛ս նաև՝
Առաջիկա օրերին կարող է ընդունվել SWIFT-ից Ռուսաստանին անջատելու որոշումը
SWIFT համակարգից Ռուսաստանի անջատումը ծանր հետևանքներ կունենա Հայաստանի համար. ԿԲ նախագահ