Ինչ վնասներ կկրի Հայաստանը, եթե Ռուսաստանին անջատեն SWIFT-ից

Ռուսաստանին համաշխարհային միջբանկային SWIFT համակարգից անջատումը, որի հավանականությունը Ուկրաինայի դեմ ՌԴ-ի սկսած ռազմական գործողության հետևանքով կտրուկ աճել է, կարող է ծանր հետևանքներ ունենալ նաև Հայաստանի տնտեսության համար:

Ուկրաինայի դեմ պատերազմի երրորդ օրը`փետրվարի 25-ին, Եվրամիության շարքերում ավելի հստակ են հնչում Ռուսաստանը SWIFT համակարգից անջատելու մասին կոչերը: Ըստ Reuters գործակալության`այդ որոշումը կարող է ընդունվել առաջիկա օրերին: Կիպրոսը, Ֆրանսիան, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Կանադան ու Եվրոպական Միության ղեկավարությունը հայտարարել են, որ կողմ են Ռուսաստանին SWIFT համակարգից անջատելուն:

Եվրամիության երկրներից միայն Գերմանիան և Հունգարիան են դեմ արտահայտվում այդ որոշմանը, որի պատճառը, ինչպես հայտնում է Bloomberg-ը, տնտեսական է՝ Ռուսաստանին SWIFT-ից անջատելը կդժվարացնի ռուսական նավթի և գազի մատակարարումների դիմաց վճարումները: Շաբաթ օրը ավելի ուշ հաղորդվեց, որ Գերմանիան ևս իր համաձայնությունն է տվել։

Ինչ է SWIFT-ը

SWIFT-ը (Society for Worldwide Interbank Financial Telecommunication) համաշխարհային միջբանկային անվտանգ հաղորդագրությունների համակարգ է, որի միջոցով իրականացվում են անդրսահմանային արագ վճարումներ:

Ինչպես գրում է Euronews-ը, 2020-ին SWIFT հարթակի միջոցով օրական ուղարկվել է մոտ 38 միլիոն հաղորդագրություն։ Այս համակարգի միջոցով ամեն տարի փոխանցվում են տրիլիոնավոր եվրոներ։

Եթե ​​ռուսական բանկերին արգելվի օգտվել SWIFT-ից, ապա նրանց համար շատ ավելի դժվար կլինի մատչում ունենալ համաշխարհային ֆինանսական շուկաներին։

Արդյունքում, ռուսական բիզնեսի և ՌԴ-ում բանկային հաշիվներ ունեցող անձանց համար շատ ավելի դժվար կլինի ապրանքներ ներմուծել և արտահանել, վարկ վերցնել և ներդրումներ կատարել արտասահմանում:

Ռուսական մոտ 300 բանկ և ֆինանսական հաստատություն միջբանկային փոխանցումների համար օգտագործում են SWIFT-ը։

Ռուսաստանին այս համակարգից հեռացումը աննախադեպ երևույթ չէ։ Հայաստանի հարևան Իրանը տարիներ առաջ զրկվել է SWIFT-ի հասանելիությունից:

Միևնույն ժամանակ SWIFT-ին կան այլընտրանքներ: Օրինակ, Ռուսաստանն ու Չինաստանը օգտագործում են իրենց սեփական համակարգերը, որոնք աշխատում են նույն կերպ, բայց համաշխարհային ընդգրկում չունեն:

Ռուսական աղբյուրները հայտնում են, որ Ռուսաստանը ստեղծել է ֆինանսական հաղորդագրությունների սեփական համակարգն ի պատասխան SWIFT-ից ռուսական բանկերի հնարավոր անջատման ռիսկերի։ Այդ համակարգին միացված են օտարերկրյա 23 մասնակիցներ Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Գերմանիայից և Շվեյցարիայից։

Ինչ վնասներ կկրի Հայաստանը

Համաշխարհային ֆինանսական հոսքերից Ռուսաստանի անջատումը բացասական հետևանքներ կունենա նաև Ռուսաստանի հետ սերտ տնտեսական կապեր ունեցող հետխորհրդային պետությունների համար: Դրանց թվում է Հայաստանը, որի խոշորագույն առևտրատնտեսական գործընկերը Ռուսաստանն է:

Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը դեռ փետրվարի սկզբին ասել էր, որ Հայաստանի տնտեսության և բանկային համակարգի համար հետևանքները ծանր կլինեն SWIFT-ից Ռուսաստանի անջատման դեպքում:

Գալստյանը փետրվարի 1-ին տեղի ունեցած ասուլիսին ասաց, որ ուկրաինական ճգնաժամի խորացումը և ռազմական գործողությունների հնարավոր սանձազերծումը, որին կհետևեն ՌԴ-ի դեմ Արևմուտքի կոշտ պատժամիջոցները, Հայաստանի համար ամենաանցանկալի սցենարն են:

«Հայաստանի տնտեսության վրա այդ ամենի ազդեցության չափը կախված կլինի այն բանից, թե ինչ պատժամիջոցներ են կիրառվում Ռուսաստանի դեմ […]: Ռուսաստանում, ամենայն հավանականությամբ, պետք է սպասել ազգային արժույթի արժեզրկում, որի հետևանքով մենք որոշակիորեն կկորցնենք մեր մրցունակությունը Ռուսաստանի տնտեսության հանդեպ»:

ԿԲ նախագահը կանխատեսում էր նաև Հայաստանի համար հայելային բացասական հետևանքներ` կախված ռուսական բանկերի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների մասշտաբից ու տեսակից:

Բանն այն է, որ հայաստանյան բանկերը ամերիկյան խոշոր ֆինանսական կառույցների հետ հիմնականում հարաբերվում են ռուսական բանկերի միջոցով: Իսկ ֆինանսական հարաբերությունները միջնորդավորված են, քանի որ հայաստանյան բանկերը փոքր են, մեծ հետաքրքրություն չեն ներկայացնում միջազգային խոշոր ֆինանսական ինստիտուտների համար, ինչի պատճառով էլ սպասարկվում են միջնորդավորված:

Փետրվարի սկզբին անորոշությունները շատ էին, ուստի դժվար էր կանխատեսել Հայաստանի բանկային համակարգի վրա Ռուսաստանի նկատմամբ ֆինանսական պատժամիջոցների ազդեցության ծավալներն ու խորությունը:

Այժմ Արևմուտքը պատրաստվում է Ռուսաստանին անջատել համաշխարհային ֆինանսական համակարգից, պատժամիջոցներ կիրառել ՌԴ կենտրոնական բանկի դեմ, որում, ըստ Bloomberg-ի, կուտակված են 643 մլրդ դոլարի հասնող պահուստային միջոցներ։ Ռուսաստանյան բանկային ծառայությունների 70 տոկոսն արդեն իսկ Եվրամիության պատժամիջոցների տակ է հայտնվել:

Արշալույս Մղդեսյան

Մեկնաբանել