ԱՄՆ-ն ու ԵՄ երկրները սառեցնում են Ռուսաստանի ԿԲ-ի ակտիվները

Եվրամիության երկրները, ԱՄՆ-ը, Կանադան և Մեծ Բրիտանիան պայմանավորվել են անջատել ռուսական բանկերը SWIFT միջազգային բանկային համակարգից, ինչպես նաև սառեցնել Ռուսաստանի կենտրոնական բանկի ակտիվները։

«Դա կապահովի այս բանկերի անջատումը միջազգային ֆինանսական համակարգից և կվնասի նրանց գլոբալ գործելու կարողությանը»,- ասվում է Եվրահանձնաժողովի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Մեծ Բրիտանիայի, Կանադայի ու ԱՄՆ-ի համատեղ հայտարարությունում:

«Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ դաշնակիցները պայմանավորվել են սառեցնել Ռուսաստանի բանկի [ԿԲ] ակտիվները։ «Մենք պատրաստվում ենք կաթվածահար անել Ռուսաստանի բանկի ակտիվները»,- ասել է նա՝ հավելելով, որ այս միջոցը Ռուսաստանին թույլ չի տա օգտագործել իր ռազմական բյուջեն։

Ռուսաստանի կենտրոնական բանկն ունի մոտ 640 մլրդ դոլար արտարժութային պահուստներ, որոնց մեծ մասը պահվում է արևմտյան կենտրոնական բանկերում՝ Նյու Յորքում, Լոնդոնում և Ֆրանկֆուրտում: Այդ միջոցների սառեցումը կարող է հսկայական ազդեցություն ունենալ Ռուսաստանի տնտեսության վրա։

Ոսկու և արտարժութային պահուստներին հասանելիության արգելքը Ռուսաստանի կենտրոնական բանկին զրկում է իր բանկերին աջակցելու, ինչպես նաև շուկայում արտարժութային ինտերվենցիաներով ռուբլու փոխարժեքը կարգավորելու հնարավորությունից։

Կենտրոնական բանկի դեմ ուղղված միջոցառումները կարող են հանգեցնել ֆինանսական քաոսի Ռուսաստանում՝ հանգեցնելով բանկերից միջոցների զանգվածային դուրսբերման, ռուբլու փլուզման և խուճապ առաջացնել ռուս ձեռնարկատերերի շրջանում:

Արևմտյան նոր պատժամիջոցներից հետո ռուսական բանկային համակարգը սպասում է «ազատ անկման», ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը, փոխանցում է Reuters-ը։

Փետրվարի 24-ին Ռուսաստանի՝ Ուկրաինա ռազմական ներխուժումից հետո արևմտյան երկրները և հաստատությունները նորանոր պատժամիջոցներ են սահմանում Ռուսաստանի նկատմամբ։

Մեկնաբանել