Վրաստանի վարչապետը բացատրել է, թե ինչու չի միանում հակառուսական պատժամիջոցներին

Շոթա Կինչա, OC Media

Վրաստանի իշխող կուսակցությունը անցյալ շաբաթվանից մրցակից քաղաքական գործիչներին մեղադրում է Վրաստան ռուսական ռազմական ներխուժման ձգտելու մեջ, ինչպես դա եղավ «ինչպես 2008-ին»:

Ուրբաթ կառավարության նիստին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին մեղադրել է ընդդիմադիր խմբերին՝ նրանց անվանելով «մարգինալ-ավերիչ» և «արմատական»։

«Ես վստահ եմ՝ նրանք շատ հիասթափված են, որ այսօր այստեղ պատերազմ չկա։ Որևէ մեկը մտածե՞լ է, թե որտեղ կլինեինք, եթե [Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ] Սաակաշվիլին իշխանության ղեկին լիներ։ Պատերազմը սկզբում կսկսվեր Թբիլիսիում, հետո՝ Կիևում»։

Թեև Վրաստանում հանրային տրամադրությունները խիստ քննադատական Ռուսաստանի նկատմամբ՝ 2008-ի օգոստոսին Հարավային Օսիայում պատերազմի բռնկումից հետո Վրաստան ներխուժման համար, հարցը, թե արդյոք Վրաստանի իշխանություններն ամեն ինչ արե՞լ են դա կանխելու համար, մնում է վիճելի և խիստ բևեռացված:

Ղարիբաշվիլին այսօր կրկնել է իր կուսակցության կողմից նախկին կառավարության դեմ (որին նրանք փոխարինեցին 2012-ին) մշտապես հնչեցված տեսակետը․

«Մեզ քաջածանոթ է այն, ինչ կատարվում է Ուկրաինայում։ Մենք դա զգացել ենք շատ ավելի վաղ՝ 2008-ին: Շատ ցավալի է, որ արմատական ընդդիմությունը ուրախ է ուկրաինական պատերազմով […] Պետք է ուղղակիորեն ասել՝ նրանց նպատակն է, որ նույն աղետը տեղի ունենա Վրաստանում, ինչպես 2008-ի աղետը, որը չկարողացան կանխել իրենց ժողովրդի և երկրի համար։

Մեղադրանքներն անհասցե «ընդդիմության» դեմ հնչեցին այն բանից հետո, երբ ընդդիմադիր խմբերի մեծ մասը՝ խորհրդարանական և արտախորհրդարանական, քննադատեցին Ղարիբաշվիլիին Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցում այլ երկրներին չմիանալու և Վրաստանի օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար չփակելու համար, ինչպես դա արել է Եվրոպայի մեծ մասը:

Ղարիբաշվիլին երկուշաբթի հանրությանը հիշեցրեց, որ Վրաստանը մեծապես կախված է Ռուսաստանից՝ գյուղատնտեսական ապրանքների արտահանման, ռուս զբոսաշրջիկներից ստացվող եկամուտների և Ռուսաստանում ապրող «մեկ միլիոն վրացիներից» դրամական փոխանցումների առումով։

«Ուրեմն ի՞նչ են նրանք խնդրում ինձնից։ Պատժամիջոցներ կիրառել սեփական ժողովրդի դե՞մ»,- հարցադրում է արել Ղարիբաշվիլին կառավարության նիստին։

Ռուսաստանի ռազմական գործողություններն Ուկրաինայում և Ղարիբաշվիլիի բառամթերքն այս հարցում, հատկապես փետրվարի 25-ին՝ Վրաստանի խորհրդային օկուպացիայի հիշատակի օրը, խթանել են Ուկրաինա ներխուժման դեմ ամենօրյա բողոքի ցույցերը Թբիլիսիում:

Քաղաքացիական ակտիվիստների մի քանի խմբեր, որոնցից առավել հայտնի է «Ամոթի շարժումը», հանդես են եկել Ռուսաստանի դեմ «ժողովրդական պատժամիջոցների» օգտին, այդ թվում՝ կոչ անելով վրացիներին ձեռնպահ մնալ ռուսական ապրանքներ գնելուց: Իրենց կառավարության արձագանքից հիասթափված վրացիները պահանջում են նաև սահմանափակել «ռուսական քարոզչությունը» Վրաստանում։

«Խոսեք ռուսական քարոզչական լրատվամիջոցների արգելափակման մասին. Ղարիբաշվիլին Վրաստանում Կրեմլի գլխավոր քարոզիչն է, և առաջին հերթին նրան պետք է արգելել խոսել երկրի անունից»,- կոչերին ի պատասխան ասել է ամենամեծ ընդդիմադիր խմբի՝ «Միացյալ ազգային շարժման» նախագահ Նիկա Մելիան։

Երկուշաբթի իր ելույթում Ղարիբաշվիլին վերստին անդրադարձել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին․ «Եվրոպայում՝ Եվրոպայի ամենամեծ պետությունում, մեծ պատերազմ է ընթանում։ Ուկրաինայի մայրաքաղաքը ռմբակոծվում է, և դա կանգնեցնող չկա, և եկեք պարզ ասենք, որ պատժամիջոցներն արդյունավետ չեն»:

Ավելի վաղ՝ փետրվարի 23-ին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինայում «հատուկ ռազմական գործողության» հրամանից ժամեր առաջ, Ղարիբաշվիլին քննադատել էր Ուկրաինային զենքի մատակարարումը՝ նշելով, որ «Ամերիկան այդ ուղղությամբ ամենամեծ դոնորն է և ամենամեծ ներդրումն է ունեցել»։

Վրաստանի հանրային պաշտպան Նինո Լոմջարիան իր ֆեյսբության էջում վրդովմունք է հայտնել վարչապետի հռետորաբանությունից․ «Ոչ ոք ձեզ չի խնդրում դառնալ Զելենսկի։ Պարզապես լռի՛ր։ Մի՛ խայտառակիր մեզ»։

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Մեկնաբանել