Հայաստանում ադրբեջանական ծագման բենզին չկա. Գեղամ Գևորգյան

Գեղամ Գևորգյան

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը պնդում է, որ Հայաստանի բենզինի ու դիզվառելիքի շուկայում ադրբեջանական ծագման բենզին չկա։ Այս մասին նա հայտարարեց մարտի 1-ին Ազգային ժողովի հերթական նիստին։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն էր հետաքրքրվել Գևորգյանից, թե արդյոք հակառակորդ երկրից բենզին մտնում է Հայաստան։

«Արդյոք բեզինի ու դիզվառելիքի շուկայում ադրբեջանական Socar ընկերության դերակատարությունը կա՞, թե՞ ոչ»,- հարցրեց պատգամավորը։

«Հայաստանի Հանրապետություն բենզինի և դիզելային վառելիքի գերակշիռ մասը գալիս է Ռուսաստանից՝ «Ռոսնեֆտի» կողմից, որին մեծ մասնաբաժին է պատկանում, փոքր մասնաբաժին՝ «Լուկոյլ», «Գազպրոմ»»,- ասաց Գևորգյանը՝ հավելելով, որ Իրանից և մի փոքր տոկոս գալիս է նաև Ռումինիայից ու Բուլղարիայից։

Նրա կարծիքով՝ քննարկումը ծագել է նախորդ տարեվերջին հանձնաժողովի հաստատած մի գործարքի պատճառով։ «Այս խոսակցությունները մեր՝ վերջին թույլ տված գործարքի շուրջ է, որն առնչություն չունի Ադրբեջանի հետ»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ գործարքը վերաբերում էր վրացական Petrocas Energy ընկերությունը, որը ներկայացնում է հանրահայտ Gulf բրենդը։ Մրցակցության հանձնաժողովը հավանություն էր տվել, որ վրաց-ռուսական կապիտալով այս ընկերությունը գնի հայկական «Միկա քորփորեյշնը»՝ բենզալցակայանների ցանցով հանդերձ։

Տե՛ս նաև՝

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել