Բնակիչներին վաճառվող գազը ապրիլի 1-ից կթանկանա 4,7 դրամով

գազի գինը հայաստանում

Բնակիչներին վաճառվող բնական գազի սակագինը ապրիլի 1-ից կբարձրանա 4,7 դրամով՝ 1 խմ-ի դիմաց 139 դրամից դառնալով 143,7 դրամ։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) մարտի 1-ին կայացած նիստում սահմանել է «Գազպրոմ Արմենիա»-ի կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագները։

Բնակիչների համար, բացառությամբ սոցիալապես անապահով սպառողների, վաճառվող բնական գազի սակագինը 1000 խմ-ի համար սահմանվել է 143 700 դրամ։ Սոցիալապես անապահով ընտանիքների սպառողներին վաճառվող բնական գազի սակագինը՝ տարեկան մինչև 600 խմ բնական գազի համար կկազմի 100 000 դրամ։

«Գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսություններին, վերամշակող՝ պահածոների, խմիչքների և կաթնամթերքի արտադրությամբ զբաղվողներին վաճառվող բնական գազի սակագինը` նոյեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար, սահմանվել է 233,9 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` սպառված յուրաքանչյուր հազար խմ բնական գազի համար»,- ասված է ՀԾԿՀ որոշման մեջ։

Հանձնաժողովից հայտնում են նաև, որ մյուս սպառողներին (այդ թվում՝ ջերմային էլեկտրակայաններին) վաճառվող գազի գինը՝ յուրաքանչյուր ամիս մինչև 10 000 խմ-ի համար, սահմանվել է 143 700 դրամ, իսկ 10 000 խմ-ը գերազանցող գազի համար՝ 265,8 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։

Սահմանված սակագներն ուժի մեջ կմտնեն 2022-ի ապրիլի 1-ից:

Տե՛ս նաև՝ Գազը կթանկանա․ վերծանելով կարգավորող հանձնաժողովի հաղորդագրությունը

Մեկնաբանել