Ստեղծված աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում ՀՀ իշխանությունների կեցվածքն անհասկանալի է․ Տիգրան Աբրահամյան

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ԱԺ-ի մարտի 1-ի նիստի ընթացքում կարծիք հայտնեց, որ Հայաստանի և Արցախի շուրջ ձևավորված հետպատերազմյան անվտանգային միջավայրն առավել «մուգ գույներ է ստանում, և շփման գծի իրադրությունը կարող է էականորեն փոփոխվել»։

«Եթե նկատի ենք առնում այն հանգամանքը, որ այս տարածաշրջանում գործող ավանդական կամ պոտենցիալ դերակատարներն ուկրաինական ճգնաժամով պայմանավորված ագրեսիվ դիմակայության փուլում են, աստիճանաբար տեսանելի է դառնում ՀԱՊԿ-ՆԱՏՕ անուղղակի, և չի բացառվում, նաև ուղիղ բախումը, առավել հստակ է դառնում, թե Հայաստանի գլխին ինչ նոր սպառնալիքներ են կախված»,- նշեց պատգամավորը։

Նրա կարծիքով՝ այս փուլում Հայաստանի և Արցախի սահմանին կարող են լինել տարբեր բնույթի սադրանքներ, մեծամասշտաբ զորավարժություններ, ինչպես նաև զորքերի կուտակումներ։ Մեկ այլ փուլում, ըստ պատգամավորի, բարձր ռիսկ կա, որ դրանք կարող են ունենալ առավել ագրեսիվ, թիրախային և մասշտաբային տեսք։

«Հարավային Կովկասն այն հիմնական ճակատներից է, որը կարող է բացվել ՌԴ-Արևմուտք դիմակայության պայմաններում, իսկ ճակատի առաջին շարքերում Թուրքիան և Ադրբեջանն են»,- նշեց Աբրահամյանը։

Ըստ նրա՝ ստեղծված բարդ և աննախադեպ ծանր իրադրությունում անհասկանալի կեցվածք են ընդունել Հայաստանի իշխանությունները։ Նա կարծում է, որ այս մարտահրավերներին դիմագրավելու փոխարեն՝ պաշտպանության նախարարությունը զբաղված է զինված ուժերում «ներկուսակցական շահեր սպասարկող փոփոխություններով»։

«Ուկրաինայում լայնամասշտաբ ռազմական գործողությունների ծավալման առաջին իսկ օրն իշխանությունը, գլխավոր շտաբի պետ, տեղակալ և վարչության պետեր փոխելով, զինված ուժերի ղեկավարման համակարգում արհեստական ճգնաժամ է ստեղծել։ Ավելին, մինչև հիմա գլխավոր շտաբի պետի նշանակում տեղի չի ունեցել»,- ասաց Աբրահամյանը։

«Պարտության խորհրդանիշ դարձած ուժը խելքը գլուխը հավաքելու և երկիրը նոր փորձության չտանելու փոխարեն, զբաղված է դատարկ նախաձեռնություններով, մանր մունր խորամանկություններով և խնդիրներից փախուստ կատարելու անփառունակ գործողություններով»,- եզրափակեց պատգամավորը։

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել