Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի նախկին տնօրենը 15 միլիարդ դրամ է վերականգնել բյուջե

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն ավելի քան 15 միլիարդ դրամ է վերականգնել պետական բյուջե՝ քրեական գործով պետությանը պատճառված վնասը փոխհատուցելու համար։ Այդ մասին հայտնում է Պետեկամուտների կոմիտեն։

ՊԵԿ-ում քննված քրեական գործով պարզվել է, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի նախկին տնօրենը (խոսքն ըստ էության կոմբինատի նախկին տնօրեն Մհեր Պոլոսկովի մասին է – խմբ․) «հատուկ մշակված և կիրառված սխեմայով կատարել է ԶՊՄԿ արտադրանքի՝ պղնձի խտանյութի շուկայականից էականորեն ցածր արժեքով մատակարարման գործարքներ, որի հետևանքով ընկերության հարկվող շահույթը պակաս է ցույց տրվել ու արդյունքում պետական բյուջե չի վճարվել ավելի քան 15 միլիարդ դրամ»։

Ըստ ՊԵԿ քննչական վարչության՝ կոմբինատը Արաբական Միացյալ Էմիրություններում ձևականորեն հիմնված ընկերության հետ կնքել է խտանյութի էականորեն էժան գնով առքուվաճառքի պայմանագրեր, սակայն խտանյութն իրականում վաճառել է իրական գնորդի՝ միջազգայի ընկերության, որը զբաղվում է խտանյութի վերամշակմամբ։

Մհեր Պոլոսկովն այս գործով եղել է մեղադրյալ։ Նա վերականգնել է 15 միլիարդ դրամը ու ինչպես ՊԵԿ-ն է նշում, գումարը վերականգնվել է ոչ թե Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի ակտիվներից, այլ անձնական միջոցներից։

Մեկնաբանել