Ուկրաինան պատրաստվո՞ւմ է արդյոք միջուկային զենք ձեռք բերել. Լավրովի հայտարարության հետքերով

Հովհաննես Նազարեթյան

#CivilNetCheck

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մարտի 1-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի համաժողովին հայտարարել է, թե Ուկրաինան ծրագրում է ձեռք բերել սեփական միջուկային զենք։

«Այսօր, Զելենսկու ռեժիմի կողմից հարևան երկրներին և ընդհանրապես միջազգային անվտանգությանը սպառնացող վտանգները զգալիորեն աճել են այն բանից հետո, երբ Կիևի իշխանությունները վտանգավոր խաղեր են սկսել՝ սեփական միջուկային զենք ձեռք բերելու ուղղությամբ»,- հայտարարել է Լավրովը Զինաթափման համաժողովի նիստում։

Լավրովի խոսքը տարածել են նաև հայակական լրատվականները, այդ թվում՝ news.am, tert.am, iravaban.net կայքերը։

Պնդումը, թե Ուկրաինան նախատեսում է միջուկային զենք ձեռք բերել, ավելի վաղ արել էր նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ փետրվարի 21-ի իր հեռուստաուղերձում։ Նա նաև դրանով էր հիմնավորել Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժումը։

Ուկրաինան միջուկային զենք ձեռք չի բերում

Ուկրաինան՝ ի դեմս նախագահ Վլադիմիր Զելենսկու իշխանության, երբեք չի հայտարարել միջուկային զենք ձեռք բերելու մասին։ Սակայն դրա շուրջ շահարկումներ սկսվեցին Զելենսկու՝ փետրվարի 19-ին Մյունխենի անվտանգության համաժողովում ելույթից հետո։

Այնտեղ, խոսելով 1994-ի Բուդապեշտի հուշագրի մասին, Զելենսկին հայտարարել էր, որ դրանով Ուկրաինան ստացել էր անվտանգային երաշխիքներ՝ աշխարհի երրորդ միջուկային արսենալից հրաժարվելու դիմաց։ «Մենք այդ (միջուկային-խմբ.) զենքը չունենք: Մենք նաև անվտանգություն չունենք։ Մենք չունենք նաև մեր պետության տարածքի մի մասը…»,- նշել էր Զելենսկին և հավելել, որ Ուկրաինան ունի խաղաղության երաշխիքներ պահանջելու իրավունք։

Զելենսկին նաև ասել էր, որ Ուկրաինան 2014-ից սկսած երեք անգամ փորձել է երաշխավոր պետությունների հետ (Ռուսաստան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա) խորհրդակցություններ հրավիրել, որոնք եղել են ապարդյուն։ Եթե չորրորդ անգամ չհաջողվի դա անել, ապա «Ուկրաինան լիովին իրավունք կունենա հավատալու, որ Բուդապեշտի հուշագիրը չի գործում, և 1994-ի բոլոր փաթեթային որոշումները կասկածի տակ են»,- հայտարարել էր Զելենսկին։

1994-ի դեկտեմբերին ստորագրված Բուդապեշտի հուշագրով Ուկրաինան հրաժարավել էր Խորհրդային Միությունից ժառանգություն մնացած միջուկային զենքերից՝ տարածքային ամբողջականության երաշխիքներ ստանալով դրա դիմաց։

Ավելին, BBC-ի ռուսական ծառայությունը ուսումնասիրել էր նաև Ուկրաինայի կողմից միջուկային զենք ստեղծելու հնարավորությունը և կարողությունը։ Տեսականորեն, Ուկրաինան ունի այդպիսի զենք ստեղծելու հնարավորություն։ «Բայց գործնականում ամեն ինչ շատ ավելի բարդ է»,- գրում է BBC-ին՝ միջուկային զենքի փորձագետների հետ հարցազրույցների հիման վրա։ Հատկամես մեծ խնդիր կլինի ուրանի հարստացման հարցում։

Փաստացի, Ուկրաինայի իշխանությունները չեն հայտարարել միջուկային զենք ձեռք բերելու մտադրության մասին։ Նրանք՝ նշել են, որ եթե իրենց անվտանգային երաշխիքները չապահովվեն, ապա կասկածի տակ կդրվի 1994-ի հուշագրի գործունեությունը։