Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հետևանքները Հայաստան կփոխանցվեն երեք խողովակով. Վարդան Արամյան

վարդան արամյան

Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցների հետևանքով առաջացող տնտեսական շոկերի ազդեցութունը Հայաստանի վրա կլինի միջնորդավորված, և հետևանքները հնարավոր է մեղմել ու կառավարել. ՍիվիլՆեթի հետ զրուցում ասում է ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը` նշելով, որ համաշխարհային միջբանկային SWIFT համակարգից Ռուսաստանի անջատումը կարող է վերջինին դրդել հարևանների, այդ թվում Հայաստանի հետ առևտուրն իրականացնել ռուբլիով։

Արամյանի խոսքով՝ Ռուսաստանի դեմ Արևմուտքի ֆինանսատնտեսական պատժամիջոցները շատ կոշտ են և էապես տարբերվում են 2014-ի պատժամիջոցներից, որոնք կիրառվեցին Ղրիմի բռնակցումից հետո: Այժմ պատժամիջոցները գերազանցապես կիրառվում են Ռուսաստանի ֆինանսական համակարգի դեմ, որն առավել զգայուն ոլորտ է:

Հայաստանի համար ռուս-ուկրաինական պատերազմի ծագող տնտեսական ռիսկերը գնահատելու համար, ըստ Արամյանի, պետք է նախ դիտարկել դրանց փոխանցման ուղիները․ «Նախ, արդեն իսկ Հայաստանում գրանցվեց ռուսական ռուբլու կտրուկ արժեզրկում: Ընդ որում, սովորաբար այսպիսի իրավիճակներում սկզբում արժեզրկման տեմպն ավելի շատ էմոցիաների վրա է հիմնված և հոտային վարքագծի ազդեցության հետևանք է: Դա ֆինանսական շուկաների ֆենոմենն է, որ կրում են իրենց վրա սպասումների արձագանքը։ Ամեն դեպքում, ռուբլին թուլանալու է, բնականաբար սա վատ լուր է մեզ համար, որովհետև մեր ապրանքները հարաբերականորեն թանկանալու են՝ ռուսական ապրանքների համեմատությամբ»:

Ռիսկերի փոխանցման երկրորդ աղբյուրը, Արամյանի խոսքով, առհասարակ Ռուսաստանի տնտեսության հնարավոր թուլացումն է:

Արամյանը կանխատեսում է, որ Ռուսաստանում տնտեսական զարգացումը շատ թույլ կլինի․ «Շատ մեծ է հավանականությունը, որ նրանք ոչ միայն շեղվեն 3-3,5 տոկոսանոց տնտեսական աճից, այլև անկում գրանցեն: Ընդ որում, այդ ամենը կախված է նրանից, թե այս պատժամիջոցները որքան կձգվեն: Մարտի 26-ին կարծես եվրոանտլանտիկ բլոկի կողմից ներդրվելու է պատժամիջոցների նոր փաթեթ, որի ազդեցությունը էլի լինելու է ֆինանսական ուղղություններով: Պատժամիջոցների ազդեցության հարցում ամեն բան կախված է, թե ինչ նոր գործիքներ կկիրառվեն: Բայց ամեն դեպքում փաստը մնում է փաստ, որ այս տարի այնտեղ կլինի տնտեսական անկում»,- նշում է Արամյանը:

Ռուսաստանի տնտեսության հնարավոր ռեցեսիան հանգեցնելու է պահանջարկի կրճատման, որն ըստ Արամյանի, բացասական է անդրադառնալու Հայաստանից Ռուսաստան արտահանվող ապրանքների ու ծառայությունների սպառման վրա:

Երրորդ փոխանցման ուղին Ռուսաստանում արտագնա աշխատանքի մեկնած Հայաստանի քաղաքացիների մասնավոր դրամական փոխանցումներն են։ «Դա եղել է նաև 2014-ին․ երբ տնտեսական անկում է լինում Ռուսաստանում, այն հանգեցնում է տրանսֆերտների կրճատման, նաև արժեզրկման, եթե ռուբլիով են փոխանցում»,- նկատում է Վարդան Արամյանը:

Ինչ վերաբերում է բանկային համակարգին, Արամյանն արձանագրում է, որ այստեղ ևս որոշակի դժվարություններ կան փոխանցումների տեսանկյունից․ «Մեր բանկերը արտարժույթի, օրինակ` դոլարային փոխանցումների առումով դուրս էին գալիս համաշխարահային շուկա՝ ռուսական բանկերի միջոցով, թղթակցային հաշիվների միջոցով: Երբ այդ խողովակը փակվում է, բնականաբար դժվարանում է նաև նրանց այդ վճարումների իրականացումը: Օրինակ, հայկական որևէ բանկ չորս կոնտրագենտ ունի արտասահմանում, որից երեքը՝ ռուսական բանկեր են, մեկը՝ եվրոպական, և նրանք սպասարկում են դեպի դուրս փոխանցումները: Երբ այդ փոխանցումները, առևտրային հոսքերը կատարվում էին չորս կոնտրագենտի միջոցով մի բան է, սակայն երբ երեքը դուրս են գալիս խաղից, դժվարություններ են առաջանում»:

Վարդան Արամյանի խոսքով՝ հայաստանյան բանկերը բավական լավ կապիտալացված են, իրացվելիությունը լավ մակարդակի վրա է, դրա մասին են վկայում ցուցանիշները․ «Ես վստահ եմ, որ կենտրոնական բանկը և բանկային համակարգն այս դժվարությունները ամեն դեպքում ի զորու կլինեն հաղթահարել»։

Պատրաստել է Լիա Ավագյանը

Մեկնաբանել