Ուկրաինա ռուսական ներխուժման վիթխարիությունն ու հնարավոր հետևանքները

gas pipeline

Պետրոս Թերզյան

2022-ի փետրվարի 24-ին Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա ամենամեծ աշխարհաքաղաքական ցնցումն է 1991-ի ԽՍՀՄ փլուզումից ի վեր, իսկ հնարավոր հետևանքների առումով՝ Երկրորդ աշխարհամարտից ի վեր ամենավտանգավոր հակամարտությունը Եվրոպայում: Խաղաղությունը, որ մինչ այժմ տիրում էր այս աշխարհամասում, ի սկզբանե խարխլվել էր նախկին Հարավսլավիան մասնատած հակամարտություններից: Այնուամենայնիվ, դրանք հարաբերականորեն մարգինալ էին, ավելի շուտ քաղաքացիական պատերազմների նման մի բան՝ արտաքին միջամտության որոշակի աստիճանով (հատկապես 1999-ի գարնանը ՆԱՏՕ-ի կողմից Սերբիայի ռմբակոծումը):

Ուկրաինա է ներխուժել աշխարհի ամենամեծ միջուկային տերությունը (մարտագլխիկների թվով): Ռուսական պետության ղեկավարը շատ հստակ սպառնացել է միջուկային զենք կիրառել, եթե որևէ երրորդ կողմ միջամտի այս հակամարտությանը: Ի պատասխան՝ Ֆրանսիայի պաշտպանության նախարարը նշել է, որ ՆԱՏՕ-ն նույնպես միջուկային դաշինք է։ Փետրվարի 27-ին Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի միջուկային զսպման ուժերին կարգադրեց «հատուկ հերթապահության ռեժիմի» դնել: Վախը վերադարձել է Եվրոպա։

Ինչպիսին էլ լինի ուկրաինական պատերազմի արդյունքը, Եվրոպայի անվտանգության ճարտարապետությունը պետք է վերանայվի։ Ռուսական ճնշման ներքո ՆԱՏՕ-ի անդամները համախմբվում են, բայց նախկին խորհրդային հանրապետությունների ներգրավմամբ կազմակերպության ընդլայնումը երկար ժամանակ դե ֆակտո մի կողմ կդրվի: Միացյալ Նահանգների՝ Եվրոպայի անվտանգության հարցում առաջատար դեր խաղալու անհրաժեշտությունը կրկին շատ ակնհայտ է դարձել։

Վաշինգտոնն արդյոք կընդունի՞ Ռուսաստանի նետած հարձակման ձեռնոցը և կվերագնահատի՞ իր միջազգային ռազմական ներկայությունը: Արդյոք նրա մասնակի նահանջի քաղաքականությունը, որի վերջին արարը ձախողումն էր Աֆղանստանում (2021-ի օգոստոս), կտանի՞ ԱՄՆ-ի ավելի ուժեղ ներկայության, մասնավորապես Եվրոպայում և Մերձավոր Արևելքում: Գերմանիան թուլացել է. Ռուսաստանի նկատմամբ նրա ռեալպոլիտիկը ձախողվել է։ Նա հենց նոր հայտարարել է 100 միլիարդ եվրոյի վերասպառազինման ծրագրի մասին: Միջուկային տերություններ Ֆրանսիայից և Մեծ Բրիտանիայից կարող է ակնկալվել, որ նրանք Եվրոպայում ավելի մեծ դեր խաղան, քան նախկինում:

Ռուսաստանին սահմանակից արևելյան երկրները թևակոխում են անապահովության և հնարավոր անկայունության շրջան։ ՆԱՏՕ-ն ստիպված կլինի մեծացնել իր ռազմական ներկայությունը այս տարածաշրջաններում։ Ռուսաստանի և Թուրքիայի միջև վերջին մի քանի տարիների ոչ միանշանակ քաղաքական հարաբերությունները հասել են իրենց սահմանագծին և հստակեցման կարիք ունեն։ Բայց ՆԱՏՕ-ի հետ Անկարայի գործողությունների լիարժեք համապատասխանեցումն այնքան էլ համահունչ չէ Էրդողանի անձի հետ: ՆԱՏՕ-ամետ հասարակական կարծիքը կարող է թափ հավաքել ինչպես Ֆինլանդիայում, այնպես էլ Շվեդիայում:

Կցանկանա՞ն արդյոք այս երկու երկրներն անդամակցել ՆԱՏՕ-ին։ Ինչպե՞ս կարձագանքի Ռուսաստանը։ Ամեն դեպքում, ուկրաինական հակամարտությունը վկայում է (2008-ի Վրաստանից հետո), որ նույնիսկ «բարեկամ» երկիրը կարող է հույս դնել Արևմուտքի ռազմական աջակցության վրա, միայն եթե նա ՆԱՏՕ-ի անդամ է (բացառությամբ երկկողմ պաշտպանական համաձայնագրերի, ինչպիսիք ունի Ֆրանսիան Աֆրիկայում): Սկզբունքորեն, Արևմուտքի և Ռուսաստանի միջև պրոքսի-պատերազմների ռիսկը մեծանում է ամբողջ աշխարհում, բայց պուտինյան Ռուսաստանը չունի նախկին ԽՍՀՄ-ի տոկունության ու արտաքին ազդեցության կարողությունները:

Չինաստանը ներկայում Եվրոպայում ստեղծված նոր իրավիճակի գլխավոր շահառուն է․ իրավիճակ, որը գրավել է աշխարհի ուշադրությունը՝ Պեկինին տալով իր տարածաշրջանում աննախադեպ գործողությունների ազատություն։ Ռուսաստանի հետ նրա հարաբերությունները կարծես թե ավելի ամուր են դարձել, քան երբևէ։ Փետրվարի 4-ին Ռուսաստանի և Չինաստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Սի Ծինփինը համատեղ հայտարարություն տարածեցին՝ ազդարարելով միջազգային հարաբերություններում «նոր դարաշրջանի» մասին։ Երկու երկրները ցանկանում են «բազմաբևեռ» աշխարհի և «համաշխարհային տերությունների միջև նոր տեսակի հարաբերությունների» հաստատում։

Նրանք հայտարարեցին, որ «իրենց բարեկամությունը սահմաններ չունի», և որ երկու երկրների միջև «համագործակցության արգելված ոլորտներ չկան»։ Հետահայաց՝ կարելի է պատկերացնել, որ Պուտինն այդպիսով ապահովել է Չինաստանի աջակցությունը Ուկրաինայում իր հարձակումը սկսելուց առաջ: Պեկինը հասկացրել է, որ կօգնի Մոսկվային շրջանցել Արևմուտքի պատժամիջոցները։

Ռուսական հարձակումից մեկ օր առաջ Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը դատապարտեց «միակողմանի անօրինական պատժամիջոցները»։ Նա ընդգծեց, որ թեև «2011-ից ի վեր ԱՄՆ-ն ավելի քան հարյուր անգամ պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի դեմ, դրանք ոչ մի արդյունք չեն տվել»։ Խոսնակը ավելի հեռուն գնաց՝ ասելով, որ ուկրաինական ճգնաժամի «մեղավորը» Միացյալ Նահանգներն է: Ներխուժման օրը Պեկինը հայտարարեց ռուսական ցորենի ներմուծման մաքսատուրքերի նվազեցման մասին (զայրացնելով մրցակից մատակարար Ավստրալիային):

Այնուամենայնիվ, չինացիները ընտրության հնարավորություն ունեն․ հնարավորինս շատ օգուտ քաղելով իրենց աջակցության կարիքն ունեցող ռուսներից՝ չինացիները կարող են միաժամանակ փորձել ԱՄՆ-ի հետ բանակցել տնտեսական և քաղաքական «նոր գործարքի» շուրջ:

Իհարկե, եթե ներկայի միջազգային կարգավիճակը տապալելու ռազմավարական հեռանկարը (ինչը սկզբունքորեն ցանկանում են նաև ռուսները) նրանց ևս չխրախուսի քայլեր ձեռնարկել իրենց հոգեհարազատ հարցերի շուրջ, ինչպիսին Թայվանն է՝ բացելով նոր ճակատ: Փետրվարի 26-ին Սի Ծինփինը հայտարարեց, որ Չինաստանը և Հյուսիսային Կորեան «կզարգացնեն իրենց բարեկամական և համագործակցային հարաբերությունները»՝ հաշվի առնելով «նոր իրավիճակը»:

Եվրոպայում ընթացիկ իրադարձություններն ավելի հստակ հասկանալու համար անհրաժեշտ է հասկանալ ռուս-չինական հարաբերությունները: Չինաստանին ձեռնտու կլինի, որ Ռուսաստանը դուրս գա այս ճգնաժամից ոչ շատ թույլ, ոչ շատ ուժեղ: Նա ցանկանում է, որ Ռուսաստանը օգնի ստեղծել նոր միջազգային համակարգ՝ միաժամանակ ունենալով Չինաստանի աջակցության կարիքը մի շարք ոլորտներում: Պատմությունից դասեր քաղած չինացիները դեռ կասկածանքով են վերաբերվում ռուսներին։

Ռուսներն ու չինացիները չեն կիսում նույն առաջնահերթությունները (կարևորության առումով). առաջինի համար դա ՆԱՏՕ-ն է, երկրորդի համար՝ նոր միջազգային համակարգը: Այս նրբերանգն արտացոլված է փետրվարի 4-ի ռուս-չինական հայտարարության մեջ, որում չինացիները պնդում են, որ իրենք հավատարիմ են «մարդկության համար ընդհանուր ճակատագիր կառուցելու» հայեցակարգին, որի «կարևորությունը» ընդունում են ռուսները։ Չինացիները «նշում են ազատ բազմաբևեռ միջազգային հարաբերությունների համակարգի ստեղծմանն ուղղված [ռուսական] ջանքերի կարևորությունը»: «Ռուսական ջանքեր» եզրույթը կարելի է կարդալ որպես «ՆԱՏՕ-Ուկրաինա», իսկ Չինաստանի հայեցակարգը՝ որպես «նոր միջազգային համակարգ»»: Այնուամենայնիվ, երկու երկրները կարծես թե լիովին համաձայն չեն իրենց պատկերացրած «նոր համակարգի» ճշգրիտ սահմանման հարցում:

Արդյոք Իրանը որևէ կերպ շահո՞ւմ է ուկրաինական ճգնաժամի սրընթաց վատթարացումից: Առաջին հայացքից՝ այո. իրանական նավթի արտահանման արագ աճը ձեռնտու է արևմտյան երկրներին, քանի որ կարող է նպաստել գնանկմանը և նվազեցնել ռուսական նավթի հարաբերական կարևորությունը միջազգային շուկաներում: Միջուկային խնդրի շուրջ Վիեննայի բանակցությունների ժամանակ այս գործոնը կարող է աշխատել հօգուտ իրանցիների, բայց միայն որոշակի չափով։

Միացյալ Նահանգների (և 2015-ին Իրանի հետ Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիրը ստորագրած մյուս երկրների) համար այս բանակցություններում չափազանց շատ բան է դրված նժարին, որպեսզի զիջումների գնան հիմնական կետերում՝ զուտ համաձայնագիրը (և իրանական նավթի մատակարարման վերականգնումը) արագացնելու համար: Մյուս կողմից, եթե Վաշինգտոնը որոշի, որ այժմ պետք է ուժեղացնի իր ներկայությունը Մերձավոր Արևելքում, ապա աշխարհի այդ հատվածում Իրանի հետ տարածաշրջանային անվտանգության համաձայնության հասնելն ավելի դժվար կլինի:

Ռուսաստանին Ուկրաինայի դեմ պատերազմի պատճառով պատժելու համար արևմտյան երկրներն ընտրել են անհամաչափ առճակատման ռազմավարություն։ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն ուղղված են միջազգային ֆինանսական և տեխնոլոգիական փոխանակումներին՝ երկու ոլորտ, որտեղ Արևմուտքը գերիշխող դիրքեր ունի: Այսպիսով, ռազմական առճակատումից կարելի է խուսափել, քանի որ ռուսներն ավելի շատ սովորական սպառազինություն ունեն Եվրոպայում, քան որևէ այլ երկիր:

Թեև Ռուսաստանի դեմ «զանգվածային» պատժամիջոցներ են սահմանվել, դրանք շնչելու որոշ տեղ թողնում են այդ երկրի տնտեսությանը։ Իրանի դեպքում Թրամփի վարչակազմը 2018-ին փակեց նման հնարավորությունը: Այսպիսով, ի տարբերություն իրանական նախադեպի, Ռուսաստանը լիովին կտրված չէ SWIFT մեխանիզմից: Նպատակը եվրոպական երկրների և Ռուսաստանի միջև էներգետիկ գործարքները չխափանելն է։

Հենց էներգետիկայի ոլորտում է, որ Ռուսաստանին տրվել է շնչելու երկրորդ մեծ հնարավորությունը. սկզբունքորեն նա կկարողանա նավթ և գազ արտահանել գրեթե առանց լուրջ սահմանափակումների, հենց որ բանկերը հաղթահարեն պատժամիջոցների հարուցած տեխնիկական խնդիրները։ Բայց հաճախորդների վերապահումները հաղթահարելու համար, հավանաբար, ստիպված կլինի զեղչեր տրամադրել։

Ռուսաստանը աշխարհում գազի ամենամեծ արտահանողն է (տարեկան 260 մլրդ խմ) և հում նավթի (5,5 մլն տակառ/օր) ու վերամշակված նավթամթերքի (2,6 մլն տակառ/օր) հիմնական արտահանողներից մեկը։ Այն Եվրոպայի բնական գազի (տարեկան 160 մլն խմ կամ Եվրոպա գազի ընդհանուր ներմուծման 45%-ը), հում նավթի (3,1 մլն տակառ/օր կամ 29%) և վերամշակված արտադրանքի (106 մլն տոննա/տարեկան կամ 51%) հիմնական մատակարարն է։

Իրանից դուրս, աշխարհում օրական 4 միլիոն տակառ նավթի արդյունահանման հզորություններ հիմնականում ունեն Սաուդյան Արաբիան և Արաբական Միացյալ Էմիրությունները: Բնական գազի (բացառությամբ Ռուսաստանի) և հեղուկ բնական գազի արտադրական չգործածված հզորությունները չնչին են: Ռուսական նավթի և/կամ գազի հոսքերի կրճատումը աղետալի հետևանքներ կունենա Եվրոպայի և մնացած աշխարհի համար:

«Մեր պատժամիջոցները նախատեսված չեն Ռուսաստանից դեպի աշխարհ էներգառեսուրսների ընթացիկ հոսքը խաթարելուն»,- փետրվարի 24-ին հայտարարել է Միացյալ Նահանգների ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Դեյլիպ Սինխը։ Նպատակն է «թույլ տալ այս հոսքերի կանոնավոր անցումը պատժամիջոցների ենթարկված հաստատություններից անդին, և մենք այլ արտոնություններ էլ ենք տրամադրել բիզնեսի կանոնավոր կազմակերպման համար»,- ասել է Սինխը:

Այսպիսով, հարցն այն է, թե արդյոք վճարումների այս «անցումը» դեպի այլ ուղիներ, բացի պատժամիջոցների ենթարկված ռուսական բանկերից, կարող է տեղի ունենալ ներդաշնակ, և առաջին հերթին՝ արդյոք պատերազմը հետևանքներ կունենա՞ Ռուսաստանի նավթի և գազի արտահանման հոսքերի վրա։

Վերջին հարցի պատասխանը կախված չէ միայն արևմտյան երկրներից։ Ի՞նչ տեղի կունենա, եթե Ռուսաստանն ինքը որոշի կրճատել նավթի և/կամ գազի հոսքը։ Կամ օգտագործի այն՝ պարգևատրելու (կամ պատժելու) երկրներին, որոնք իրեն օգնում են խուսափել պատժամիջոցներից: Կամ կրճատի մատակարարումները, որպեսզի գներն ավելի բարձրանան՝ այդպիսով վնաս հասցնելով սպառողներին ու միաժամանակ հավելյալ եկամուտներ ապահովելով արտահանումից:

Ռուսաստանը կարող է նաև որոշել սահմանափակել այլ հումքի մատակարարումները, եթե ցանկանում է հանկարծակիի բերել արևմտյան երկրներին: Այն ապահովում է համաշխարհային պալադիումի 40%-ը, որը ջերմային այրման շարժիչների կատալիտիկ փոխարկիչների հիմնական բաղադրիչն է ու նաև օգտագործվում է էլեկտրոնային սարքերում: Ռուսաստանը նաև մետաղական համաձուլվածքների կարևոր բաղադրիչ տիտանի աշխարհի երկրորդ խոշորագույն արտահանողն է։

«Գազպրոմի»՝ որպես գազի հուսալի մատակարարի դիրքորոշումն ու համբավը, որ ցանկացած պարագայում հարգում է իր պայմանագրերը, համբավ, որի պահպանման համար նա այդքան ջանասիրաբար աշխատել է, այժմ կորել է: Նրա եվրոպացի հաճախորդներն այսուհետ կանեն ամեն ինչ՝ նվազեցնելու իրենց կախվածությունը ռուսական նավթից և գազից։ Նրանք կհատկացնեն այնքան ժամանակ և ջանք, որքան անհրաժեշտ է այս նպատակին հասնելու համար: Իսկ «Հյուսիսային հոսք 2» գազատարը, որը նախատեսված է Ուկրաինան շրջանցելու համար, դարձել է այդ երկրում պատերազմի զոհը. այն պարապ պառկած է Բալթիկ ծովի հատակին՝ ավելի լավ օրերի սպասումով… Ի՞նչ կլինի, երբ 2024-ի դեկտեմբերի 31-ին Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցման պայմանագրի (40 միլիարդ խմ/տարեկան) ժամկետը լրանա։

Արևմտյան երկրները խաղադրույք են անում, որ ժամանակը Ռուսաստանին այնպիսի ծանր տնտեսական (հետևաբար՝ սոցիալական ու քաղաքական) ցավ կպատճառի, որ նա ստիպված կլինի ուշքի գալ։ Կարճաժամկետ հեռանկարում Ռուսաստանը առնվազն ռազմական մակարդակում առավելություն ունի։ Մոսկվան, հավանաբար, պատրաստվել է նաև դրան՝ կուտակելով բավականաչափ արտարժույթ՝ պատժամիջոցների ֆինանսական ազդեցությունը գոնե մասամբ մեղմելու համար:

Բայց երկարաժամկետ հեռանկարում, ամենայն հավանականությամբ, առավելություն կունենան արևմտյան երկրները։ Սա ներկայիս հետևությունն է, և այն կարող է ճիշտ լինել: Սակայն Ռուսաստանը Վենեսուելան կամ Իրանը չէ. ամբողջ աշխարհը կտուժի նրա նկատմամբ կիրառվող ցանկացած պատժամիջոցների հետևանքներից: Եվ այդ աշխարհն այլևս երբեք նույնը չի լինի: Սի Ծինփինի հավանական աջակցությամբ Պուտինը Արևմուտքին կանգնեցնում է եռընտրանքի առաջ՝ դիմադրել, տառապել կամ նոր մոդուս վիվենդի գտնել Մոսկվա-Պեկին առանցքի հետ:

Հոդվածը տպագրվել է ֆրանսիական Petrostrategies ընկերության՝ World Energy Weekly հանդեսի փետրվարի 28-ի համարում։

Պետրոս Թերզյանը տնտեսագետ է՝ մասնագիտացած էներգետիկայի և աշխարհաքաղաքականության ասպարեզում։ Նա Petrostrategies-ի հիմնադիրն է։

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Read the article in English: Scope and consequences of the Russian invasion of Ukraine

Մեկնաբանել