Ռուսական պատվիրակությունն այսօր բանակցությունների վայրում կսպասի ուկրաինացիներին․ Պեսկով

Ռուսական պատվիրակությունն այսօր երեկոյան կլինի բանակցությունների վայրում և կսպասի Ուկրաինայի ներկայացուցիչներին: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Այսօր օրվա երկրորդ կեսին մեր պատվիրակությունը կլինի տեղում։ Մեր պատվիրակությունն այսօր երեկոյան պատրաստ կլինի շարունակել զրույցը»,- ասել է Պեսկովը։

Երկրորդ հանդիպման վայրի վերաբերյալ հարցին ի պատասխան Կրեմլի ներկայացուցիչն ասել է, որ նախապես չի նշի այն: Ավելի վաղ ՌԴ պատվիրակության ղեկավար, Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտարարել էր, որ ռուս-ուկրաինական բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա բելառուսալեհական սահմանին։

***

Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների առաջին հանդիպումը կայացել էր փետրվարի 28-ին, ուկրաինա-բելառուսական սահմանին։ Բանակցությունները տևել են ավելի քան 5 ժամ։

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը բանակցություններից հետո հայտարարել էր, որ պատվիրակությունները խորհրդակցությունների համար մեկնելու են իրենց մայրաքաղաքները։ ՌԴ պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին էլ նշել էր, որ «բանակցություններում գտնվել են կետեր, որոնց շուրջ կարելի է կանխատեսել ընդհանուր դիրքորոշումները»։