Ժամանակն է վստահել պատերազմի բովով անցած երիտասարդ կադրերին․ Սուրեն Պապիկյան

Պաշտպանական գերատեսչությունում ժամանակն է վստահել պատերազմի բովով անցած բազմաթիվ ունակ ու երիտասարդ կադրերին. պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսպիսի հայտարարություն արեց մարտի 2-ին ԱԺ – Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ՝ պատասխանելով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հարցին։

Աբրահամյանը Պապիկյանից հետաքրքրվել էր, թե ինչու է անվտանգային նման միջավայրում որոշում կայացվել փոփոխություններ իրականացնել գլխավոր շտաբում։

Փետրվարի 24-ին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն ազատվեց այդ պաշտոնից։ Գլխավոր շտաբի պետի պաշտոնակատար է նշանակվել գեներալ-լեյտենանտ Կամո Քոչունցը։

Պապիկյանի խոսքով՝ «եթե հետևենք տարածաշրջանում ու աշխարհում փոփոխություններին, մշտապես իրադարձություններ են, որոնք վաղօրոք կանխատեսել հնարավոր չէ»։ Գլխավոր շտաբում կադրային փոփոխությունները, ըստ Պապիկյանի, կախված են պաշտպանության նախարարից, բայց դրանք համաձայնեցված են նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

«Բոլոր արժանավոր սպաները հնարավորություն են ունենալու զբաղեցնել բարձր պաշտոններ՝ անկախ բարեկամ-ծանոթ կապերից։ Բարեփոխումները անհրաժեշտ են ու ուշանում են։ Մենք իրավունք չունենք հապաղելու»,- հայտարարեց Պապիկյանը։

Մեկնաբանել