Բուլղարիան, Լեհաստանն ու Սլովակիան հերքում են Ուկրաինային ինքաթիռներ փոխանցելու լուրը

Հայկ Հովհաննիսյան

#CivilNetCheck

Ուկրաինայի Զինված ուժերի ռազմածովային ուժերի մամուլի ծառայությունը մարտի 1-ին ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ ՆԱՏՕ-ի երեք անդամ-երկրներ՝ Բուլղարիան, Լեհաստանը և Սլովակիան Ուկրաինային են փոխանցում 70 ռազմական ինքնաթիռ։

Բացի այդ, հիշատակվում էր, թե ինքնաթիռները կարող են տեղակայվել Լեհաստանի օդանավակայաններում, որտեղից էլ կարող են մարտական թռիչքներ իրականացնել։ Ուկրաինայի ռազմական գերատեսչության այս հայտարարությունը մեծ տարածում էր գտել, այդ թվում՝ հայկական լրատվամիջոցներում։

Ավելի վաղ, Ուկրաինային մարտական ինքաթիռներ տրամադրելու մասին խոսել էր Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ «Մենք նույնիսկ մարտական ​​ինքնաթիռներ ենք տրամադրելու: Մենք չենք խոսում միայն զինամթերքի մասին: Մենք ավելի կարևոր զենք ենք տրամադրում պատերազմելու համար»,- ասել էր նա:

Այս հայտարարությունը բավականին իրատեսական էր թվում, հաշվի առնելով, որ ՆԱՏՕ-ի երկները Ուկրաինային վերջին շրջանում՝ հատկապես մարտական գործողությունների սկսվելուց ի վեր, արդեն իսկ փոխանցել են միլիարդավոր դոլարների հասնող ֆինանսական, ռազմական և հումանիտար օգնություն՝ այդ թվում զինտեխնիկա, հրթիռներ, հակատանկային միջոցներ, ՀՕՊ համակարգեր, ականանետներ, հրազեն, ռազմական հանդերձանք և այլն։

Երկրները հերքում են

Ուկրաինայի ռազմական գերատեսչության հայտարարությունից ժամեր անց, սակայն, Բուլղարիայի, Լեհաստանի և Սլովակիայի պաշտոնատար անձինք հերքել էին այս տեղեկությունները։

Բուլղարիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ չի դիտարկում Ուկրաինային մարտական ​​ինքնաթիռներ տրամադրելու հնարավորությունը, բայց և վերահաստատել, որ ռազմական և նյութատեխնիկական այլ օգնություն կտրամադրի Կիևին։ Իսկ Բուլղարիայի վարչապետը մինչ այդ հայտնել էր, թե իր երկիրը չի ստանձնել Ուկրաինային կործանիչներ մատակարարելու պարտավորություն։

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ևս հերքել է Ուկրաինային կործանիչներ մատակարարելու մասին տեղեկությունը. «Մենք մեր ինքնաթիռները չենք ուղարկում, քանի որ դա կնշանակի ռազմական միջամտություն Ուկրաինայում ծավալվող հակամարտությանը: Մենք չենք միանում այդ հակամարտությանը։ ՆԱՏՕ-ն այս հակամարտության կողմ չէ։ […] Մենք չենք պատրաստվում ոչ մի ինքնաթիռ ուղարկել Ուկրաինայի օդային տարածք»:

Իսկ Սլովակիայի պաշտպանության նախարար Յարոսլավ Նայն Ուկրաինային ինքնաթիռներ մատակարարելու մասին հրապարակումն առհասարակ անվանել է անհեթեթություն և ապատեղեկատվություն։

Հատկանշական է, որ շուտով Ուկրաինայի ռազմածովային ուժերի ֆեյսբուքյան էջից գրառումը հեռացվեց։ Որևէ պաշտոնական բացատրություն դեռևս չի ներկայացվել, սակայն մինչ այդ նույնիսկ տեղեկություններ էին տարածվում, թե ուկրաինական օդաչուները արդեն իսկ մեկնել են այդ երկներ օդանավերի հետևից։

Սովետական արտադրության Սու-25 և ՄԻԳ-29 ինքաթիռները։

Բացի այդ, Ուկրաինայի զինուժը հայտարարել էր Բուլղարիայի կողմից իրենց փոխանցվող 16 հատ Միգ-29 տեսակի կործանիչների և 14 հատ Սու-25 գրոհիչների մասին։

Սակայն հեղինակավոր Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի՝ IISS-ի կողմից հրապարակվող «The Military Balance 2021» տարեգրքում նշվում է, որ Բուլղարիայի զինանոցում առկա է միայն 14* Միգ-29 (ևս մեկը կործանվել էր տարեգրքի հրապարկումից հետո*) կործանիչ և 3 Սու-25 գրոհիչ ինքաթիռ։ Այսինքն ավելի քիչ, քան հայտարարվել էր, թե փոխանցվելու է։

Լեհաստանի և Սլովակիայի զինանոցում ևս հայտարարվածից ավելի քիչ կործանիչ կա։ Հայտարարության մեջ նշված էր, թե Լեհաստանը կփոխանցի 28 հատ Միգ-29, երբ ըստ IISS-ի տվյալների՝ Լեհաստանն ունի այդ տիպի հենց 28 կործանիչ, որոնցից, ըստ որոշ տեղեկությունների՝ միայն մի մասն են գործուն վիճակում։ Նույն կերպ՝ Սլովակիան ունի միայն 11 հատ ՄԻԳ-29 տիպի կործանիչ, երբ հայտարարվել էր 12-ը փոխանցելու մասին։

Մեկնաբանել