Փաշինյանը սխալ է՝ Մադրիդյան սկզբունքների առաջին կետը ինքնորոշումն էր, ոչ թե տարածքների վերադարձը

Անի Գրիգորյան

#CivilNetCheck

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 2-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, թե Մադրիդյան սկզբունքների առաջին իսկ կետով նախատեսվում էր Լեռնային Ղարաբաղի յոթ շրջանների հաննձնում Ադրբեջանին։

«Եթե Սանասար և ոչ Կուբաթլի, ապա ձեր լիդերներն ինչու էին 20 տարի բանակցել այդ տարածքները Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ։ Ընդ որում՝ դա արել են հրապարակային։ Ձեր ընդունած Մադրիդյան սկզբունքներում գրվել է՝ կետ առաջին՝ յոթ շրջանները վերադարձվում են Ադրբեջանին»,- հայտարարեց Փաշինյանը՝ ի պատասխան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Հակոբյանի հարցի։ Հակոբյանը հիշեցրեց, որ Հայաստանի հացահատիկը գալիս էր Արցախի կորսված տարածքներում, և ներկայում ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով խնդիր կարող է ծագել նաև այնտեղից մատակարարումների հարցում։

2007-ի նոյեմբերին ներկայացված Մադրիդյան սկզբունքների առաջին կետը վերաբերում է ոչ թե յոթ շրջանները հանձնելուն, այլ հայկական կողմի համար ամենաառանցքային՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վերջնական իրավական կարգավիճակը որոշող պլեբիսցիտին։

«ԼՂ վերջնական իրավական կարգավիճակը կորոշվի պլեբիսցիտի միջոցով, որը ԼՂ բնակչությանը ընձեռում է կամքի ազատ և իրական արտահայտում2: Պլեբիսցիտի ժամկետներն ու մանրամասները կողմերը կհամաձայնեցնեն ապագա բանակցություններում, ինչպես նկարագրված է 9-րդ կետում: ԼՂ բնակչություն ասելով հասկացվում են 1988 թ. ազգային համամասնությունով ԼՂԻՄ-ում ապրող բոլոր ազգերը այնպիսի էթնիկ համամասնությամբ, ինչպես եղել է մինչև հակամարտության սկիզբը…»,- նշված էր փաստաթղթում։

Տարածքների վերադարձի մասին խոսվում է երրորդ կետում, ըստ որի՝ նախկին ԼՂԻՄ-ին հարակից ադրբեջանական բոլոր տարածքները, որոնք գտնվում են հայկական վերահսկողության տակ, վերադարձվելու են ադրբեջանական վերահսկողության տակ՝ փաստաթղթում նշված կարգով։ Իսկ մանրամասները կողմերը համաձայնեցնելու են Խաղաղության համաձայնագրով:

Նշվում էր նաև, հայկական ուժերը դուրս են բերվում Քելբաջարի շրջանից, սակայն սահմանափակ զորամիավորում տեղակայվելու է Քելբաջարի շրջանի այն տարածքում, որը որոշելու է Միջազային անցումային հանձնաժողովը`մինչև Խաղաղության Համաձայնագրի ստորագրումը:

Հ․Գ․ Ավելի ուշ՝ 2009-ին, Լ’Աքվիլայում ընդունվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Բարաք Օմաբայի և Նիկոլա Սարկոզիի հայտարարությունը, որում ներկայացվում էին Ղարաբաղյան կարգավորման տարրերը (Statement by the OSCE Minsk Group Co-Chair countries)։ Այդ սկզբունքներում ինքնորոշման դրույթը առաջին կետից իջել էր չորրորդ կետ։ Առաջին կետում հայտնվել էր տարածքների վերադարձի դրույթը երրորդ կետում էր։