Միջուկային պատերազմի թեման առաջ է քաշել Արևմուտքը, ոչ թե Ռուսաստանը․ Լավրով

Միջուկային պատերազմի մասին քննարկում այսօր կա, սակայն, ըստ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի, քննարկումը ծավալվել ու տարվում է արևմտյան գործիչների կողմից։

Մարտի 3-ին ՌԴ արտգործնախարարի ասուլիսի ընթացքում ամերիկյան NBC հեռուստաընկերության լրագրողը Լավրովին խնդրեց հանգստացնել աշխարհին և ասել, որ Ռուսաստանը չի օգտագործի միջուկային զենքը։ Լավրովը պատասխանեց, որ այդ ռուսական կողմ չէ շրջանառել միջուկային պատերազմի մասին թեման։

«Սկզբում, կարծում եմ, պարոն Ստոլտենբերգը (ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յեսն Ստոլտենբերգ – խմբ.), քարոզչության ազդեցության տակ և ցանկանալով արժանանալ արևմտյան ամենածայրահեղ ուժերի հավանությանը, հայտարարեց, որ ոչ մեկ ՆԱՏՕ-ին չի կարող արգելել անել այն, ինչ ցանկանում է, այդ թվում՝ եթե ՆԱՏՕ-ն հանկարծ որոշի միջուկային զենք տեղակայել Արևելյան Եվրոպայի տարածքներում»,- հիշեցրեց Լավրովն ու հավելեց, որ նախ և առաջ ՆԱՏՕ-ն չի կարող այդ քայլին գնալ, քանի որ չունի միջուկային զենք, այն ունի ԱՄՆ-ն։

«Այնուամենայնիվ, պարոն Ստոլտենբերգի ակնարկը բավականին ցուցադրական էր, դրանից հետո պարոն Զելենսկին հայտարարեց (Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի – խմբ.), որ ձեռք կբերեն միջուկային զենք»,- նշեց Լավրովը՝ ներկայացնելով եվրոպական մի շարք այլ երկրների ղեկավարների ու ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նմանօրինակ հայտարարությունները։

«Բոլորին հայտնի է, որ երրորդ համաշխարհային պատերազմը լինելու է բացառապես միջուկային, սակայն ցանկանում եմ ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ արևմտյան քաղաքական գործիչների ուղեղներում է «պտտվում» միջուկային պատերազմի մասին միտքը, ոչ թե ռուսների»,- հայտարարեց Լավրովը։

Նա նաև ասաց, որ թույլ չեն տա որևէ սադրանքի միջոցով իրենց հունից հանել. «Այդուհանդերձ, եթե մեր դեմ սկսեն իրական պատերազմ, այդ մասին պետք է մտածեն այն մարդիկ, որոնք նման ծրագրեր են կազմում, իսկ այդպիսի ծրագրեր, իմ կարծիքով, կազմվում են»։

Մեկնաբանել