Բաքվում ոստիկանությունը ցրել է Ռուսաստանի դեսպանատան մոտ բողոքի ցույցը

Ադրբեջանի ոստիկանությունը ձերբակալել է Բաքվում Ռուսաստանի դեսպանատան մոտ բողոքի ցույցի մասնակիցներին։ Նկարը՝ Kanal 13-ի։

Իսմի Աղաև, OC Media

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում ոստիկանությունը ցրել է Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժման դեմ փոքր ցույցը, որն անցկացվում էր Ռուսաստանի դեսպանատան դիմաց։

Չորեքշաբթի «Ադրբեջանի Ժողովրդավարություն և բարօրություն կուսակցության» մի քանի ակտիվիստներ հավաքվել էին դեսպանատան մոտ՝ նախքան ոստիկանները նրանց քարշ տալով կհեռացնեին այդտեղից։ Ցուցարարները բղավել են «Ո՛չ ագրեսիային», «մերժի՛ր Պուտինին» և ուկրաինամետ կարգախոսներ, Ուկրաինային սատարող ցուցապաստառներ պահել։

Չնայած ոստիկանության միջամտությանը, կուսակցության ակտիվիստ Ադալաթ Յուսուբին հաջողվեց կարդալ ռուսական ներխուժումը դատապարտող հայտարարություն։

«Ուկրաինայի դեմ պատերազմն անարդար է, դառնում է բազմաթիվ զոհերի պատճառ, այդ թվում խաղաղ բնակիչների, երեխաների և ծերերի, և այն պետք է դադարեցվի։ Այս ագրեսիան սպառնալիք է տարածաշրջանում և աշխարհում կայունության համար և կարող է վերածվել համաշխարհային պատերազմի։ Մենք պահանջում ենք դադարեցնել պատերազմը և ռուսական զորքերը դուրս բերել Ուկրաինայի միջազգայնորեն ճանաչված սահմաններից»,- ասել է նա։

Ոստիկանությունը բերման է ենթարկել ակտիվիստ Ադալաթ Յուսուբին ու ևս չորս անձանց, որոնք կարճ ժամանակ անց ազատ են արձակվել: «Ադրբեջանի Ժողովրդավարություն և բարօրություն կուսակցության» վարչության անդամ Ռուֆաթ Մուրադլին OC Media-ին ասել է, որ իրենք բողոքում են «մանկասպան Պուտինի գործողությունների դեմ»:

«Համաշխարհային հանրությունը և մարդկությունը չեն կարող լռել այն մասին, թե ինչ է անում Պուտինի պես հոգեխանգարվածը, ագրեսորը։ Պուտինի ագրեսիայի սպառնալիքն օրեցօր ընդլայնվում է։ Մենք չէինք կարող լռել այս օկուպացիայի մասին»,- ասել է նա։ Մեկնաբանելով ոստիկանության արձագանքը իրենց բողոքին՝ Մուրադլին ասել է, որ կառավարությունը պաշտպանում էր Ռուսաստանի դեսպանատունը «այնքան բարձր մակարդակով, կարծես մենք զանգվածային անկարգություններ էինք անում»։

Կիրակի հարյուրավոր մարդիկ ցույց էին արել Ադրբեջանում Ուկրաինայի դեսպանատան դիմաց՝ ի պաշտպանություն Ուկրաինայի։ Ոստիկանությունը թույլ էր տվել ցույցը շարունակել։

Ադրբեջանի քաղաքացիները նաև արշավ են սկսել Ուկրաինային մարդասիրական օգնություն և նվիրատվություններ հավաքելու համար։ Ադրբեջանում Ուկրաինայի դեսպան Վլադիսլավ Կանևսկին պարբերաբար տեղեկացնում է հանրությանը արշավի ընթացքի մասին։

Իշխանությունները նաև հայտարարել են, որ կառավարությունը 11 միլիոն ադրբեջանական մանաթի (6,5 միլիոն դոլար) մարդասիրական օգնություն է ուղարկել Ուկրաինային, իսկ SOCAR-ը՝ Ադրբեջանի պետական նավթագազային ընկերությունը, նույնպես հայտարարել է, որ անվճար վառելիք է տրամադրում Ուկրաինայում շտապօգնության և հրշեջ մեքենաներին։

Մեկնաբանել