Թոշակի բարձրացումը չի վերաբերել 21 600 մարդու. Աղվան Վարդանյանը սխալվում է

Հայկ Հովհաննիսյան

#CivilNetCheck

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը մարտի 1-ին խորհրդարանի նիստին հայտարարեց, թե վերջին տարիներին Հայաստանում միջինը 7% գնաճ է գրանցվել, իսկ կենսաթոշակների ու նպաստների չափերը ներկայում գնաճին համապատասխան չեն ավելանում, և կառավարության կողմից 2 600 դրամով դրանց բարձրացումը վերաբերել է ընդամենը 21 600 շահառուի։

«Վերջին տարիներին մենք միջինը 7% գնաճ ենք ունենում, թանկանում են պարենային ապրանքներ, սակայն կենսաթոշակները և նպաստները չեն ավելանում։ Վերջին բարձարցումը 2 600 դրամով վերաբերել է 480 000 թոշակառուներից ընդամենը 21 600 մարդու։ Այսինքն՝ մեկ տարի առաջ նույն թոշակով մարդը կարողանում էր գնել այսքան ապրանք, այս տարի՝ ավելի քիչ»,- հայտարարել է Վարդանյանը։

Վարդանյանն այս պնդումներն արել էր «Պետական կենսաթոշակների մասին» և «Պետական նպաստների մասին» օրենքներում լրացումներ կատարելու մասին իր նախագիծը ներկայացնելու ժամանակ, որով առաջարկվում էր աշխատանքային եւ զինվորական կենսաթոշակներն ինդեքսավորել (մեծացնել) յուրաքանչյուր տարի: Նախագիծը բացասական եզրակացություն ստանալու պատճառով չէր ընդգրկվել նիստերի օրակարգում:

Վերջին տարիների գնաճը 7% չէ

Հայաստանում վերջին տարիներին գրանցված գնաճը՝ անկախ նրանից, թե որ տարիների միջինը վերցնենք, չի կազմել 7%։ Միայն 2021-ին է գնաճը հատել 7%-ի շեմը։ Այսպես, ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2018-ին գնաճը կազմել է 2,5%, 2019-ին՝ 1,4%, իսկ 2020-ին և 2021-ին՝ համապատասխանաբար 1,2% և 7,2%։

Oրինակ՝ եթե որպես «վերջին տարիներ» ընդունենք վերջին երեք տարիները, ապա միջին գնաճը ստացվում է 3,3%, այլ ոչ թե 7%, ինչպես հայտնում է Վարդանյանը։ Վերջին երկու տարվա միջինը կազմում է 4,2%:

Կենսաթոշակները

Վարդանյանի մյուս պնդումը, թե կենսաթոշակների բարձարցումը 2 600 դրամով վերաբերել է 480 000 թոշակառուներից ընդամենը 21 600 մարդու, ևս ճիշտ չէ։ Կառավարության կողմից վերջին փոփոխությունը ուժի մեջ է մտել հունվարի 1-ին։ Դրանով բարձրացվել է մի շարք շահառուների խմբերի կենսաթոշակների և նպաստների չափը։

Ըստ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարարության տվյալների՝ փոփոխությունը վերաբերել է 131 925 քաղաքացու, որից 24 229-ը կենսաթոշակառուներն են, իսկ 107 696՝ նպաստառուները։

Նվազագույն կենսաթոշակը բարձրացվել է 2 100 դրամով՝ դառնալով 28 600 դրամ՝ նախկին 26 500-ի փոխարեն։ Զինվորական ծառայության հաշմանդամության երեք կարգերը, ինչպես նաև զոհված զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում ստացվող կենսաթոշակները ավելացել են 3 000-ական դրամով։

Ծերության, հաշմանդամության, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի և կերակրողին կորցնելու դեպքում նպաստներն աճել են 2 100-ական դրամով՝ 26 500-ից դառնալով 28 600 դրամ։ Զգալիորեն աճել է միայն հաշմանդամ երեխա ճանաչված մոտ 8 500 անձի ստացվող նպաստների չափը՝ 10 500-ով։

Վարդանյանը ներկայացնում է տեղեկանք, որը ևս հակասում է նրա խոսքին

CivilNetCheck-ը կապ հաստատեց Աղվան Վարդանյանի հետ՝ հասկանալու, թե ինչ տվյալների վրա է հիմնված եղել 21 600 շահառուների մասին նրա հայտարարությունը։

Նա հայտնեց, թե տվյալները վերցրել է նախկինում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ստացված տեղեկանքից (Վարդանյանը մեզ տրամադրեց այդ տեղեկանքը) և հավելեց, որ իր խոսքում հայտնել է միայն կենսաթոշակ ստացող անձանց թվի մասին և ոչ՝ նպաստ ստացողների։

Սակայն Վարդանյանի ընտրողական այս մոտեցումը չի համապատասխանում ո՛չ Ազգային ժողովում նրա ելույթին, ո՛չ էլ իր իսկ տրամադրած տեղեկանքում կենսաթոշակառու-շահառուների թվին։

«․․Սակայն կենսաթոշակներն ու նպաստները չեն ավելանում։ Վերջին բարձարցումը 2 600 դրամով վերաբերել է 480 000 թոշակառուներից ընդամենը 21 600 մարդու»,- ասել էր նա խորհրդարանում իր ելույթում։

Տեղեկանքում ներկայացված կենսաթոշակառուների բոլոր թվերի հաշվարկից 21 600 թիվը չի ստացվում։