Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել հումանիտար հարցերի շուրջ․ կանցկացվի երրորդ փուլ

Մարտի 3-ի երեկոյան Բելառուսում ավարտվել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երկրորդ փուլը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Հանդիպումից հետո Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել է, որ ուկրաինական կողմին չի հաջողվել ստանալ այն արդյունքները, որոնք իրենք ակնկալում էին։

«Բավականին մանրամասն քննարկել ենք հումանիտար հարցերը, որովհետև շատ քաղաքներ այսօր շրջափակված են։ Պայմանավորվածություն ենք ձեռք բերել մարդասիրական միջանցքների կազմակերպման շուրջ։ Պայմանավորվել ենք նաև ժամանակավոր զինադադար հաստատել այն հատվածներում, որտեղ տարհանում է իրականացվում։ Կշարունակենք երկխոսությունը բանակցությունների երրորդ փուլում՝ ամենամոտ ժամանակում»,- ասել է Պոդոլյակը։

Պատվիրակությունների համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ պայմանավորվել են հումանիտար միջանցքների շուրջ՝ քաղաքացիական բնակչությանը տարհանելու և մթերքներ ու դեղորայք մարտերի վայրեր հասցնելու համար:

ՌԴ պատվիրակության ղեկավար, Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին էլ ասել է, որ մանրամասն քննարկվել է հարցերի երեք խումբ՝ ռազմական խնդիր, միջազգային-հումանիտար և հակամարտության ապագա քաղաքական կարգավորման հարցեր․ «Դիրքորոշումները միանգամայն պարզ են, կետ առ կետ գրված են։ Դրանցից մի քանիսի դեպքում հաջողվեց փոխըմբռնում գտնել, սակայն հիմնական խնդիրը, որն այսօր լուծվեց, ռազմական բախումների գոտում հայտնված մարդկանց դուրսբերման խնդիրն է»,- նշել է Մեդինսկին։

Բանակցությունների երրորդ փուլը սպասվում է առաջիկա օրերին, ամսաթիվը դեռ հայտնի չէ: