Արմեն Սարգսյանը շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին՝ նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ

Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին՝ Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ։

«Հարգելի պարոն Խաչատուրյան, շնորհավորում եմ Հանրապետության նախագահի բարձր և պատասխանատու պաշտոնում ընտրվելու առթիվ: Հանրապետության նախագահի պաշտոնը Դուք ստանձնում եք մեր երկրի ու ժողովրդի համար չափազանց բարդ ու պատասխանատու ժամանակահատվածում, երբ առկա են հրատապ լուծում պահանջող բազում ներքին և արտաքին խնդիրներ:

Շնորհավորանքիս հետ մեկտեղ՝ Ձեզ մաղթում եմ առողջություն, որը կարևորագույն նախապայմաններից մեկն է, որպեսզի կարողանաք հաջողությամբ և հաստատակամությամբ պաշտպանել և առաջ մղել մեր երկրի շահերը, արժանապատվորեն ծառայել հայոց պետությանն ու ժողովրդին:Կարևորելով հայրենիքի և ժողովրդի անվտանգ և բարեկեցիկ ապագան՝ պատրաստ եմ աջակցել Ձեզ՝ իմ հնարավորությունները, փորձը, կապերը, ներուժը ծառայեցնել ի նպաստ ուժեղ և կայուն պետականության։ Հաջողություն և ամենայն բարիք Ձեզ»,- ասված է Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձում։

Մեկնաբանել