Ուկրաինայի հայերը․ վիճակագրություն

Լվով, Աստվածածնի Վերափոխման հայկական եկեղեցին

Հովհաննես Նազարեթյան

#CivilNetCheck

Ուկրաինան ունի աշխարհի ամենամեծ հայկական համայնքներից մեկը։ Այնտեղ բնակվում են ինչպես հայաստանցիներ, այնպես էլ ազգությամբ հայ՝ Ուկրաինայի քաղաքացիներ։ Ընթացող ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով Ուկրաինայի հայերը, ինչպես երկրի ամբողջ բնակչությունը, հայտնվել է վտանգի տակ։ Անվտանգության նկատառումներով շատերը փորձում են տարբեր ճանապարհներով ժամանակավորապես կամ մշտապես հեռանալ Ուկրաինայից։ ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը՝ CivilNetCheck-ը, ուսումնասիրել է Ուկրաինայի հայերի թիվը և նրանց աշխարհագրական բաշխվածությունը։

Ուկրաինայի հայերի թիվը

Ներկայում Ուկրաինայում ապրող հայերի իրական թիվն անհայտ է։ Այդ երկրում վերջին անգամ մարդահամար անցկացվել է երկու տասնամյակ առաջ՝ 2001-ին։ Այդ մարդահամարի արդյունքներով Ուկրաինայում բնակվում էր 99 894 հայ։ Սա գրեթե երկու անգամ ավելի է 1989-ին անցկացված խորհրդային վերջին մարդահամարի ժամանակ այդ երկրում բնակվող հայերի թվից (54 200)։ Կան տարբեր կարծիքներ այսօր Ուկրաինայում բնակվող հայերի թվի վերաբերյալ։ Ըստ Ուկրաինայի հայ համայնքի փոխնախագահ Դավիթ Մկրտչյանի՝ այդ երկրում բնակվում է 350 հազար հայ։ Իսկ ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կայքում նշվում է, որ հայերի թիվն, ըստ ոչ պաշտոնական տվյալների, այնտեղ հասնում է կես միլիոնի։ Սակայն այս թվերը հիմնված չեն որևէ լուրջ ուսումնասիրության վրա, այլ լավագույն դեպքում շատ մոտավոր հաշվարկներ են կամ ընդամենը ենթադրություններ։

ՄԱԿ-ի ժողովրդագրության բաժնի հրապարակած տվյալների՝ 2019-ի դրությամբ Ուկրաինայում բնակվում էր Հայաստանում ծնված 47 780 անձ։

Ըստ նույն աղբյուրի՝ Ուկրաինան հայաստանցիների թվով աշխարհում երրորդն է՝ Ռուսաստանից (527 163) և ԱՄՆ-ից (101 757) հետո։ Հատկանշական է, որ ըստ աղբյուրի՝ Ուկրաինայում ավելի շատ հայաստանցի է բնակվում, քան Գերմանիայում և Ֆրանսիայում միասին վերցված (42 275)։

Որտեղ են կենտրոնացած Ուկրաինայի հայերը

Ըստ 2001-ի մարդահամարի՝ ամենաշատ հայերը բնակվում են Ուկրաինայի հետևյալ մարզերում՝ Դոնեցկ (15 734), Խարկով (11 157), Դնեպրոպետրովսկ (10 683), Ղրիմ (10 088՝ Սևաստոպոլի հետ միասին), Օդեսա (7 440) և Կիև (7 276՝ Կիև քաղաքի հետ միասին)։

Ընդհանուր առմամբ հայերի գրեթե 80 տոկոսն ապրում է Ուկրաինայի արևելյան և հարավային մարզերում, որոնց բնակչությունը ավանդաբար ռուսախոս է և ունի (կամ ուներ) ռուսամետ քաղաքական հայացքներ։

Պատահական չէ, որ Ուկրաինայի հայերի շրջանում ռուսերենը մայրենի է համարել յոթն անգամ ավելի շատ մարդ, քան ուկրաիներենը։ Ըստ 2001-ի մարդահամարի՝ հայերի շրջանում հայերենն իր մայրենին է համարում 50 տոկոսը, ռուսերենը՝ 43 տոկոսը, իսկ ուկրաիներենը ընդամենը 6 տոկոսը։

Հատկանշական է, որ ոչ քիչ թվով հայեր են բնակվում նաև ավելի փոքր, բայց այս պատերազմի օրերին մարտերի կենտրոնում հայտնված Խերսոն (1 239), Մարիուպոլ (1 205), Մելիտոպոլ (430), Բերդյանսկ (247) քաղաքներում։

Հատկանշական է, որ 2014 թվականի իրադարձությունների արդյունքում Ուկրաինայի ամենահայաշատ տարածքները՝ Դոնբասն ու Ղրիմը, դարձան կա՛մ Ռուսաստանի մաս, կա՛մ ռուսամետ իշխանությունների կողմից կառավարվող տարածքներ։ Ղրիմն ուղղակիորեն դարձավ Ռուսաստանի մաս, իսկ Դոնեցկի և Լուգանսկի մարզերում հռչակվեց անկախություն, և դրանք փաստացի անջատվեցին Ուկրաինայից։

Այս երեք տարածքներում, ըստ 2001-ի մարդահամարի, բնակվում էր 32 409 հայ, որը կազմում էր այդ ժամանակ Ուկրաինայում բնակվող հայերի շուրջ ⅓-ը։

Ըստ Դոնեցկի ու Լուգանսկի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Նարեկ քահանայի՝ Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետություններում մինչև 10 հազար հայ է բնակվում։ Իսկ ըստ 2014-ին Ռուսաստանի անցկացրած մարդահամարի՝ Ղրիմում բնակվում էր 11 030 հայ։

Հայաստանի արձագանքը

Ռուս-ուկրաինական ընթացող պատերազմի առաջին օրերին արտաքին գործերի նախարարությունը հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է ընդունել մեր հայրենակիցներին և նրանց ընտանիքի անդամներին, ինչպես նաև այլ փախստականների։ Մարտի 1-ին հայտնի դարձավ, որ ՀՀ քաղաքացիներին հյուպատոսական աջակցություն և խորհրդատվություն տրամադրելու նպատակով Հայաստանի ԱԳՆ ներկայացուցիչներ է գործուղել Լեհաստանի, Սլովակիայի, Հունգարիայի, Ռումինիայի, Մոլդովայի՝ Ուկրաինայի հետ սահմանամերձ մի քանի քաղաքներ։ Մարտի 3-ին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը հայտնեց, որ Ուկրաինայի հայ համայնքի խաղաղ բնակչության շրջանում առաջին զոհն է գրանցվել։

Մեկնաբանել