Սվանեթիում փորձում են վտարել ռուսամետ ծայրահեղականներին

Լուսանկարը՝ Սվանեթիի համայնքային ռադիոյի

Շոթա Կինչա, OC Media

Երեքշաբթի Վրաստանի պատմական հյուսիսարևմտյան Սվանեթիի շրջանի ամենամեծ քաղաքի՝ Մեստիայի մի խումբ բնակիչներ բողոքի ցույց են արել իրենց քաղաքում Պահպանողական շարժում կուսակցության նորաբաց գրասենյակների դեմ։

Alt Info-ն՝ Պահպանողական շարժում կուսակցության հետևում կանգնած ծայրահեղ աջ խմբավորումը քննադատության էր արժանացել և հնչել էին դրա առաջնորդներին քրեական պատասխանատվության ենթարկելու կոչեր հայտնվել այն բանից հետո, երբ նրանք 2021-ի հուլիսին Թբիլիսիում առաջնորդել էին ԼԳԲՏ շքերթի և ազատական Shame! շարժման գրասենյակների վրա հարձակված ամբոխին։ Բռնարար այս խմբերը հարձակվել էին նաև լրագրողների վրա, որոնք լուսաբանում էին նրանց հակա-ԼԳԲՏ բողոքի ցույցերը:

Alt Info-ն այժմ առերեսվել է նոր հակազդեցության՝ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո: Խմբի առաջնորդները ակտիվ օգտագործել են իրենց համանուն հեռուստաալիքը՝ քարոզելու Ռուսաստանի հետ ավելի սերտ կապերը և քննադատելու Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու ձգտումները, որոնք ուղեկցվում են ուկրաինական պատերազմի մասին երբեմն ապակողմնորոշող տեղեկություններով:

Երեքշաբթի Մեստիայի կենտրոնական Սեթի հրապարակում ի պաշտպանություն Ուկրաինայի ցույցի ժամանակ քաղաքի 29-ամյա բնակիչ Գիորգի Նավերիանին OC Media-ին ասել է, որ Մեստիայում նրանց գրասենյակն «անընդունելի» է։

Բողոքի ցույցը կազմակերպած 29-ամյա Նատա Ջափարիձեն, որը դահուկավազքի և քայլարշավի ուղկեցորդ է, OC Media-ին ասել է, որ իրենց հաջողվել է մոտ 100 մարդ հավաքել՝ բողոքելու Մեստիայի կենտրոնական հրապարակում, և ոմանք ի պաշտպանություն իրենց մեքենաների շչակներ են հնչեցրել:

Ավելի ուշ խումբը շարժվել է Պահպանողական շարժում կուսակցության գրասենյակների մոտ՝ ձվեր նետելով և դրսում թողնելով Ուկրաինայի ազգային դրոշը: Ջափարիձեն ասել է, որ Սվանեթիում իրենց բողոքի ցույցի վերաբերյալ կարծիքները տարբեր են, և որ իրենք իբր «վիրավորել են» ոմանց, այդ թվում՝ գրասենյակում աշխատողների հարազատներին:

«Իմ պատասխանն այն էր, որ ես ավելի շատ կվիրավորվեի, եթե ընտանիքիս անդամները լինեին ռուսական կուսակցության ներկայացուցիչներ։ Ընդհանրապես, սվանները չեն սիրում դրսում բողոքի ցույց անել, քանի դեռ որևէ ծայրահեղ բան տեղի չի ունեցել, բայց ես կարծում եմ, որ իրականում ինչ-որ հրատապ բան է տեղի ունենում»,- ասել է Ջափարիձեն:

Մարտի 1-ի ցույցը հիմնականում կոչված էր աջակցություն հայտնելու ուկրաինացիներին, այդ թվում՝ Մեստիայում գտնվողներին, և բողոքելու Ուկրաինայի մասին կառավարության հայտարարությունների դեմ:

Այնուամենայնիվ, տեղի բնակիչների նույն խումբը արդեն երկրորդ անգամ է բողոքում Պահպանողական շարժման նոր գրասենյակի դեմ՝ փետրվարի 24-ին՝ Ռուսաստանի ներխուժման սկսվելու օրը ներառյալ: Ջափարիձեն OC Media-ին ասել է, որ գրասենյակային տարածքի սեփականատերը խոստացել է մի քանի օրվա ընթացքում խզել կուսակցության հետ վարձակալությունը:

Փետրվարի 27-ին Պահպանողական շարժման նոր տարածքային գրասենյակը բախվել է տեղացիների բողոքի ցույցերին նաև Ամբրոլաուրիում, որը Մեստիայից հարավ-արևելք գտնվող քաղաք է Ռաչա պատմական շրջանում: Մի խումբ ցուցարարներ իրենց ցույցն անցկացրել են այդ օրը բացված Alt Info-ի գրասենյակների մոտ՝ նրանց անվանելով «դավաճաններ»։

Ազգային (չ)անվտանգություն

Սվանեթիում Պահպանողական շարժման տարածաշրջանային ղեկավարը Գիորգի Ռատիանին է, որը մինչև վերջերս Պետական անվտանգության ծառայությանաշխատակից էր, ըստ տեղական Mtis Ambebi լրատվականի:

Պետական անվտանգության ծառայությանը քննադատել են տեղական իրավապաշտպան խմբերը, այդ թվում Ժողովրդավարության հետազոտական ինստիտուտը և Սոցիալական արդարության կենտրոնը, որ այն չի կարողացել հստակ քաղաքականություն սահմանել, թե ինչպես վարվել Վրաստանում բռնի ծայրահեղական խմբերի դեմ, ինչպիսին է Alt Info-ն:

Փետրվարի 25-ին Ժողովրդավարության հետազոտական ինստիտուտը կառավարությանը և օրենսդիրներին կոչ է արել «վճռական գործողություններ ձեռնարկել արմատական գաղափարախոսությանը աջակցող կազմակերպությունների և/կամ նման կազմակերպությունների հետ կապված անձանց դեմ» և «քայլեր ձեռնարկել՝ ապահովելու արմատական գաղափարախոսության կազմակերպությունների ֆինանսավորման աղբյուրների, դրանց կազմակերպիչների և/ կամ նման կազմակերպությունների հետ կապված անձանց թափանցիկությունը»։

Երկու օր անց խորհրդարանական ընդդիմադիր «Ստրատեգի Աղմաշենեբելի» կուսակցությունը և Հանրապետական կուսակցությունը դիմեցին Վրաստանի Հաղորդակցության ազգային հանձնաժողովին՝ «դադարեցնելու ռուսական և ռուսամետ տեղեկատվական ալիքների հեռարձակումը», որին հաջորդեց առցանց ստորագրահավաք՝ իրենց նպատակին աջակցելու կոչով:

«Մեր պահանջը հիմնված է քաղաքակիրթ աշխարհի կողմից [ռուսական ներխուժմանը] պատասխանի, ինչպես նաև մեր անվտանգության մտահոգությունների վրա, քանի որ Վրաստանը օկուպացված է Ռուսաստանի կողմից, իսկ Ռուսաստանը մտադիր է ընդդիմանալ Վրաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և մեր եվրատլանտյան կուրսին»,- փետրվարի 28-ին խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ ասել է «Ստրատեգի Աղմաշենեբելի» կուսակցության պատգամավոր Թեոնա Ակուբարդիան:

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Մեկնաբանել