Ոչնչացվել է Ուկրաինայի գրեթե ողջ ռազմական ենթակառուցվածքը․ Պուտին

Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի ոչնչացման աշխատանքները մոտենում են ավարտին, այսօր ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ մերձմոսկովյան Խիմկի քաղաքի «Աերոֆլոտ» ուսումնական կենտրոնում ռուսական ավիաընկերությունների կին օդաչուների հետ հանդիպմանը, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները։

«Առաջին բանը, որ արել ենք, ոչնչացրել ենք ամբողջ ռազմական ենթակառուցվածքը: Դե, ոչ բոլորը, բայց հիմնականում՝ պահեստները՝ զենքով, զինամթերքով, ավիացիայով, հակաօդային պաշտպանության համակարգերով: ՀՕՊ համակարգերի վերացումը որոշակի ժամանակ է պահանջում. դրանք պետք է հայտնաբերվեն, ապա խոցվեն։ Գործնականում այս աշխատանքն ավարտված է»,- ասել է Պուտինը։

Ռուսաստանի ղեկավարը հավելել է, որ գործողությունը շարունակվում է նախատեսվածի համաձայն։

Ռուսաստանում արտակարգ դրություն չի մտցվելու

Պուտինը վստահեցրել է, որ ՌԴ իշխանությունները մտադիր չեն երկրում հատուկ կամ արտակարգ դրություն մտցնել։ Նա նշել է, որ առաջին միջոցն օգտագործվում է ներքին լայնածավալ սպառնալիքներին արձագանքելու համար, իսկ երկրորդը՝ տեխնածին կամ բնական աղետների դեպքում։

«Բայց, փառք Աստծո, հիմա դա չունենք, մենք չենք նախատեսում Ռուսաստանի Դաշնության տարածքում որևէ հատուկ դրություն մտցնել։ Այսօր նման անհրաժեշտություն չկա»,- ասել է նա։

Պուտինի խոսքով՝ Ուկրաինայում գործողության մեջ նորակոչիկներ ներգրավված չեն, ներգրավված են միայն պրոֆեսիոնալներ։

«Այս գործողությանը մասնակցում են միայն պրոֆեսիոնալ զինվորականներ՝ սպաներ և պայմանագրայիններ: Ժամկետայիններ չկան, և մենք չենք էլ նախատեսում դա անել: Եվս մեկ անգամ կրկնում եմ՝ միայն տղամարդիկ, որոնք կամովին շատ պատասխանատու ընտրություն են կատարել՝ պաշտպանելու հայրենիքը, նրանք պատվով են կատարում այդ խնդիրը»,- ասել է Ռուսաստանի նախագահը:

Ուկրաինայի միջուկային զենքի մասին

Պուտինը հիշեցրել է, որ Ուկրաինան միջուկային և հրթիռային կոմպետենցիա ունի դեռ խորհրդային ժամանակներից։

«Հիմա խոսում են միջուկային կարգավիճակ ձեռք բերելու մասին, այսինքն՝ միջուկային զենք ձեռք բերելու մասին: Մենք չենք կարող անտեսել նման բաները, մանավանդ, որ գիտենք, թե այդ այսպես կոչված Արևմուտքն ինչպես է վարվում Ռուսաստանի նկատմամբ»,- ասել է նա։

Նա նշել է, որ եթե դա տեղի ունենա, Ռուսաստանի դիրքորոշումն արմատապես կփոխվի։ Ինչ վերաբերում է ուրանի հարստացմանը, նրանք կկարողանան կազմակերպել այդ աշխատանքը։ Հրթիռային կոմպետենցիա կա։ Միայն «Յուժմաշը» շատ բան արժե։ Այն Խորհրդային Միության համար մշակում էր հրթիռային տեխնոլոգիաներ՝ բալիստիկ, միջմայրցամաքային հեռահարությոան հրթիռներ։ Այո՛, հրթիռներ կստեղծեն։ Եվ օվկիանոսից այն կողմ գտնվողները նրանց կօգնեն դա անել։ Հետո կասեն, որ մենք [Ուկրաինայի] միջուկային կարգավիճակը չենք ճանաչում, նրանք ինքնուրույն են դա ստեղծել, և այդ համալիրները կվերցնեն իրենց վերահսկողության տակ: Ու այդ վայրկյանից, հենց այդ վայրկյանից, Ռուսաստանի ճակատագիրը բոլորովին այլ կլինի»,- ասել է Պուտինը։

Նա ընդգծել է, որ նման սցենարը մեծ վտանգ է ներկայացնում Ռուսաստանի համար։

«Այդ ժամանակ մեր ռազմավարական հակառակորդներին նույնիսկ պետք չի լինի ունենալ միջմայրցամաքային հեռահարության բալիստիկ հրթիռներ: Այստեղ նրանք մեզ ուղղակիորեն միջուկային նշանառության տակ կպահեն և վերջ: Ինչպե՞ս կարող ենք այս ամենի կողքով անտարբեր անցնել: Բացարձակ իրական սպառնալիքներ են, սա ինչ-որ անհեթեթություն չէ»,- ասել է Պուտինը։

Մեկնաբանել