Լուռ և անհանգիստ. Հայաստանի արձագանքը ռուսական ներխուժմանը Ուկրաինա. OC Media-ի անդրադարձը

armenia protest war ukraine

Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո աշխարհը կարծես ավելի միասնական է ռուսական իմպերիալիզմի դեմ, քան երբևէ։ Այնուամենայնիվ, Հայաստանում մարդիկ խճճվել են տրավմայի և անտարբերության խորը զգացումների միջև, իսկ վերլուծաբանները ենթադրում են, որ երկիրը տառապում է Ստոկհոլմի համախտանիշով:

Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին պատերազմի, Հայաստանում Ռուսաստանի ներկայության ու ազդեցության, ինչպես նաև Ադրբեջանին Ուկրաինայի աջակցության ֆոնին Հայաստանը և հայերը հիմնականում լռել են իրադարձությունների մասին, որոնք ծավալվեցին Մոսկվայի կողմից Դոնեցկի և Լուգանսկի անկախության ճանաչումից հետո։

Այնուամենայնիվ, շատերի համար այս լռությունն արդարացված է։

Պատերազմի առաջին շաբաթվա ընթացքում Երևանում երկու փոքր ցույց անցկացվեց՝ ի պաշտպանություն Ուկրաինայի։ Առաջինը Ռուսաստանի դեսպանատան դիմաց պատերազմի հենց առաջին օրը կազմակերպել էր «Հայաստանի եվրոպական կուսակցությունը», որը փոքր կուսակցություն է և ներկայացված չէ խորհրդարանում։ Երկրորդ ցույցը ուկրաինացի բանաստեղծ և քաղաքական գործիչ Տարաս Շևչենկոյի հուշահամալիրի մոտ փետրվարի 27-ին կազմակերպել էր Ուկրաինայի դեսպանատունը։

Հայաստանի կառավարությունը և պաշտոնյաները հիմնականում լռություն են պահպանում Ռուսաստանի գործողությունների վերաբերյալ. մինչ այժմ միայն մեկ հայտարարություն է արվել, որը հաստատում է, որ Երևանը չի նախատեսում ճանաչել Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը և որում ՀՀ ԱԳՆ-ն հույս է հայտնում, որ Ռուսաստանը և Ուկրաինան կարող են հակամարտությանը «խաղաղ լուծում» գտնել:

Պահպանելով հավասարակշռություն

Միջազգային ասպարեզում Հայաստանը միակն էր, որ աջակցում էր իր ռազմավարական դաշնակցին և անվտանգության գլխավոր երաշխավորին՝ դեմ քվեարկելով Եվրոպայի խորհրդում ՌԴ ներկայացուցչության կասեցմանը։

Սակայն Հայաստանը ձեռնպահ մնաց երկու քվեարկության ժամանակ, երբ Ռուսաստանը հեռացվեց ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից, իսկ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում

Ռուսաստանի ներխուժումը դատապարտող բանաձև ընդունվեց։

Հայաստանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի՝ Ռուսաստանի ներխուժումը դատապարտող բանաձևին դեմ քվեարկած հինգ երկրների թվում չէր։

Այս երկու դեպքում Հայաստանի դիրքորոշման աննկատ փոփոխությունը կարող է դիտվել որպես «խոշոր առաջընթաց», կարծում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։ «Բայց սա միայն Ռուսաստանից Հայաստանի կախվածության համատեքստում»,- ասում է նա։

«Ռուսաստանից իր անկախության և ինքնիշխանության հարցում Հայաստանն այնքան տխուր վիճակում է, որ այս լռությունն արդեն իսկ լավ է»,- OC Media-ին ասել է Իոաննիսյանը։

Նա նկատի ունի Հայաստանի քաղաքական կախվածությունը Ռուսաստանից, որը ներառում է անդամակցությունը Ռուսաստանի գլխավորած Եվրասիական տնտեսական միությանը և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը՝ որպես երկրի հիմնական գործընկերություն տնտեսության և անվտանգության ոլորտներում։ Հայաստանն ու Ռուսաստանը նաև ունեն ռազմավարական գործընկերության առանձին համաձայնագիր, որը կարգավորում է ռուսական ռազմաբազայի և ռուսական զորքերի ներկայությունը Հայաստանում։

Ռուսաստանից Հայաստանի կախվածությունն ավելի է մեծացել Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմից հետո, որն ավարտվեց ռուսական միջնորդությամբ և ավելի քան 2000 ռուս խաղաղապահների տեղակայմամբ: Այսպիսով՝ Լեռնային Ղարաբաղի՝ Հայաստանի կողմից վերահսկվող հատվածները հայտնվել են Ռուսաստանի փաստացի վերահսկողության տակ։ Բացի դրանից, Հայաստանում ռուսական զորքերի թիվը հասել է մոտ 10 000-ի, Ռուսաստանը Գյումրիում ունի մշտական ռազմաբազա, Երևանում ռազմական օդանավակայան, ինչպես նաև ռազմավարական այլ փոքր դիրքեր: Ռուսական զորքը վերահսկում է նաև հայ-թուրքական սահմանը։

«Վերջին քսան տարիների ընթացքում [Հայաստանը – խմբ․] պայքարել է, որպեսզի ռազմավարական «հավասարակշռություն» պահպանի անվտանգության ոլորտում Ռուսաստանի հետ իր գործընկերության և ԵՄ-ի ու Արևմուտքի հետ կապերը խորացնելու շահագրգռվածության միջև»,- OC Media-ին ասել է Երևանում գործող Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը:

Այդուհանդերձ, Կիրակոսյանը կարծում է, որ Ռուսաստանը, հավանաբար, կսկսի պահանջել ավելի մեծ աջակցություն և ավելի բացահայտ հավատարմություն, որի դեպքում «կարող է վերանալ դիվանագիտական հավասարակշռության ցանկացած զգացում, ինչի հետևանքով Հայաստանը կարող է հայտնվել խոցելի և մեկուսացված դիրքում՝ քաղաքական հնացած գործելակերպով»։

«Թեև որպես Ռուսաստանից բացի այդ քայլին դեմ հանդես եկող միակ երկիր Հայաստանն իր դիրքորոշման պատճառով վտանգավոր կերպով մեկուսանում է, ընտրությունը փոքր էր, իսկ այլընտրանքը՝ նույնիսկ էլ ավելի»,- ասել է Կիրակոսյանը։

Հաշվի առնելով Մոսկվայի գործողություններին աջակցելու և դատապարտելու հարցում Հայաստանի ընտրած միջանկյալ դիրքը՝ մտավախություն կա, որ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներից կարող է մեծապես տուժել նաև Հայաստանը կամ առնվազն զգալ դրանց ազդեցությունը։

Իոաննիսյանը կարծում է, որ բավականին իրական սցենար է այն, որ Հայաստանի վրա ազդեցություն կարող են ունենալ ոչ թե պատժամիջոցները, այլ դրանք շրջանցելու նպատակով Հայաստանին և այլ երկրներին օգտագործելու փորձերը, որ կարող է անել Ռուսաստանը։

«Այս դեպքում Հայաստանի համար կարող են վատ հետևանքներ լինել»,- ասել է նա։

Իոաննիսյանը նախազգուշացրել է, որ եթե Ռուսաստանը հաղթանակած դուրս գա այս պատերազմից, ապա Հայաստանին կարող է ստիպել մասնակցելու «Խորհրդային Միություն 2.0» ձևավորելու գործընթացին։

Մարդիկ, զենքեր և քարոզչություն

Հայ բնակչության արձագանքը շատ չի տարբերվել կառավարության արձագանքից, որը հիմնականում տարբերվում է այս հարցում աշխարհի մեծ մասից դիրքորոշումից:

Լրագրող, խաղաղության կողմնակից Արամ Ամիրբեկյանն ասում է, որ անկախ ամեն ինչից, հայերի արձագանքները տրամաբանական են։

«Ցավոք սրտի, շատերը նույնիսկ գոհ էին այն ամենից, ինչ կատարվում էր»,- OC Media-ին ասել Ամիրբեկյանը՝ հավելելով, որ այս մարդիկ իրենց անտարբերությունն արդարացնում են նրանով, որ Արցախում 2020-ի պատերազմի ժամանակ Ուկրաինան աջակցում էր Ադրբեջանին։

«Ես համաձայն չեմ նման պատասխանի հետ, քանի որ սա [Ռուսաստանի ներխուժումը – խմբ․] ագրեսիա է, որը պետք է դատապարտվի, բայց «թշնամի-դաշնակից» քարոզչությունն այնքան ուժեղ էր Հայաստանում, որ ստեղծվեց մի իրողություն, որտեղ մարդիկ աջակցում են Ռուսաստանին»,- ասել է Ամիրբեկյանը։

«Ուկրաինան, այս համատեքստում, ընկալվում էր որպես թշնամի, որը զենք և սպիտակ ֆոսֆոր է վաճառում Ադրբեջանին,- ասել է նա՝ հավելելով,- Բայց Ռուսաստանը նույնպես այդպես էր անում․ բոլորը բոլորին զենք են վաճառում»։

Ստոկհոլմի Խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի տվյալներով՝ 2011-2020 թվականներին Ռուսաստանը տրամադրել է Ադրբեջանի սպառազինության ավելի քան 60%-ը, մինչդեռ Ուկրաինան նույն ժամանակահատվածում վաճառել է ընդամենը 1%-ից ավելին, թեև մինչև 2010-ը այդ թիվը զգալիորեն ավելի մեծ էր:

Ադրբեջանին ուկրաինական աջակցության շուրջ տարածված խոսակցությունների համաձայն՝ Կիևը Բաքվին մատակարարել է սպիտակ ֆոսֆոր, որն օգտագործվել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմի ժամանակ:

Կինոռեժիսոր Սարիկ Անդրեասյանը, որը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի նախկին ընկերն է, մեկն է այն շատերից, որոնք շարունակ տարածել են այս ասեկոսեները, ինչը Զելենսկին կտրականապես հերքել է։

Ըստ Դանիել Իոաննիսյանի, որը մեջբերում է «Իրազեկ քաղաքացիների միության» պատվիրած հարցման արդյունքները, ռուսական լրատվամիջոցներն ու քարոզչությունը նույնպես նշանակալի դեր են խաղացել հայկական հասարակական կարծիքի ձևավորման գործում, քանի որ հայերի ավելի քան 11%-ը ռուսական պետական լրատվամիջոցները համարում է տեղեկատվության վստահելի աղբյուր:

«Սա, ի թիվս այլ բաների, ազդում է հանրային կարծիքի վրա և, ցավոք, հանգեցնում Պուտինի գործողություններին դրա աջակցությանը։ Եվ Հայաստանը պետք է ինտենսիվ աշխատանք տանի ապատեղեկատվական արշավների դեմ»,- ասել է նա։

Ուկրաինա ռուսական ներխուժման մեկնարկից հետո նման «արշավներից» մեկը վերջերս տեղի է ունեցել Երևանում, երբ քաղաքի ամենամեծ կամուրջներից մեկից՝ Կիևյան կամրջից, «Ռուսական բանակ» գրությամբ 50 մետրանոց պաստառ էին կախել:

Տեսանյութից արված կադր․ ռուսական բանակին աջակցող պաստառը կախված է Երևանի Կիևյան կամրջից։

Թեև պաստառը պատկերող տեսանյութն ակնթարթորեն տարածվեց համացանցով՝ ունենալով հարյուր հազարավոր դիտումներ, տեղացի լրագրողները պարզեցին, որ այն ընդամենը ինը րոպե է կախված մնացել, որպեսզի նկարահանեն, ինչից հետո այն հանվել է:

Ըստ Արամ Ամիրբեկյանի՝ Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները, այդ թվում՝ 2018-ի հեղափոխությունը և Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմը, փոխեցին ընկալումները նաև Հայաստանում։ Այդ իրադարձությունները հայերին ավելի «քաղաքականացրին»։ «Եվ դրա ֆոնին ուկրաինական իրադարձություններն ընկալվում են որպես այս աշխարհաքաղաքական ընկալումների մի մաս»,- ասում է նա։

Ամիրբեկյանի համար տրամաբանական էր նաև Հայաստանի արձագանքը որպես պետություն. «Որպես պետություն՝ Հայաստանից դժվար է ակնկալել բացահայտ աջակցություն Ուկրաինային, քանի որ ռուսական զորքերը Ղարաբաղում են՝ որպես այնտեղի ժողովրդի անվտանգության անմիջական երաշխավոր»։

«Կցանկանայի ավելին տեսնել։ Կցանկանայի Հայաստանին տեսնել այնպիսի աշխարհաքաղաքական իրավիճակում, որ կարողանար ուղղակիորեն դատապարտել այս ագրեսիան և գաղութատիրական քաղաքականությունը,- եզրափակում է Ամիրբեկյանը,- Բայց ուրախ եմ, որ այն կարողացավ որոշակի չեզոքություն պահպանել»:

«Միևնույն ժամանակ, […] մենք պետք է նկատենք, որ Հայաստանում կարեկցանք կա ուկրաինացիների նկատմամբ»,- հավելել է նա։

«Ի վերջո, Ուկրաինայում շատ հայեր կան, երկրների ու մարդկանց հարաբերությունները բավականին ջերմ էին։ Կիևի կամ Լվովի գնդակոծության տեսարանը ցավալի է նաև հայերի համար»։

Փախստականներ ընդունելուն պատրաստ

Ըստ հաշվարկների՝ Ուկրաինայում ապրում է գրեթե 400 000 հայ և հայկական արմատներով մարդ, մինչդեռ պաշտոնապես Ուկրաինայում հայերի թիվը մոտ 130 000 է։ Մյուս կողմից, Ռուսաստանն ունի ամենամեծ հայ բնակչությունը՝ 1,2 միլիոն։

Ե՛վ Հայաստանի արտգործնախարարությունը, և՛ Ուկրաինայի հայ համայնքի ղեկավարն ասել են, որ ստույգ տեղեկություն չկա, թե քանի հայ է փախել պատերազմից կամ քանիսն են եկել Հայաստան։

Սակայն նախարարությունը պատրաստակամություն է հայտնել ընդունել ոչ միայն էթնիկ հայերին և ՀՀ քաղաքացիներին, այլ նաև օտարերկրյա փախստականներին։

Էկոնոմիկայի նախարարությունը նաև աշխատանքային խումբ է ստեղծել՝ օգնելու Հայաստան տեղափոխվելու մտադրություն ունեցող հայերին, ռուսներին, բելառուսներին և ուկրաինացիներին։ Սա ներառում է այդ երկրներում գրանցված ընկերությունները Հայաստան տեղափոխելու համար պարզեցված ընթացակարգ։

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքով՝ մոտ մեկ տասնյակ ռուսական ընկերություններ արդեն տեղափոխվել են Հայաստան։

«Մի քանի ընկերություններ ճանապարհին են։ Ընդհանրապես, բազմաթիվ ընկերություններ են դիմել՝ տասնյակ կամ հարյուրավոր ընկերություններ»,- ասել է Քերոբյանը։ Նրանց մեծ մասը ՏՏ ոլորտից են։

Քերոբյանն ասել է, որ կառավարությունը փորձում է երկրում ստեղծել «հաճելի միջավայր» և զուգահեռաբար ապահովել համապատասխան բիզնես միջավայր այն օտարերկրացիների համար, որոնք տեղափոխվում են կամ տեղափոխվելու են ընտանիքներով։

Մեկնաբանել