Լրագրողները Մերկելին մեղադրել են հույների ցեղասպանության մեջ

Հունական Crash ամսագիրն իր հուլիսյան համարում պատկերել է Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելին Գուանտանամոյի կալանավորի տեսքով՝ կոչ անելով նրան դատի տալ հույների ցեղասպանության համար, գրում է գերմանական Handelsblatt-ը։ Պարբերականի շապիկին լրագրողները պատկերել են կանցլերին բանտային նարնջագույն հագուստով և ձեռնաշղթաներով։

Crash-ի հրատարակիչ Գիորգիոս Տրանգասն ամսագրի էջերում առաջարկում է Մերկելին ուղարկել Հաագայի Միջազգային քրեական դատարան՝ մարդկության դեմ իրագործած հանցագործությունների մեղադրանքով։

Պարբերականը մեղադրյալների աթոռին ցանկանում է տեսնել ոչ միայն Մերկելին, այլև Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեին, Արժույթի միջազգային հիմնադրամի կառավարիչ-տնօրեն Քրիստին Լագարդին, Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուին, Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպույին։

«Մերկելն ու նրա ընկերները չեն հավատում մարդկային կյանքի ու սեփական արժանապատվության արժեքին»,- գրում է Տրանգասը։ Նրա կարծիքով՝ Գերմանիայի կանցլերը Հունաստանը վերածել է «ժամանակակից համակենտրոնացման ճամբարի», որում «նոր հրեաներ» դարձած հույները մեկուսացվել են, «ինչպես բորոտներ»։

Հույն լրագրողները նախկինում արդեն պատկերել էին Մերկելին ամենատարբեր կերպարներում՝ նացիստական հագուստով, արյուն խմող վամպիրի տեսքով, կրկեսի վարժեցնողի կերպարում, որը հույն թոշակառուներին ստիպում է անցնել վառվող օղակի միջով։ Նշենք, որ տեղեկատվական պատերազմում չեն զիջում նաև գերմանական լրատվամիջոցները։ Այսպես, Focus ամսագիրը 2010թ․ իր համարներից մեկի շապիկին պատկերել էր միջնամատ ցույց տվող Աֆրոդիտեին և գրել՝ «Խարդախներ եվրոյի ընտանիքում», իսկ Bild թերթը հույներին խորհուրդ էր տվել վաճառել Ակրոպոլիսը՝ պարտքերը վճարելու համար։