Վերջին օրերին Հայաստանում բուռն քննարկումներ են ընթանում ռուս-ուկրաինական պատերազմի միջազգային արձագանքի մասին: Ուկրաինայի դեմ լայնածավալ պատերազմ սկսելուց հետո Ռուսաստանը հայտնվել է աննախադեպ պատժամիջոցների տակ, որոնք առնչվում են երկրի կյանքի բոլոր ոլորտներին: Հավաքական Արևմուտքը պատերազմի մեկնարկից հետո սկսել է վարել Ռուսաստանի տոտալ մեկուսացման քաղաքականություն:
Այդ ուժեղ արձագանքը հայաստանյան հանրային քննարկումներում համեմատվում է Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ընթացքում նույն միջազգային դերակատարների պասիվ ու չեզոք պահվածքի հետ: Նման համեմատությունները հաճախ համընդհանուր հիասթափության ու անարդարության զգացողության պատճառ են դառնում: Այդ առումով կարևոր է հասկանալ, թե ինչու էր միջազգային հանրությունը այդքան պասիվ 2020-ի ադրբեջանական ագրեսիայի ժամանակ և ինչու է այսքան ակտիվ ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում:
Առաջին պատճառն այն է, որ միջազգային հանրությունը Լեռնային Ղարաբաղը լավագույն դեպքում ճանաչում էր որպես վիճելի տարածք: Իսկ այն երկրները, որոնք ղարաբաղյան համատեքստում ակտիվորեն չէին զբաղվում միջնորդական առաքելությամբ, ընդհանրապես կասկածի տակ չէին դնում Ղարաբաղի պատկանելությունը Ադրբեջանին: Սա հատկապես վերաբերում է նախկին ԼՂԻՄ-ից դուրս գտնված տարածքներին, որոնք պատերազմի արդյունքում անցան Ադրբեջանի վերահսկողության տակ: Ուկրաինայի պարագայում իրավիճակը այլ է: Աշխարհի պետությունների բացարձակ մեծամասնությունը ճանաչում է Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Այդ առումով բնական է, որ Ուկրաինայի պարագայում արձագանքը ավելի ուժեղ ու միասնական պիտի լիներ:
Ռուս-ուկրաինական պատերազմի պարագայում, անշուշտ, առկա է նաև բավական մեծ աշխարհաքաղաքական բաղադրիչ: Հավաքական Արևմուտքը շատ ավելի զգայուն է վերաբերվում Ռուսաստանի կողմից իրականացվող ագրեսիվ գործողություններին, քանի որ Մոսկվային դիտարկում է որպես լուրջ աշխարհաքաղաքական հակառակորդ: Ադրբեջանի պարագայում այդ գործոնը բացակայում է: Ավելին, Արևմուտքն ու Ադրբեջանը սերտ գործընկերային հարաբերություններ ունեն մի շարք ոլորտներում:
Այս երկու պատերազմները համեմատելիս՝ անհրաժեշտ է նաև գիտակցել ռուսական ներխուժման պատմական նշանակությունը: Սա հերթական ու սովորական պատերազմ չէ աշխարհի համար: Ռուսաստանը, Ուկրաինայի դեպ այս պատերազմը սանձազերծելով, մարտահրավեր է նետել ԽՍՀՄ փլուզումից հետո հաստատված լիբերալ աշխարհակարգին: Սա է նաև Արևմուտքի այսօրինակ կոշտ արձագանքի պատճառը: Եթե Ռուսաստանի հարձակումը անհետևանք մնար, լիբերալ աշխարհակարգին մարտահրավեր նետելու գայթակղություն կառաջանար նաև այլ ուժային կենտրոնների մոտ: Այսպես, ռուսական ներխուժման առաջին օրերին վերլուծական տարբեր շրջանակներ նշում էին, որ այս պատերազմը կարող է նախադեպ դառնալ Չինաստանի համար՝ Թայվանի դեմ ռազմական գործողություններ սկսելու համար:
Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ընթացքում Արևմուտքի պասիվ ու չեզոք դիրքորոշումը պայմանավորված էր նաև ԱՄՆ-ում իշխանության գտնվող վարչակազմի մոտեցումներից: Դոնալդ Թրամփը իր նախագահության տարիներին փորձում էր նվազեցնել ԱՄՆ ներգրավվածությունը միջազգային տարբեր գործընթացներում՝ կենտրոնանալով Ամերիկայի ներքին հարցերի վրա: Թրամփի նախագահության շրջանում լուրջ տարաձայնություններ կային նաև Միացյալ նահանգների ու ՆԱՏՕ-ի եվրոպական անդամների միջև: Այս միտումները իրենց դրսևորումներն էին ստանում նաև Ղարաբաղյան հակամարտության համատեքստում: Այսպես, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերը, որը այդ պաշտոնին նշանակվել էր 2017-ին, չուներ նույնիսկ դեսպանի դիվանագիտական աստիճան: Սա Ղարաբաղյան համատեքստում Միացյալ Նահանգների հետաքրքրվածության աստիճանի հստակ ցուցիչ էր:
Միացյալ Նահանգներում իշխող վարչակազմի մոտեցումների կարևորությունը ակնհայտ է դառնում, եթե համեմատում ենք նույն ԱՄՆ-ի պահվածքը 2016-ի ապրիլյան էսկալացիայից ու 44-օրյա պատերազմից հետո: 2016-ի էսկալացիայից հետո Միացյալ Նահանգները նախաձեռնեցին Վիեննայի հանդիպումը, որի արդյունքում Ադրբեջանը ստիպված էր հաստատել իր հավատարմությունը զինադադարի վերաբերյալ 1994 ու 1995 թվականներին ձեռք բերված համաձայնագրերին: 2020-ի պատերազմի ընթացքում ու դրանից հետ ԱՄՆ-ն շատ ավելի պասիվ էր:
Բայդենը, ի տարբերություն Թրամփի, իր նախագահության առաջին օրերից ԱՄՆ գլխավոր արտաքին քաղաքական առաջնահերթությունն էր համարում դաշինքների վերականգնումն ու ամրապնդումը: Այս մոտեցումը այժմ կարևոր նշանակություն ունի Ռուսաստանի դեմ արևմտյան ուժեղ ու միասնական ճակատ ստեղծելու հարցում:
Ռուս-ուկրաինական պատերազմի ու Ղարաբաղյան երկրորդ պատերազմի միջազգային արձագանքների մասին օրերս հետաքրքրական հայտարարություն է արել Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր, իշխող «Յենի Ազերբայջան» կուսակցության անդամ Ջավիդ Օսմանովը: Նա, մասնավորապես, նշել է․
«Ի տարբերություն Ուկրաինայի, որին աջակցում է ողջ աշխարհը, Ադրբեջանն ուներ միայն մեկ բարեկամ ու եղբայրական երկիր՝ Թուրքիան։ Եթե Ադրբեջանը 2020-ի նոյեմբերի 10-ին չստորագրեր փաստաթուղթը և բանակը ուղարկեր Խանքենդի, մենք շատ խնդիրներ կունենայինք։ Մենք կանգնած կլինեինք ինչպես ռուսական ռազմական ճնշման, այնպես էլ այսօր Ուկրաինային աջակցող ԱՄՆ-ի ու Եվրոպայի պատժամիջոցների վտանգի առաջ։ Այն, ինչ այսօր տեղի է ունենում Ուկրաինայում, կարող էր տեղի ունենալ նաև Ադրբեջանի հետ: Մենք կարող էինք ոչ միայն կորցնել այն, ինչ ձեռք ենք բերել 44-օրյա պատերազմում, այլև ընդհանրապես մեր անկախությունն ու պետականությունը»:
Ադրբեջանցի պատգամավորի այս հայտարարությունը ամենայն հավանականությամբ ուղղված է առաջին հերթին ներքին լսարանին: Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո ընդդիմության կողմից Ալիևի նկատմամբ հնչեցվող գլխավոր մեղադրանքն այն է, որ նա Ստեփանակերտ մտնելու և Լեռնային Ղարաբաղի մնացյալ մասերը գրավելու հրաման չի տվել: Այնուամենայնիվ, Օսմանովի հայտարարությունը զուրկ չէ նաև տրամաբանությունից: Բազմաթիվ փորձագետներ համակարծիք են, որ Ադրբեջանը նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրել էր արտաքին ներազդեցության արդյունքում:
Այսպիսով, ինչպես տեսնում ենք, միջազգային հանրության այս անհետևողական պահվածքի համար կան թե՛ օբյեկտիվ, թե՛ սուբյետիվ պատճառներ: Ակնհայտ է նաև, որ Ադրբեջանի ռազմական ագրեսիային հաջորդած մեղմ ու չեզոք միջազգային արձագանքը շարժառիթներ են առաջացրել այլ դերակատարների մոտ, որոնք պատրաստ են իրենց նպատակներին հասնել ուժի կիրառման միջոցով: