Արցախի և Հայաստանի ՊՆ-ները հերքում են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու լուրերը

Արցախի պաշտպանության բանակը հերքում է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու մասին Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունը։

«Մարտի 7-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված հաղորդագրությունն առ այն, թե իբր ՊԲ ստորաբաժանումները կրակ են բացել արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ողղությամբ, կեղծ է և ոչ մի առնչություն չունի իրականության հետ»,- ասված է հաղորդագրությունում։

ՊԲ-ից հայտնում են, որ վերջին օրերի ընթացքում հրադադարի պահպանման ռեժիմը պարբերաբար խախտվել է հենց ադրբեջանական զինուժի կողմից։ Հրադադարի խախտումների մասին տեղեկությունը տրամադրվել է ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը:

Պաշտպանության բանակը տեղեկացնում է նաև, որ ադրբեջանական կողմից նշված խախտումների արդյունքում հայկական կողմը կորուստներ չի կրել:

Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը հաղորդել էր, թե ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակել են նաև Հայաստանի արևելյան սահմանից։ ՀՀ ՊՆ-ն ևս հերքել է Ադրբեջանի տարածած տեղեկությունը։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ ապատեղեկատվություն է տարածում, պնդելով, թե ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։ Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո»,- ասված է Հայաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում։

Մեկնաբանել