Խաղաղության պայմանագիրը, ապաշրջափակումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից են․ ԱԳՆ

Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Վահան Հունանյանն արձագանքել է Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարների հայտարարություններին։

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, մասնավորապես, հայտարարել է, թե Ադրբեջանը բազմիցս Հայաստանին խաղաղության պայմանագիր կնքելու առաջարկություն է արել և որ չնայած դժվարություններին, կարելի է մտածել հարաբերությունների կարգավորման մասին:

Վահան Հունանյանի խոսքով՝ խաղաղության պայմանագիր ստորագրելը Հայաստանի կառավարության առաջնահերթություններից է։

«ՀՀ կառավարությունը Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու ռազմավարություն է որդեգրել և, բնականաբար, այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկելու պատրաստակամություն է դրսևորում: Ինչ վերաբերում է կոնկրետ խաղաղության պայմանագիր ստորագրելուն, մի քանի անգամ բարձրագույն մակարդակով հայտարարվել է, որ դա կառավարության օրակարգային առաջնահերթություններից է»,- ասել է Հունանյանը։

Ինչ վերաբերում է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հնչեցրած «Զանգեզուրի միջանցքի» արտահայտությանը, ՀՀ ԱԳՆ խոսնակը նշել է․ «Մեզ համար դա անհասկանալի խոսույթ է, և սրա մասին գիտեն բոլորը: Մյուս կողմից՝ տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը նույնպես Կառավարության առաջնահերթություններից է, և այս ուղղությամբ կոնկրետ քայլեր են ձեռնարկվում, այդ թվում՝ «Հայկական խաչմերուկ» նախագծի շրջանակներում»։