Հովիկ Աբրահամյանի ընտանիքի դղյակը վաճառվել է. ո՞վ է գնորդը

հովիկ աբրահամյանի դղյակը

Մկրտիչ Կարապետյան

Հայաստանի նախկին վարչապետ, Ազգային ժողովի նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի՝ Երևանի Ազատության պողոտայում գտնվող շքեղ առանձնատունը վաճառվել է, այն ունի նոր սեփականատեր։ Գործարքը կատարվել է մարտի 1-ին։ ՍիվիլՆեթն ուսումնասիրել է այս գործարքը։

Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքը Երևանի Ազատության պողոտայում ուներ երկու առանձնատուն։ Դրանցից մեկը պատկանում էր նրա որդուն՝ Արգամ Աբրահամյանին, մյուսը՝ կնոջը՝ Ջուլիետա Աբրահամյանին։ Վաճառված առանձնատունը Արգամ Աբրահամյանինն էր, կառուցվել էր խորհրդարանի շենքի նմանությամբ։ Ըստ կադաստրային փաստաթղթերի՝ առանձնատան տարածքը 2 580 քառակուսի մետր է։ Տարածքի սեփականատերը նախ Հովիկ Աբրահամյանի վարորդ, մրգավետցի Գրիգոր Գևորգյանն էր, որը 2013-ին նվիրատվությամբ այն փոխանցել է Արգամ Աբրահամյանին։ Նվիրատվության պայմանագրին հաջորդել էր Երևանի քաղաքապետարանի կողմից տարածքին հասցեի տրամադրումը, ապա շինարարությունը և այլն։

Առանձնատան նկուղային հատվածը բաղկացած է երկու սաունաներից, երեք սանհանգույցներից, մարզման սրահից, մերսման սրահից, կինոդահլիճից, տան սպասավորների համար նախատեսված ննջասենյակից, մառանից։ Առաջին հարկն ունի երեք սանհանգույց, հյուրասենյակ, ճաշասենյակ, բուխարիի համար նախատեսված տարածք, հանդերձարաններ։ Երկրորդ հարկում տեղակայված են չորս ննջարան, չորս սանհանգույց, չորս հանդերձարան, կա բացօթյա պատշգամբ։ Բակում կա երկու զրուցարան, երկու պահակակետ, կաթսայատուն, ջրավազան։ Գույքի կադաստրային արժեքը ավելի քան 310 միլիոն դրամ է։
Աբրահամյանների առանձնատները պարբերաբար գործող իշխանությունների կողմից վկայակոչվում էին որպես կոռուպցիայի ցցուն օրինակ։ Իրենց ելույթներում այդ մասին էին հայտարարում գործող իշխանության տարբեր ներկայացուցիչներ։ Օրինակ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ 2017-ին հայտարարել էր. «Հաղթանակ զբոսայգին ու նրա մերձակա տարածքները կոռուպցիայի թանգարան են բաց երկնքի տակ։ Բացառված է, որ այնտեղ լինի հողակտոր, որևէ գործողություն, որ կոռուպցիայի հետ կապ չունենա»։ Փաշինյանը նաև գաղափար էր առաջ քաշել, որ կոռուպցիայի թանգարանում որպես գիդ կարող է աշխատել Հովիկ Աբրահամյանը։

Հանրային հեռուստաընկերությունը 2020-ի փետրվարին անդրադարձել էր, որ Հովիկ Աբրահամյանի ընտանիքը փորձում էր օրինականացնել իրենց տան հարևանությամբ գտնվող 450 քառակուսի մետր մակերեսով ապօրինի շինությունը։ Մոնումենտում առկա ապօրինի շինությունների օրինականացմանը Փաշինյանն անդրադարձել էր, Երևանի քաղաքապետարանի մասնակցությամբ ստեղծվել էր աշխատանքային խումբ, որի գործունեության արդյունքներից այլ տեղեկություններ չկան։

«Գոլդեն փելիս»-ի սեփականատերը ձեռք է բերում Աբրահամյանի առանձնատունը

Հովիկ Աբրահամյանի ընտանիքից առանձնատունն անցել է նորահայտ գործարար Նարեկ Նալբանդյանի ընտանիքին։ Մարտի 1-ին Արգամ Աբրահամյանը առանձնատան առքուվաճառքի պայմանագիր է կնքել Նալբանդյանի կնոջ՝ Լիլիթ Պետրոսյանի հետ։ Առանձնատան գինը կազմել է 2,5 միլիարդ դրամ (ավելի քան 5,1 միլիոն դոլար)։ Դրանից 48 միլիոն դրամը գնորդ Լիլիթ Պետրոսյանն արդեն վճարել է, մնացած 2,452 միլիարդ դրամը վճարվելու է մինչև օգոստոսի 1-ը։ Այդ ժամանակ է նախատեսված առանձնատան հանձնումը Պետրոսյանին։

Նարեկ Նալբանդյանին լայն հանրությունը ծանոթացավ Ծաղկաձորի «Գոլդեն փելիս» հյուրանոցային համալիրի օտարման ժամանակ։ Փետրվարի 11-ին պետությունը վաճառեց «Գոլդեն փելիս»-ը, գնորդը Նարեկ Նալբանդյանն էր՝ «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ընկերության միջոցով։ Գործարքը կազմել էր 5 միլիարդ դրամ։ ՍիվիլՆեթն անդրադարձել էր Նալբանդյանի գործունեությանը։ Նշել էինք, որ վերջինս «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ընկերությունների խմբի սեփականատերն է, ընկերության բաժնետեր է դարձել 2019-ից։

Նարեկ Նալբանդյանը

Նալբանդյանի բիզնեսների էական ընդլայնումը տեղի է ունեցել 2018-ից հետո։ Նա հիմնել է «Նալբանդյան» ապրանքանիշի ալյուրի արտադրություն,երկու ալրաղացներ, ունի բեռնափոխադրմամբ զբաղվող 200 մեքենայից բաղկացած ավտոպարկ, բեռնատար մեքենաների ավտոտեխսպասարկման խոշոր կենտրոն։ Նալբանդյանին է պատկանում Շիրակի թռչնաբուծական ֆաբրիկան, որը հավկիթի շուկայում, ըստ ոլորտի խաղացողների, ինքնարժեքից ցածր գնով հավկիթ է հանել վաճառքի։ Նարեկ Նալբանդյանը զբաղվում է նաև ցեմենտի դիստրիբուցիայով, ունի 40 հեկտար պտղատու այգիներ, խոշոր սառնարանային տնտեսություն, վերջերս հիմնել է համակցված կերերի գործարան։ Անցյալ տարի Նարեկ Նալբանդյանի «Պրոյեկտ ինտեր-ինվեստ»-ին հանձնվեցին Սևանա լճի հանրային լողափերի սպասարկման իրավունքները։ Նրա կինը՝ Լիլիթ Պետրոսյանը, բաժնետեր է «Ման եղբայրներ» ՍՊԸ-ում, որը, ըստ հարկ վճարողների փնտրման համակարգի, զբաղվում է հացի արտադրությամբ։

Աբրահամյանների առանձնատունը՝ քրեական գործերում

Առանձնատան առքուվաճառքը կայացնելու համար Աբրահամյանները պետք է կարողանային նախ գույքը դուրս բերել կալանքից։ Այն կալանքի տակ էր 2018-ից՝ երկու քրեական գործերով։ Դրանցից մեկը վերաբերում էր «Ավազահատիկ» ՍՊԸ-ի 60 տոկոսի ձեռքբերմանը։ Գործը քննում էր Հատուկ քննչական ծառայությունը (ներկայում Հակակոռուպցիոն կոմիտե)։ 2018-ին «Ավազահատիկ»-ի բաժնետեր Գևորգ Գևորգյանը իրավապահներին հայտնել էր, որ 2008-ից սկսած՝ Հովիկ Աբրահամյանն ու նրա եղբայրը՝ Ջոնիկ Աբրահամյանը, իրենից պահանջել են ընկերության 60 տոկոսը հանձնել իրենց, և ավազի հանքի 60 տոկոսն ի վերջո անցել է վերջիններիս։ Պաշտոնեական դիրքի չարաշահման հատկանիշներով գործում նախկին վարչապետը մեղադրյալ է։ ՀՔԾ-ն հնարավոր համարելով, որ Արգամ Աբրահամյանի շարժական ու անշարժ գույքերը իրականում պատկանում են Հովիկ Աբրահամյանին, որոշել էր կալանք դնել դրանց վրա, այդ թվում՝ առանձնատան։ 2021-ին Աբրահամյանի գույքերն ազատվում են կալանքից։
Ազատության պողոտայի առանձնատունը կալանքի տակ էր նաև «Մոնումենտի դղյակների» քրեական գործով, որը ներկայում քննվում է Հակակոռուպցիոն կոմիտեում։ 2018-ին «Հետքը» ներկայացրել էր Ազատության պողոտայում տարբեր բարձրաստիճան պաշտոնատար անձանց շքեղ առանձնատները։ Հրապարակմանը հաջորդել է նյութերի նախապատրաստումը, քրեական գործի հարուցումը՝ պաշտոնեական դիրքի չարաշահման հատկանիշներով։ «Հետք»-ի հրապարակման մեջ նշված առանձնատները ՀՔԾ քննիչի որոշմամբ 2020-ի մարտին ճանաչվել են իրեղեն ապացույց, ու արգելվել է դրանց հետ կապված գործարքների իրականացումը։ Փետրվարի 3-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը պարտավորեցրել է վերացնել Արգամ Աբրահամյանի իրավունքների սահմանափակումը։ Փետրվարի 15-ին կադաստրի կոմիտեին ուղղված գրությամբ Հակակոռուպցիոն կոմիտեն միայն Աբրահամյանի տան հետ կապված սահմանափակումները վերացնելու հանձնարարական է տվել Կադաստրի կոմիտեին։ Մոտ երկու շաբաթ անց կնքվել է տան առքուվաճառքի պայմանագիրը։

Հովիկ Աբրահամյանի կնոջ՝ Ջուլիետա Աբրահամյանի անվամբ նույն տարածքում գրանցված առանձնատան սեփականատերերի փոփոխություններ դեռևս չկան։ Ջուլիետա Աբրահամյանի այս սեփականությունը ևս արգելանքի տակ է վերը նշված քրեական գործերով։ Սրա հետ կապված սահմանափակումները շարունակում են ուժի մեջ մնալ, և Ջուլիետա Աբրահամյանը դեռ չի կարող գործարքներ իրականացնել։ 1 464 քառակուսի մետր մակերեսով առանձնատունը 2018-ին գնահատվել էր 840 միլիոն դրամ։

Մեկնաբանել