Ռուսաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները կհանդիպեն Անթալիայում. Չավուշօղլու

Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Դմիտրի Կուլեբայի հանդիպումը կարող է տեղի ունենալ մարտի 10-ին՝ Անթալիայում կայանալիք դիվանագիտական ​​ֆորումի շրջանակներում։ Այս մասին այսօր` մարտի 7-ին, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

«Ռուսաստանի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարները հաստատել են Անթալիայում հանդիպում անցկացնելու պատրաստակամությունը: Հանդիպումը տեղի կունենա դիվանագիտական ​​ֆորումի շրջանակներում՝ եռակողմ ձևաչափով»,- Անկարայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Չավուշօղլուն, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

Նախօրեին` մարտի 6-ին, Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույցներ էր ունեցել ռուս և ուկրաինացի գործընկերներ Սերգեյ Լավրովի և Դմիտրի Կուլեբայի հետ, հայտնել էր Թուրքիայի ԱԳՆ-ն։

Հաղորդվում է, որ Չավուշօղլուն և Լավրովը քննարկել են ուկրաինական ճգնաժամի կարգավորման ուղիները: Արտգործնախարարների բանակցությունները մարտի 6-ին Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցի շարունակությունն էին։