Ուկրաինայի փոխվարչապետի՝ մարդասիրական միջանցքների մասին խոսքը կիսատ է ներկայացվում մամուլում

Հայկ Հովհաննիսյան

Հայաստանյան մի շարք լրատվամիջոցներ մարտի 7-ին «Կիևը հրաժարվել է բացել Ռուսաստանի առաջարկած մարդասիրական միջանցքները» վերնագրով հոդվածներ են հրապարակել։ Դրանցում նշվում է, թե Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը հայտարարել է՝ ուկրաինական կողմի համար անընդունելի է մարդասիրական միջանցքների բացման ռուսական առաջարկը։

Փոխվարչապետ Վերեշչուկին վերագրվող խոսքը, սակայն, համատեքստից կտրված է՝ առանց վերջինիս բացատրության, թե ինչու է ուկրաինական կողմը հրաժարվել նման առաջարկից։

Հոդվածները գրել էին armtimes.com, aysor.am, araratnews.am, shabat.am և այլ լրատվականներ։ Այն ուղղակիորեն և բառացի վերցված էր ռուսական ՏԱՍՍ գործակալության հրապարակումից, որտեղ, ի դեպ, ներկայացված է ուկրաինական կողմի այս դիրքորոշման պատճառը, բայց դրա մասին հայկական լրատվականներում խոսք չկա։

Ի՞նչ է ասել Վերեշչուկը

Այսպես, Վերեշչուկը մարտի 7-ի ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ ռուսական կողմից առաջարկ է ստացվել հակամարտության գոտիներից մարդասիրական միջանցքները բացել միայն դեպի իր տարածք՝ Ռուսաստան։ Մասնավորապես՝ Կիևից դեպի Բելառուս (հետագայում՝ ՌԴ), իսկ Մարիուպոլից, Սումիից և Խարկովից՝ անմիջապես դեպի Ռուսաստան։

Հակամարտության գոտիները և ՌԴ-ի կողմից առարջակվող մարդասիրական միջանցքները

Ըստ Վերեշչուկի՝ մարդասիրական միջանցքներով բնակիչների տարհանումը պետք է իրականացվի բացառապես դեպի ուկրաինական քաղաքներ։

«Սա մարդասիրական միջանցքների բացման անընդունելի տարբերակ է։ Մեր մարդիկ չեն մեկնի Իվանկոյից, Դյումերից, Վիշգորոդից և Կիևից դեպի Բելառուս, որպեսզի հետո ինքնաթիռներով մեկնեն Ռուսաստան»,- ասել է Վերեշչուկը և հավելել, որ ի պատասխան՝ Ռուսաստանին է ուղարկել լռության ռեժիմի հաստատման և հումանիտար միջանցքների բացման վերաբերյալ իր առաջարկությունները։

Մարտի սկզբին Ուկրաինան երեք դիմում է ուղարկել ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարին և Կարմիր խաչին՝ պահանջելով տրամադրել «կանաչ միջանցք»՝ ռազմական գործողություններից տուժած մարդկանց օգնելու համար:

Մեկնաբանել