Վրաստանում հանուն Ուկրաինայի բողոքող 15 ցուցարար է ձերբակալվել

Tbilisi pro-Ukraine protest

Շոթա Կինչա, OC Media
Վրաստանում հակակառավարական և ուկրաինամետ ամենօրյա ցույցերի 12-րդ օրն ավարտվել է ձերբակալություններով այն բանից հետո, երբ ակտիվիստները զուգարանի թուղթ են նետել կառավարության կենտրոնական գրասենյակի շենքի վրա, որը խստորեն հսկվում էր ոստիկանների կողմից:

Երկուշաբթի երեկոյան ոստիկանությունը ձերբակալել է 15 ցուցարարի, որոնք Թբիլիսիի կենտրոնում՝ կառավարության կենտրոնակայանի մոտ, մասնակցել են «Ո՛չ Ռուսաստանին» բողոքի ցույցին։ Ձերբակալվածների թվում հինգ կին կար, որոնք նույն օրը երեկոյան ազատ են արձակվել։
«Ամոթ» լիբերալ խմբի անդամները, որոնք Վրաստանի կառավարությանը քննադատում են Ուկրաինա շարունակվող ռուսական ներխուժման պայմաններում այդ երկրին աջակցություն չտրամադրելու համար, պնդում են, որ ձերբակալությունները սկսվել են իրենց բողոքի ցույցի ավարտից հետո:
Ձերբակալությունները սկսվելուց մի քանի ժամ առաջ ցուցարարները շարժվել են Ռուսթավելիի կենտրոնական պողոտայից՝ խորհրդարանի շենքի մոտ, որտեղ պարզել են Ուկրաինայի մեծ դրոշ։
Ցուցարարները զուգարանի թուղթ և ալյուր են նետել շենքը հսկող ոստիկանների շարքերի վրա՝ պահանջելով վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրաժարականը։
«Ամոթ» խումբը պնդում է, որ իրենց անդամներից մի քանիսը ձերբակալվել է, այդ թվում՝ Գիորգի Մժավանաձեն, Գիգա Մակարաշվիլին, Նոդար Ռուխաձեն և Զուկա Բերձենիշվիլին․ վերջինը ձերբակալությունները ուղիղ հեռարձակում էր Ֆեյսբուքում:
Ակտիվիստների խումբը պնդում է, որ ոստիկանությունը առգրավել է իրենց պաստառները՝ նախքան Վրաստանի սևծովյան ափամերձ Բաթումի քաղաքում զուգահեռ ցույցի մեկնարկը։
Այդ օրը ավելի վաղ ոստիկանությունը ձերբակալել էր ընդդիմադիր «Դրոա» կուսակցության նախագահ Էլենե Խոշտարիային՝ երկու կուսակիցների հետ, երբ նրանք կառավարության շենքի դիմաց կետչուպ և բրինձ էին թափել, որ, նրանց պնդմամբ, ներկրված ռուսական ապրանքներ էին: Երեկոյան բողոքի ցույցին Խոշտարիան միացել է նույն օրը ավելի ուշ ազատ արձակվելուց հետո:
Երկուշաբթի Թբիլիսիում Ռուսաստանի Ուկրաինա ներխուժման դեմ կառավարության անգործությունը դատապարատող փողոցային անընդմեջ ցույցերի տասներկուերորդ օրն էր։
Բացի Ղարիբաշվիլիի հրաժարականի կոչերից՝ ցուցարարները պահանջում են, որ Վրաստանը Ռուսաստանի համար փակի իր օդային տարածքը, միանա այլ երկրների հակառուսական պատժամիջոցներին, արգելի երկրում «ռուսական քարոզչական» ալիքները և Ռուսաստանի քաղաքացիների համար այցագրային ռեժիմ սահմանի։

Մեկնաբանել